Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հանդիպումը Ադրբեջանը կօգտագործի, որ իր նախապայմանային քաղաքականությունն առաջ տանի»

Դեկտեմբեր 19,2015 15:30

Քաղաքագետը կարծում է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից շատ բան չի փոխվի

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Բեռնում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Վերջին շրջանի լարվածությունների ֆոնին այս հանդիպումը «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարեւոր եւ անհրաժեշտ է համարում, բայց չի կարծում, որ էական փոփոխություններ կբերի Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում։ «Առավոտի» հետ զրույցում նա ասում է, որ վերջին երկու-երեք տարիներին չնայած Սարգսյան-Ալիեւ մի քանի հանդիպումներ եղել են, սակայն կոնֆլիկտի շուրջ բանակցություններ չեն եղել։

«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը Ադրբեջանը կօգտագործի, որ իր նախապայմանային քաղաքականությունն առաջ տանի, ինչ-որ պահանջներ ներկայացնի, բայց, այնուամենայնիվ, լավ է հանդիպել, փորձել վերսկսել բանակցությունները, այլ ոչ թե կռվել։ Այն, որ այս ընթացքում Ադրբեջանը լարվածությունը չի թուլացնում, ինձ թույլ է տալիս կարծելու, որ նա չի գնում բանակցությունները վերսկսելու կամ կոնստրուկտիվ է։ Իրենք սահմանում ճնշումն օգտագործում են, բանակցությունների ժամանակ էլ վերջնագրեր կներկայացնեն»,- ասում է պարոն Գրիգորյանը՝ նշելով, որ եթե հարեւան պետությունը ցանկանար կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծել, այլ կերպ իրեն կպահեր։ «Շատ կարեւոր է, որ երկու պետությունների հասարակական շրջանակներում հանդիպումներ լինեն։ Բայց տեսնում ենք, որ նրանց հասարակական գործիչների մեծ մասը կամ ձերբակալվում են, կամ գնացել են երկրից։ Պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք»,- ասում է մեր զրուցակիցը։

«Առավոտը» նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրների իշխանությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն կա, մասնավորապես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի․ վերջինիս պետդեպարտամենտը պաշտոնապես ողջունել է ութսունից ավելի կոնգրեսականների նախաձեռնությունը՝ ուղղված ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական կողմի բռնության աճի կասեցմանը։
«Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններն էլ են փաստում, որ Ադրբեջանի ակտիվ քաղաքականությունը ռուս-թուրքական հարաբերությունների սրման հարցում ոչինչ չարժե։ ԱՄՆ-ը եւս արդեն պատկերացնում է՝ ով ինչ է։ Այնուամենայնիվ, իրենք փորձում են կազմակերպել հանդիպումներ, կողմերին մի սեղանի շուրջ նստեցնել, բայց այդ փորձերն էլ ցույց են տալիս, որ ադրբեջանցիները չեն հասկանում։ Միջնորդներն էլ արդեն տեսնում են, որ Ադրբեջանը դեստրուկտիվ է։ Մյուս կողմից էլ՝ նրանք չեն մեղադրում, քանի որ այս բանակցություններում ընդամենը միջնորդ են, մեդիատոր»,- ասում է պարոն Գրիգորյանը եւ նշում, որ չնայած Մինսկի խումբը համանախագահող երկրներն արդեն ցույց են տալիս իրենց վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, բայց դա զսպող դեր չի խաղա։ «Այստեղ կա Թուրքիան. Ադրբեջանը փորձում է սիրախաղ անել Ռուսաստանի հետ»,- ասում է քաղաքագետը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կոնֆլիկտը լուծելուն միջնորդող երկրներն արդեն հասկանում են, որ Ադրբեջանի քաղաքականությունը վերջին տարիներին փոխվել է. «Արդեն դարձավ նախապայմանային։ Իրենք դնում են նախապայմաններ. նախ պետք է ազատել ու վերադարձնել հողերը, եւ սա բանակցություն չէ, նրանք ասում են՝ նախ ազատեք այդ հողերը, հետո կխոսենք. անցել են նախապայմանային քաղաքականության եւ դրան գումարած՝ նաեւ սահմանում սադրանքներ են կազմակերպում» ։

Պարոն Գրիգորյանը կարծում է, որ մեր կողմից նոր նախապայմաններ հանդիպումների ժամանակ ներկայացնել պետք չէ, ասում է՝ ավելի լավ է թողնենք, չխառնվենք, Ադրբեջանը թող իր սխալները ցույց տա, աշխարհն էլ տեսնի։

«Կա սահման, հրադադարի ռեժիմը խախտելը մի բան է, բայց սահմանին տանկերով, ծանր զենքով կրակելը՝ այլ, զինվորների ուղղությամբ դիպուկահարներով կրակելը այլ բան է, բայց խաղաղ բնակչության, կանանց, երեխաների ուղղությամբ կրակելը, նրանց սպանելը՝ այլ։ Պրովոկացիաների մի սահման կա, որից հետո ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն»,- ասում է պարոն Գրիգորյանը:
Այս ամենով հանդերձ՝ քաղաքագետը չի կարծում, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների դիմի։

Ըստ նրա՝ կոնֆլիկտի՝ հօգուտ մեզ հանգուցալուծման ճանապարհը մեկն է՝ պետք է զարգացած երկիր ունենանք, որտեղ ազատություններ կան, տնտեսությունն է զարգացած։ «Այո, միջազգային հանրության հետ պետք է աշխատես, բայց պետք է ստեղծես ուժեղ երկիր, որ հաջողության հասնես»։

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031