Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները երեք ամիս է՝ դռնեդուռ ընկած ու փողոցներում կանգնելով, Գյումրու պատկերով բացիկներ էին վաճառում, որպեսզի գյումրեցի անօթևան, բազմազավակ մի ընտանիքի փրկեին տնակների ճիրաններից: Բացիկները նրանք վաճառում էին խորհրդանշական գումարով՝ մեկ հատը 400 դրամով: Այսօր երիտասարդներն անակնկալ մատուցեցին Խրիմյան Հայրիկ փողոցի կիսախարխուլ, մութ հանրակացարանի մեկ սենյակում բնակվող Մարտիրոսյանների ընտանիքին՝ նրանց առանձնատուն նվիրելով: Երիտասարդները Տեր Նշանի հետ հյուրընկալվեցին Մարտիրոսյանների հանրակացարանային սենյակ՝ նրանց չորս երեխաներին իբրև թե ամանորյա նվերներ տալու պատրվակով:
Տեր Նշանը տանտիրուհուց հետաքրքրվեց, թե ի՞ նչ երազանք ունի, որին ի պատասխան 31-ամյա Սիրան Սահակյանն ասաց՝ «Մի տուն ունենայինք, էս մի սենյակից դուրս գայինք»: Տեր Նշանը հումորով պատասխանեց. «էդ մի երազանքը շատ բարդ է», սակայն րոպեներ անց հայտարարեց, որ դուք այսօրվանից տուն ունեք: Առավել հուզիչ տեսարանի երևի թե հնարավոր չէ ականատես լինել. տանտիրուհին լսելուն պես սկսեց բարձրաձայն արտասվել՝ չհավատալով ականջներին: Տանտերը՝ 42-ամյա Աշոտ Մարտիրոսյանը բացականչում էր՝ «Շոկի մեջ եմ, չեմ հավատում, Աստված իմ աղոթքները լսեց»:
Կարդացեք նաև
Նրանք պատմեցին, որ 12 տարի ապրում են թափառական կյանքով՝ տարբեր կառույցներում, վերջին 3 տարին ապրում են հանրակացարանի մի սենյակում, ուր չկա ոչ մի կոմունալ հարմարություն. ջուրն անգամ բավական մեծ հեռավորությունից են կրում: Ու չնայած այս պայմաններին՝ փոքր սենյակում մեծ թվով թութակների ու երկու շների են պահում: Նրանք չորս երեխաներ ունեն՝ երկու աղջիկ ու երկու տղա, սպասում են 5-րդին: Տան միակ աշխատողը հայրն է, որը հովիվ է. 6-7 ամիս սարերում է լինում: Նա ասաց, որ իր երեխաները երբեք սոված չեն եղել, ծայրը ծայրին հասցրել է, փորձել է հնարավորինս լավ պահել նրանց, ուղղակի իրենք անօթևանության հերթացուցակում գրանցված չէին ու երբեք հույս չեն ունեցել տուն ունենալու: «Գոհ եմ Աստծուցս, միակ բանը, որ պակասում էր ինձ, տունն էր, մեր կյանքը շատ դժվար է եղել»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը:
Գյումրեցի երիտասարդները նրանց տեղափոխեցին 3 սենյականոց նոր առանձնատուն, որը գնել էին քաղաքի Արցախ թաղամասում՝ 10 հազար դոլարով: Երիտասարդները սեղաններ էին գցել, զարդարել էին տունը ու սպասում էին Մարտիրոսյանների ընտանիքին:
Այստեղ նրանց դիմավորեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը Մարտիրոսյանների մեծ տղայի՝ 11-ամյա Իսահակի հետ կտրեց կարմիր ժապավենը ու իր երախտագիտությունը հայտնեց «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրն իրականացրած երիտասարդներին: Բառերով հնարավոր չէ նկարագրել Սրբազանի կեցվածքը. նա այնքան հպարտ էր, որ շրջապատված է նմանատիպ հայրենասեր երիտասարդներով:
Երիտասարդները սկսեցին քեֆ-ուրախություն. հայրենասիրական երգեր էին հնչեցնում ու պարում, երգերով հայտնում էին, որ չեն լքելու իրենց երկիրը, թուրք ասկյարների հախից են գալու:
Այնուհետ Տեր Նշանը տնօրհնեքի արարողություն կատարեց: Տանտերերը իրոք շոկի մեջ էին, չէին հավատում իրենց տեսածին: Նշենք, որ առանձնատունը ունի երեք սենյակ, ջեռուցման համակարգ, կոմունալ նորմալ պայմաններ:
«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը նշեց, որ վաճառել են 10 հազար բացիկներ այս առանձնատունը գնելու համար. հիմա էլ մտածում են այլ ակցիաներ անցկացնել ու տունը կահավորել:
Հիշեցնենք, որ այս ծրագրին մասնակցել էին ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը, Շիրակի մարզի բոլոր ոստիկանները, Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի մարզպետարանը. Արարատյան թեմը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բազմաթիվ բուհերի, դպրոցների աշխատակիցներ, շարքային գյումրեցիներ: Ծրագիրն իրագործվում է երրորդ անգամ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մեծագույն սիրով միացա այս, իրոք կարևոր ու Աստվածահաճո ձեռնարկին: Թող բնակարանամուտը բարի լինի, ձեռնակն էլ՝ երկարատև: Կեցցե՛ն գյումրեցի երիտասարդները
Պարզապես ցանկացա անսահման երախտագիտությունս և շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց, որոնց ջանք ու եռանդի և նվիրումի շնորհիվ մեր անուշ ազգից ևս մեկ ընտանիք տուն ունեցավ: Իսկապես միայն միմյանց սիրելով ու թիկունք լինելով, իրար ձեռք մեկնելով կարող ենք ոտքի կանգնել ու առաջ գնալ: Փա՛ռք Ձեր բարի սրտերին: