Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 2-ի գործով» «ամբաստանյալները» փաստաբաններն էին

Դեկտեմբեր 19,2015 14:30

Բանդայի կազմում տարադրամի փոխանակման կետերում ավազակային հարձակումներ կատարելու, տարադրամի փոխանակման կետում աշխատակցին սպանելու, «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար մեղադրվող Ռաֆայել Հարոյանի, Հայկ Կոջոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ եւս 6-ի գործով երեկ դատարան չբերվեցին ամբաստանյալներից վեցը: Նրանց տեղերը զբաղեցրել էին միայն պաշտպանները, եւ տպավորությունն այն էր, թե դատվողները փաստաբաններն էին:

Այս քրեական գործով դատարանը իրավական փակուղու մեջ էր դեկտեմբերի 3-ից, երբ ամբաստանյալները հեռացվեցին նիստերի դահլիճից, դատավոր Արշակ Վարդանյանը 10 ժամով նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց:

Ամբաստանյալների պահանջով նրանց միացան նաեւ պաշտպաններից մի քանիսը, որոնց նկատմամբ վարույթ հարուցելու համար դատավորը դիմեց ՀՀ փաստաբանների պալատին: Դատավորը հայտնեց, որ պալատը որոշում է կայացրել վարույթ ընդունել, սակայն փաստաբան, բանդիտիզմի, ավազակային հարձակումներ կատարելու մեջ մեղադրվող Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այդ որոշումը պահանջեց դատարանից: Դատավորն ասաց, որ դատարանը նման պարտավորություն չունի, բայց եւ վարույթ ընդունելու մասին որոշումը տրամադրեց պաշտպանին՝ նիստից հետո:
Ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հանդես եկավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:

 

Նա միջնորդության հիմքում դրել էր դատավորի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ կանխակալ մոտեցում ունենալու «մեղադրանքը»:

Դատավորը կես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ հրապարակեց այս միջնորդությունը մերժելու մասին բավական ծավալուն որոշումը:
Ըստ դատարանի. «Ամբաստանյալներ Ռ.Հարոյանի, Հ. Կոջոյանի, Կ. Վարդանյանի պաշտպանությունն իրականացնող պաշտպանների փոխադարձաբար լրացնող գործողությունների, վարքագծի, այն պայմանավորող ընդհանուր շարժառիթի եւ դրանց շուրջ կատարած ուղղակի հայտարարությունների գնահատման, համադրման արդյունքներով, դատարանն արձանագրում է, որ պաշտպաններից յուրաքանչյուրի վարքագիծը պայմանավորված է նրանց վստահորդների միասնական դիրքորոշմամբ, հետեւաբար, պաշտպան Ա. Ֆերոյանի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելիս, եւ լուծելիս, ինչպես նաեւ հետայսու նշյալ պաշտպանների եւ նրանց պաշտպանյալների կողմից ինքնաբացարկի եւ բացարկի միջնորդություններ ներկայացվելիս, նրանց միջնորդությունները, փաստարկները համեմատելու պայմաններում դրանք դիտարկվելու են որպես պաշտպանների եւ ամբաստանյալների կողմից հարուցված միասնական միջնորդություն, այդ կերպ ապահովելով դատաքննությունը շարունակելու հնարավորությունը եւ խափանելով վերոհիշյալ միջնորդությունների միջոցով նիստերն արհեստականորեն ձգձգելու եւ գործի քննությունը տապալելու վերոնշյալ պաշտպանների եւ ամբաստանյալների վերջնական նպատակը»:

Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալ Հարոյանը դատական նիստի կարգը անօրինական խախտել է, եւ որ դատավորի կարգադրություններին չի ենթարկվել, ինչը պաշտպանի կողմից «տարածական մեկնաբանման» առիթ է դարձել: Ըստ դատավորի՝ նման մեկնաբանությունն էլ կարող էր հանգեցնել «ծայրահեղությունների»:
Նախորդ դատական նիստին Լիպարիտ Սիմոնյանը հանդես էր եկել ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների մասին հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու, գլխավոր դատախազին դիմելու միջնորդությամբ:

Banda_2-3

Դատարանը մասնակի բավարարեց այս միջնորդությունը:

Դատավորը նիստից հետո կդիմի նամակով ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ պաշտոնատար անձանց, քննիչների կողմից, ըստ ամբաստանյալի հաղորդման, կատարվել են նաեւ հոգեբանական խոշտանգումներ, ինչի հետեւանքով նա կորցրել է ծնողին: Դատարանը դատախազից ակնկալում էր, որ խոշտանգման հարցը չի էլ հերքվել եւ անկախ քննչական մարմինը կսկսի քննությունը:

Այստեղ չի կարող առաջանալ ապացույցների թույլատրելության հարց, այն չի կարող նաեւ ազդել դատարանի վերջնական որոշման վրա:

Գալիք հինգշաբթի կշարունակվի «Մայր գործի» քննությունը: Դատարան կբերվեն արդեն Ռաֆայել Հարոյանը, Հայկ Կոջոյանը, Կարեն Վարդանյանը, Տիգրան Հովհաննիսյանը:
«Մայր գործից» երեկ առանձնացվեց նոր քրեական գործ:

Համակարգչային տեխնիկայի միջոցով «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք պահելու դրվագով մնացած ամբաստանյալներն, ըստ դատարանի, ցուցմունք էին տվել, որ այս որոշումը չի կարող ազդել բազմակողմանի, լրիվ քննության վրա:

Ըստ դատարանի. 26 վկաներից հարցաքննվել են 24-ը, մնացած երկուսն էլ հանդես կգան «Մայր գործով»: Դատարանը նշեց նաեւ, որ մեկ այլ քրեական գործով էլ տեւական ազատազրկման են դատապարտվել այլ դատարանի կողմից Ռաֆայել Հարոյանը, Կարեն Վարդանյանն ու Հայկ Կոջոյանը:

Առանձնացնելով երկրորդ քրեական գործը, ըստ էության, դատարանը մի կարեւոր հարց լուծեց. դեկտեմբերյան ճգնաժամը, երբ դատարանում նիստ չէր գումարվում, քանի որ ամբաստանյալները հեռացվել էին, իսկ պաշտպանական կողմն էլ մարտավարություն էր ընտրել՝ ի նշան համերաշխության, հեռանալ դատական նիստերի դահլիճից:
Անջատված մասով կան երկու կանայք՝ Էդիտա Ամիրխանյանն ու Գոհար Գաբրիելյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031