Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղցի իրավապաշտպանը կոչ է անում ադրբեջանցի գործընկերներին բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ պատերազմի

Դեկտեմբեր 19,2015 20:25

Իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հայտարարությունը` Ստեփանակերտից.

«Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին վերջին շրջանում ռազմական գործողությունների նկատվող ակտիվացումն ավելի ու ավելի է մեզ պատերազմ հիշեցնում: Ըստ իս, Ադրբեջանն արդեն ավելի քան կես տարի չհայտարարված պատերազմ է սկսել, եւ իր ու Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմանի երկայնքով մեկ ակտիվ փորձերի միջոցով փորձում է գտնել խոցելի կետեր` ռեւանշիստական մոտիվներից դրդված լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար:

Որպես իրավապաշտպան, որպես քաղաքացիական անձ, ով ունի հակամարտության կարգավորման հարցում առավել վաստակ` հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունները խաղաղ երկխոսության մեջ ներքաշելով, չեմ կարող իմ մտահոգությունը չարտահայտել ԼՂՀ-ն իր տարածքային կազմ մտցնելու մանիակալ սինդրոմով տառապող ադրբեջանական ղեկավարության մեղքով ռազմական գործողությունների սրման կապակցությամբ:

Ամեն օր երկու կողմերից զոհվում են անմեղ զինվորներ, մահանում են նաեւ խաղաղ քաղաքացիներ: Լռելու իրավունք ես այլեւս չունեմ: Այն, ինչ այժմ տեղի է ունենում`պատերազմ է: Եւ որպես երկրիս քաղաքացի եւ հայրենասեր, պարտավոր եմ անել ամեն հնարավորը, որպեսզի իմ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը փորձության չենթարկվի: 23 տարի առաջ ես այլ տեսակետ ունեի, քան ունեմ հիմա:

Եթե 23 տարի առաջ ես իմ իշխանություններից պահանջում էի անել հնարավորը` պատերազմը դադարեցնելու համար, ապա այժմ ես կոչ եմ անում ղարաբաղյան իշխանություններին օգտագործել ռազմական ողջ ներուժը`Ադրբեջանի ռազմական եւ տնտեսական պոտենցիալը «արմատից կտրելու» համար, եւ առաջի հերթին, ոչնչացնել Ադրբեջանի ողջ կոմունիկացիոն ենթակառուցվածքները`ներառյալ խողովակաշարերը, որոնցով թուրքական եւ եվրոպական սպառողներն ապահովվում են ածխաջրածնային հումքով:

Դա անհրաժեշտ է անել` ոչնչացնելու համար տնտեսական այն պոտենցիալը,  որը սնում է ադրբեջանական ղեկավարության կողմից սկսված պատերազմը: Ղարաբաղը ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին ի պատասխան ցանկանում եմ հիշեցնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ռազմական պոտենցիալի մասին հրաշալի իրազեկված ադրբեջանական իշխանություններին, այլեւ Ադրբեջանի լռակյաց քաղաքացիական հասարակությանը, որը պոչը քաշած լուռ հետեւում է, թե ինչպես են շփման գծում զոհվում տասնյակ եւ հարյուրավոր իրենց հայրենակիցները. Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հնարավոր չէ ոչնչացնել, ցանկացած նման պարանոիդալ փորձ կբերի նրան, որ Ադրբեջանից կմնա միայն մի մեծ անցք` կրակի երեք ծույլ հորանջող լեզուներով, որոնք առժամանակ առաջ խորհրդանշում էին Ադրբեջանը:

Քանի դեռ ուշ չէ, ես կոչ եմ անում ադրբեջանցի իմ գործընկերներին, Ադրբեջանի ողջ ժողովրդին իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ պատերազմի: Ապագան մեզ չի ներելու այսօրվա լռությունը»:

Դոկտոր Կարեն Օհանջանյան

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031