Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի հարակից տարածքում այսօր կազմակերպվեց սպորտային ավտոմեքենաների ցուցադրություն: «STR ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն արագընթաց ավտոմեքենաներով մի քանի հնարքներ կատարեցին: Ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց այս տարվա միջոցառումներն ու ձեռքբերումները. «Կազմակերպել ենք Drag-racing գավաթի առաջնություն, «քարթինգի»՝ 3 փուլից բաղկացած միջոցառում, «դրիֆտինգի» եւ արագընթաց վարման մրցույթներ, իսկ երեխաների համար՝ «Փոքրիկ վարորդ» միջոցառումը»:
Արսեն Մանուկյանը նշեց, որ մեր երկրում ավտոսպորտի զարգացման նախադրյալները նկատելի են, սակայն խնդիրներն են շատ. «Եթե մեր մարզիկներն ունենան համապատասխան անվտանգ երթեւեկելի տարածք, ժողովրդի անդորրը չեն խանգարի, մարզումներն էլ անվտանգ կանցնեն: Փորձում ենք կարգուկանոնը պահպանել, բայց մեր երկրում չկան սպորտային կառույցներ, որպեսզի բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպվեն: Հիմնականում Վրաստանում ենք մասնակցում մրցույթների»: Մանուկյանի խոսքով՝ քանի դեռ անհրաժեշտ մրցուղիներ չկան, ավտոսիրողները կհավաքվեն քաղաքից դուրս վայրերում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ 2016թ-ին եւս ակումբը նախատեսել է կազմակերպել ավտոսպորտի զարգացման ծրագրեր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ