Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում այսօր անցկացված Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությանը մասնակցեցին Երեւանի բոլոր ակումբների, Գյումրիի եւ Վանաձորի շուրջ 100 մարզիկներ, որոնք մրցեցին ազատ, բրաս, բատերֆլայ եւ թիկնալող ոճերի 50 եւ 100 մետր մրցատարածություններում: Հաղթողները որոշվում էին երկու մրցաձեւերում վաստակած միավորների հանրագումարով: Տղաների գավաթը նվաճեց Վլադիմիր Մամիկոնյանը, աղջիկների մեջ՝ Մոնիկա Վասիլյանը:
Լողի Հայաստանի դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա մրցաշրջան 2015-ի վերջին ստուգատեսն էր, որից հետո լողորդները որոշ ժամանակ կհանգստանան: Այս եւ 2015 թվականի կարեւորագույն մրցումների արդյունքով մարզիչները կընտրեն բոլոր տարիքային խմբերի հավաքականների թեկնածուներին ու կսկսեն եկող մրցաշրջանի նախապատրաստությունը, որը նույնպես հագեցված է լինելու ու ավելի մեծ կենտրոնացում պատասխանատվություն է պահանջելու: «Թեեւ այսօրվա մեկնարկներում հանրապետության ռեկորդներ չգրանցվեցին, սակայն ընդհանուր արդյունքները, հատկապես՝ մեր ուժեղագույն լողորդների, բավարարից բարձր կարելի է գնահատել», – ասաց դաշնության նախագահը եւ ավելացրեց, որ եկող տարի մեր լողորդները հանդես են գալու Հայաստանի առաջնությունում, Եվրոպայի առաջնությունում ու օլիմպիական վարկանիշային մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ armnoc.am-ի