Դեկտեմբերի 16-ին ՝ ամփոփիչ ասուլիսում խոսելով համակարգի թերությունների մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ համակարգը շարունակել է մեղադրվել չգործած մեղքերի մեջ՝պայմանավորված Սահմանադրական բարեփոխումներով: Ինչ վերաբերում է մանկավարժների՝ ընտրական գործընթացներում ներգրավված լինելուն, հավելեց. «ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին լինել այս կամ այն կուսակցության անդամ, մարդիկ ունեն քաղաքացիական ազատություններ, բայց այդ ամենը պետք է արվի ուսումնական հաստատություններից պատերից դուրս; Ի միջիայլոց, ընդամենը մեկ ահազանգ ենք ունեցել՝ ավագ դպրոցներից մեկում եղել էր ապօրինի քարոզչության փորձ, եւ տնօրենին նկատողություն է տրվել»: Նախարարը նշեց, որ ողջունում է երիտասարդների քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը, ասում է, որ բազում ուսանողների, դասախոսների է ճանաչում, որոնք Ոչ քարոզողների ճամբարում են եղել. «Ի դեպ, առաջինը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից է հնչել, որ իրենք Ո՛չ են քվեարկելու»:
145 դպրոցի նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանի պատմությանն էլ անդրադարձ եղավ: Արմեն Աշոտյանն ասաց, որ 145 դպրոցը ԿԳ նախարարության ենթակայության տակ չէ, եւ հետո «ազատված ուսուցիչը ինքն է դիմում գրել, ինչը ինձ համար զարմանալի է, պայքարող տեսակն ինչպես է դիմում գրում-ազատվում: Այստեղ քաղաքականություն փնտրել պետք չէ, մանավանդ լինելով հայտնի ակտիվիստ, ինքը ընդունվել էր աշխատանքի մինչեւ հանրաքվեն»: Նախարարը խնդիրը լուծելու մեկ այլ ճանապարհ էլ ցույց տվեց՝ դատարանը:
Aravot.am-ի այն հարցին, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը դժգոհել էր, թե ընտրական գործընթացներում բացի մանկավարժներից, մշակույթի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների աշխատակիցներ էլ կային, բայց միայն մանկավարժների մասին են խոսում, իր կարծիքով ինչո՞ւ է ավելի շատ մանկավարժների անունները քննարկվում ընտրակեղծարարության համատեքստում, Արմեն Աշոտյանն ասաց, որ սոլիդ չի համարում իր գործընկեր Ռուզաննա Մուրադյանին մեկնաբանելը: Ապա հավելեց. «Դուք գիտեք, որ ընտրատեղամասերը հատկապես մարզերում եւ ոչ միայն մարզերում, հիմնականում տեղակայված են դպրոցներում: Ընդ որում, մարզերում դպրոցները հաճախ միակ հարմար միջավայրերն են, որտեղ կարելի է հոծ թվով մարդկանց մասնակցությամբ քաղաքական ակտ կազմակերպել: Դպրոցական ենթակառուցվածքներից բացի, ավելի համար ենթակառուցվածքներ չկան, հիվանդանոցներում համաձայնեք չի կարելի նման բան անել: Սա օբյեկտիվ իրականությունն է,իսկ ուսուցիչների ներգրավվածությունը ընտրական հանձնաժողովների հետ կապ չունի իրենց ուսուցիչ լինելու հետ: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, այն բարդ իրավական փաստաթուղթ է, ակնհայտ է, որ մասնավորապես Երեւանից դուրս գտնվող հատվածներում տեղական էլիտան ձեւավորված է մանկավարժներից եւ մշակույթի մարդկանցից, որոնք ունակ են հասկանալու ընտրական օրենսգիրքը»:
Հարցրինք՝ ինչո՞ւ օրենքով չի հստակեցվում ուսուցչի կարգավիճակը, որ մանկավարժներն էլ քաղծառայողների նման հեռու մնան ընտրական թոհուբոհից: Արմեն Աշոտյանը փաստեց, որ որոշ երկրներում ուսուցիչը ունի քաղծառայողին հատուկ կարգավիճակ, որոշ երկրներում՝ ոչ, բայց վաղ է խոսել, թե որ մոդելն է կիրառելի: «Դեռ պետք է հասկանանք, թե որն է մեր «հագով», որն է արժանահավատ»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Պատասխանելով «Ա1 պլյուս»-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ ԱԺ-ում կա 6 կուսակցություն, բայց մանկավարժների մեծ մասը ՀՀԿ-ական է, չկա որեւէ կոնգրեսական տնօրեն կամ մանկավարժ, նախարարն ասաց, որ չի պատրաստվում պատասխանել քաղաքական հարցերի, ապա հավելեց. «Մարդիկ հրապարակային բանեցնում են իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, թե դպրոցի պատերից դուրս ինչպիսի գեղագիտական, քաղաքական եւ աշխարհագրական նախասիրություն ունեն, դա իմ խնդիրը չէ: Անձամբ ես, ֆեյսբուքում գիտեմ մի 40-50 մանկավարժի, որոնք «Ժառանգական» են, «Բարգավաճական» կամ «Կոնգրեսական»…Ի դեպ, օրենսդրության խախտման փորձերն ավելի շատ եղել են Ոչ-ի ճամբարում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ