«Այն, ինչ հիմա կատարվում է՝ արդարադատության մերժում է: Սա, իրականում, կարելի է վերածել ընտրակեղծարարության դեմ Նյուրբերգյան մի գործընթացի, որը կբացահայտեր, թե ինչ է կատարվում Հայաստանի պետական մեքենայում: Իշխանությունն ամբողջությամբ լծված է ընտրակեղծարարության գործընթացին»,-այսօր լրագրվողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի ունեցած ընտրախախտումներին:
Զուրաբյանն ասաց, որ Սահամանադրական դատարան դիմելու 37 էջանոց դիմումին կից ներառված է վիճակագրական վերլուծություն, որը աներկբայորեն վկայում է, որ կես միլիոնից ավելի ձայն կեղծվել է, հայցի մյուս բաժինը ցույց է տալիս, որ ԿԸՀ-ի արդյունքները հակասում են Հայաստանի ժողովրդագրական պաշտոնական տվյալներին. «Տեղի է ունեցել հրահանգավորված, համատարած մի գործընթաց, որի նպատակն է եղել աղավաղել ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրակեղծարարությունը ահավոր ոճրագործություն է, ազգապղծության պես մի բան»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել ԱԺ 19 պատգամավորների, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, 4 հ/կ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների, ԶԼՄ-ների եւ մի խումբ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումները` հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցը ՍԴ էր ներկայացրել փաստաբան Տիգրան Եգորյանը, սակայն ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հրաժարվել է ընդունել դիմումը՝ հղում կատարելով Սահմանադրության 101-րդ եւ ՍԴ-ի մասին 63-րդ հոդվածին. «Պարոն Եգորյանը սուբյեկտ չէ, դիմումը պաշտոնապես պետք է ուղարկի ԱԺ նախագահը»:
Այսօր Տիգրան Եգորյանը վստահեցրեց, որ Առուշան Հակոբյանն իրավունք չուներ մերժել հայցը, եւ Սահմանադրության նշված հոդվածներին հղում անելը տեղին չէր:
Տիգրան Եգորյանի խոսքերով՝ առաջին քայլը, որ պետք է ՍԴ-ն աներ, դա դիմումն ընդունելն է, ընդ որում ցանկացած դիմում՝ ցանկացած անձից: «Այս կարեւորագույն 101 հոդվածի որեւէ սահմանափակում ինքնին չի կարող որեէ կերպ մեկնաբանվել, պատճառաբանվել սահմանադրականության կատարման անհնարինությունը եւ այս դիմումները չընդունել: Եթե Սահմանադրական դատարանը փորձի 101-րդ հոդվածի հետեւում թաքնվել, սա ցույց կտա Սահմանադրական դատարանի կամավոր անգործունակությունը: Եթե այդպես վարվի, ուրեմն ժողովուրդը պետք է իմանա, որ Սահմանադրական դատարանը հրաժարվում է կատարել Սահմանադրությամբ հռչակված իրավունքները»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Տիգրան Եգորյանի խոսքերով՝ «Կունենա՞ Սահմանադրական դատարանն այնքան խոհեմություն, որ Հայաստանի Հանրապետության համար պատմական նշանակության առումով, որեւէ կերպ դժվար է գերագնահատել, կարեւորագույն հարցը: ՍԴ-ից եւ նրա անդամների խղճից է կախված լինելու այս կարեւոր հարցը, սա պետության հետագա կյանքի համար կարեւոր հարց է: Եթե այս հարցերով ՍԴ- դուռը փակ է ժողովրդական արժեքների համար, Սահմանադրության ապահովման համար, ապա դատարկ եւ գրոշի արժեք չունեն այն խոսակցությունները, թե իրավունքի գերակայություն է: Հիմա Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ունի ապահովելու Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածը՝ ժողովրդի իշխանության՝ հանրաքվեի միջոցով իրացման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելով՝ գործը քննելով»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Տիգրան Եգորյանն ասաց, որ ՍԴ դիմումն ուղարկել են նաեւ փոստով:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ մի քանի տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու պարագայում, ընտրության արդյունքի պատկերի տարբերություն չեն կարող արձանագրել, ըստ էության հանրաքվեն անվավեր չի ճանաչվի: Այս առնչությամբ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք հետեւողական են լինելու եւ տարբեր ուղղություններով աշխատելու են, այդ թվում՝ իրավական:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ