Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիեւ հանդիպում՝ սադրանքներով ու դիվերսիոն գործողություններով

Դեկտեմբեր 19,2015 10:30

Պաշտոնական Երեւանը միջնորդներից գործնական քայլեր է ակնկալում

Դեկտեմբերի 19-ին Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախաշեմին, ինչպես բանակցային նախորդ ռաունդներից առաջ, Ադրբեջանը վերջին օրերին անցել է հրադադարը ինտենսիվորեն խախտելու «ավանդույթին»` դիվերսիոն գործողությունների հերթական փորձեր իրականացնելով, որոնք կասեցվել են, սակայն ՊԲ-ն հայտնեց երեք զինծառայողի մահվան մասին:

«Խստորեն դատապարտում ենք Բաքվի կողմից Արցախի հետ շփման գծում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած իրավիճակի աննախադեպ սրումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեկտեմբերի 19-ի հանդիպման նախաշեմին»,- «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպտագույն խախտումները։ «Յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ Ադրբեջանի սադրանքների հետեւանքով հակամարտության գոտում լարվածության աճը օրինաչափություն է դարձել: Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով: Չնայած եռանախագահող երկրների՝ ուժի կիրառումը բացառելու բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը գնում է նոր արկածախնդրությունների։ Նման գործողություններով Բաքուն փորձում է շեղել բանակցային գործընթացը խաղաղության հաստատման եւ հիմնախնդրի կարգավորման նպատակից»,- նշել է Նալբանդյանը:

Նրա համոզմամբ՝ այս իրավիճակում հրամայական են դարձել լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը՝ եռանախագահների կողմից առաջարկվող՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդումը, նրա դաշտային օգնականների թվի ավելացումը. «Ակնկալում ենք, որ համանախագահ երկրները գործնական քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»:

Իսկ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմը դեկտեմբերի 19-ին սպասվող՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, նշել էր. «Իմ գնահատականով՝ միակ ակնկալիքն այն է, որ կարողանան, վերջապես, Ադրբեջանին իրական դաշտ բերել: Որովհետեւ այն, ինչն ինքն անում է, քայլերը հակասում են ե՛ւ միջազգային իրավունքին, ե՛ւ միջնորդների բոլոր հորդորներին, ե՛ւ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ, քիչ է մնացել, տեսնենք՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն»:

Համանախագահների կողմից առաջարկվող՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաեւ Ադրբեջանին իրական դաշտ բերելու նպատակները հայկական կողմի համար այն կարեւոր նպատակներն են, որոնց իրագործման հարցում լուրջ դիվանագիտական աշխատանք է հարկավոր իրականացնել:

Իսկ դրա ճանապարհին ձեւավորված մթնոլորտն այսօր Ադրբեջանի շուրջ իսկապես հայկական կողմի համար բավական նպաստավոր է: Օրերս հերթական ուշագրավ նախաձեռնության մասին տեղեկություններ հնչեցին Միացյալ Նահանգներից: ԱՄՆ-ը համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել՝ հայտարարեց ԱՄՆ կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում: Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ: «Հույս ունեմ, որ այս օրինագիծը կհրավիրի նրանց ուշադրությունը, եւ մենք շատ լուրջ ենք տրամադրված Կոնգրեսում այն ընդունելու հարցում»,- նշել է Սմիթը:

Լսումներում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամերիկյան բաժնի տնօրեն Դելփին Հագլանդը հիշեցրել է, որ Ադրբեջանում իրենց աշխատանքի պատճառով ազատությունից զրկվել են 12 լրագրող ու բլոգեր: «Նախագահ Իլհամ Ալիեւն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը»,- հավելել է Հագլանդը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ղեկավարության առջեւ դրվող պահանջները՝ մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ, կարող են դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման համար. «Մենք գիտենք, որ նախագահ Ալիեւը չափազանց լուրջ է վերաբերվում իր իմիջին, հատկապես ԱՄՆ-ում, եւ ես իսկապես հավատացած եմ, որ եթե ԱՄՆ-ը լուրջ գործողություններ ձեռնարկի, Ալիեւի վրա դա կազդի»:

«2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերնագրով օրինագիծը նախօրեին ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Ադրբեջանական կառավարության անդամներին ամերիկյան վիզաներ չտրամադրելու վերաբերյալ նշյալ օրինագծին անդրադառնալով՝ ռուսաստանյան «Независимая Газета» պարբերականը գրել է, որ եթե այդ փաստաթուղթն ընդունվի, ԱՄՆ-ը հնարավոր է նաեւ տնտեսական պատժամիջոցներ սահմանի ընդդեմ Ադրբեջանի. «Ինչպես եւ կարելի էր ակնկալել՝ Եվրոպան տեղի ունեցող իրադարձություններից անմասն չի մնա: Ամեն դեպքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի վերջին որոշումը՝ Ադրբեջանում Մարդու իրավունքների հարցերով կոնվենցիային հետեւելու հարցում պաշտոնական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, պարզ զուգադիպություն համարվել չի կարող»։

Նկատենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը սկսում է Ադրբեջանում Մարդու իրավունքների ու ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթների պահպանման վերաբերյալ պաշտոնական հետաքննություն։ Նա ընդգծել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներն ի հայտ են բերել Ադրբեջանում օրենքների կամայական կիրառում եւ, մասնավորապես, նրա համար, որ քննադատող ձայներին հարկադրեն լռել եւ սահմանափակեն խոսքի ազատությունը. «Այդպիսի մտահոգիչ իրավիճակում, հաշվի առնելով, որ դրական քայլեր չեն արվել իրավիճակը շտկելու համար, ես ներկայացուցիչներ կուղարկեմ Ադրբեջան, որպեսզի նրանք իշխանություններից պարզաբանում պահանջեն երկրում Մարդու իրավունքների կոնվենցիայի իրագործման կապակցությամբ»։

Քրիս Սմիթի նախագահությամբ գործող ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կողմից Կոնգրեսին ներկայացված օրինագիծը «կրում» է հակաադրբեջանական բնույթ եւ անընդունելի է՝ հայտարարեց պաշտոնական Բաքուն Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիեւի մակարդակով: «Փաստաթղթի նախաձեռնող կոնգրեսական Քրիս Սմիթն աչքի է ընկել հայամետ դիրքորոշմամբ եւ գտնվում է ԱՄՆ-ի հայկական լոբբիի ազդեցության ներքո։ Անկասկած է, որ այդ օրինագիծը ուղղված է Ադրբեջանի դեմ եւ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների շեմին պատրաստվել է ԱՄՆ-ի հայկական լոբբիի կողմից։ Նման քայլերը կարող են Ադրբեջանի հասարակության շրջանում բացասաբար ազդել ԱՄՆ-ի իմիջի վրա»,- ասել է նա։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հմմմմ….

    շատ մարդիկ, խելոք եւ հեղինակաւոր անձիք, ամէն կողմ,
    քաղաքականութիւն թող խաղան

    մինչ մեր երեխաները ռազմաճակատի վրայ մեռնում են

    եւ մենք ել, մնացեալներս, պատրաստվում ենք Կաղանդ եւ Ծնունդ տօնելու

    երեւի, այդ նահատակված զինվորների ծնողներն ու հարազատները չեն միանալու մեր տարեվերջի յառաջիկայ խնճոյքներին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031