«Հայաստանում որեւէ ժողովրդավարական կազմակերպություն չկա, միակ ժողովրդավարական կազմակերպությունը ԱԻՄ-ն է»,- դեկտեմբերի 19-ին «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Խոսելով «Նոր Հայաստանի» մասին՝ նա ասաց, որ քննարկման ընդունակ չեն. «Ուլտիմատում ներկայացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, քանի որ ինքը երկու տարի առաջ ինչ-որ «Նոր Հայաստան» անունով մանկապարտեզություններով էր զբաղված, հիմա որոշեց իմ ստեղծած՝ ԱԻՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված ժողովրդավարական կառույցը, որը հրապարակավ էր աշխատում. բոլորին ասում էի՝ պիտի թույլ տանք լրագրողները առաջին տառից մինչեւ վերջին տառը ներկա լինեն: Հանկարծ եկավ, թե եթե «Նոր Հայաստան» չկոչեք մենք այլեւս աշխատանքների չենք մասնակցի, ես էլ հանգիստ ասացի՝ ձեր իրավունքն է, բայց Ժիրայր Սեֆիլյանը, որ փրփուրներից կախվելու սովորություն ունի՝ ապրիլի 24-ին պիտի հեղաշրջումն ավարտվեր, հետո եկավ դեկտեմբերի 6-ին, հետո ասաց մինչեւ Նոր տարի, հետո ասաց եւս երեք ամիս: Լավ, ես մարդկայնորեն կարող եմ չնկատել, չնայած իրավունք չունեմ չնկատել, բայց մարդիկ տեսնում են որ դու անընդմեջ փոփոխում ես: Ուրեմն՝ նա, որ փրփուրներից է կախվում կառչեց այդ «Նոր Հայաստան»-ից եւ մերժեց մեր առաջարկած «Ազատ Հայաստանը»»:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ քաղաքական ուժերն ունեցան ոչ ժողովրդավարականության եւս մեկ դրսեւորում, այդ պատճառով էլ միասնությունը չկայացավ: Սակայն, նա ասաց, որ ԱԻՄ-ը ողջունում է թե՛ ՀԱԿ-ի եւ թե՛ «Նոր Հայաստանի» դրած պահանջները, եւ երկուսի հետ էլ պատրաստ է համագործակցել նպատակների շուրջ, բայց նաեւ չի կարող չնկատել նրանց «չեկիստական գործելակերպը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև