Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրությամբ սահմանափակվեց ՀՀ քաղաքացիների` ՍԴ դիմելու իրավունքը

Դեկտեմբեր 19,2015 16:00

ԵԽ միջազգային փորձագետի գնահատականները

Նոր Սահմանադրության ընդունումից հետո ՀՀ քաղաքացիներն այլեւս իրավունք չեն ունենա Սահմանադրական դատարանում պաշտպանելու հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքները։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հավանությամբ դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված նոր Սահմանադրության 169-րդ հոդվածը սահմանում է. «Քաղաքացին Սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում»։ Ըստ նոր Սահմանադրության` քաղաքացիներն այսուհետ կզրկվեն նաեւ մշակութային սահմանադրական նորմի պաշտպանությունից. օրինակ` Փակ շուկայի, Աֆրիկյանների տան պաշտպանությանն ուղղված պայքար:

«Առավոտի» հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ նոր Սահմանադրության` ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները ՍԴ-ում չեն կարողանա վիճարկել նաեւ իրենց սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների, առողջության պահպանության եւ նվազագույն աշխատավարձի սահմանադրական նորմի խախտման դեպքերը։ Այնուհետեւ հավելեց. «Նոր Սահմանադրության մեջ այդ իրավունքները, որոնք գործող Սահմանադրության մեջ տեղ են գտել երկրորդ գլխում, առանձնացվել են: Եվ սահմանափակումները վերաբերում են առաջին եւ երրորդ գլուխներին վերաբերող իրավունքներին, որոնց դեպքում քաղաքացին սահմանափակումներ կունենա դիմելու Սահմանադրական դատարան»: Այս առումով պարոն Սաքունցը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում նոր Սահմանադրությունը մեկ քայլ հետ է:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը համամիտ չէ, թե մարդու իրավունքների պաշտպանության հարցում՝ ի դեմս նոր Սահմանադրության, ունենք հետընթաց: Մեզ հետ զրույցում նա փաստեց. «Այո, նոր Սահմանադրությունը բացառել է նշված հիմքերով ՍԴ-ում քաղաքացիների իրավունքները վիճարկելու հնարավորությունը: Դա առավել կոնկրետացվել է արդեն 2-րդ գլխում: Սակայն միեւնույն է՝ դա համապատասխանում է միջազգային պրակտիկային: Եթե նկատել եք, սոցիալական իրավունքները, որպես այդպիսին, Եվրոպական կոնվենցիայով էլ չեն պաշտպանվում»: Տիկին Գյուլումյանը հիմնավորեց, թե Եվրոպական դատարանը դրանց անդրադարձել է` միայն ելնելով այլ իրավունքների հետ փոխկապակցությունից: Ըստ Ալվինա Գյուլումյանի` առավել կարեւոր է սեփականության իրավունքը, որը զետեղված է նոր Սահմանադրության երկրորդ գլխում:

Միեւնույն ժամանակ ՍԴ անդամը կարծիք հայտնեց, որ այս պահին ամեն բան միանշանակ չէ, քանի որ դեռ պետք է սպասենք, տեսնենք, թե ինչպես են այս հարցերը կարգավորվում օրենսդրությամբ: Նա նաեւ կարեւորեց այս հարցում Սահմանադրական դատարանի դիրքորոշումը. «Այդ փաստաթուղթը դեռ լրջագույնս ուսումնասիրության կարիք ունի, եւ Սահմանադրական դատարանն իր դիրքորոշումը պետք է հայտնի այդ մասին: ՍԴ-ի դիրքորոշումն այն է, որ այն մեռած փաստաթուղթ չէ»:

«Առավոտը» փորձեց պարզել, թե այս հարցում ինչպիսի՞ մեկնաբանություն է տալիս միջազգային պրակտիկան: Զրուցեցինք Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ալեքսանդրա Իվանկովիչ-Տամամովիչի հետ: Հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների եւ նոր Սահմանադրության ընդունման մասին: Նա նշեց, թե որոշ մտահոգություններ է լսել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի եւ նոր Սահմանադրության տեքստի վերաբերյալ՝ կապված դրա` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների համապատասխանության հետ: ԵԽ միջազգային փորձագետն այս առիթով ասաց. «Սակայն դեռ վաղ է եզրահանգումներ կատարել. մի քանի տարի կպահանջվի, որպեսզի պարզ լինի, թե որքանով է այդ նոր փաստաթուղթը համապատասխանում միջազգային չափանիշներին եւ մարդու իրավունքների պաշտպանության ինչ երաշխիքներ է ապահովում»: Հետաքրքրվեցինք` ո՞րն է ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ այն հիմնական մտահոգությունը, որը իրեն` որպես միջազգային փորձագետի, եւս հուզում է: Ալեքսանդրա Իվանկովիչ-Տամամովիչը պատասխանեց. «Ինձ հուզում է դատական իշխանության անկախության հարցը: Դա մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է: Այն բարեփոխումները, որոնք իրականացվում են ձեր երկրում, պետք է միտված լինեն հենց այդ անկախության ապահովմանը»: Հետաքրքրվեցինք` մարդու իրավունքների պաշտպանության հարցում հետընթաց չէ՞ այն, որ քաղաքացիները նոր Սահմանադրությամբ այլեւս իրավունք չեն ունենա ՍԴ-ում պաշտպանելու հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքները, միջազգային փորձագետը նշեց. «Չեմ կարծում, որ հետընթաց է, քանի որ Սահմանադրական դատարանը չէ միայն, որ այդ հարցերը պետք է քննարկի: Մարդու իրավունքների պաշտպանության հարցում կան բազում զարգացած երկրների օրինակներ, որոնք անգամ Սահմանադրական դատարան չունեն, օրինակ` Նիդերլանդները: Սահմանադրական դատարանը լավ մեխանիզմ է, բայց պարտադիր չէ, որ այդ հարցերով հենց այս մարմինը զբաղվի, բացի այդ, ՍԴ-ն իր ավանդական ընկալմամբ էլ դատական ատյան չէ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031