Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինացի դիրիժորն ու հայազգի «դաշնամուրի պոետը» համակրեցին միմյանց

Դեկտեմբեր 19,2015 13:30

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Երեւանում են չինացի դիրիժոր Ջեյմս Փ. Լիուն (Սինգապուր) եւ գերմանաբնակ մեր հայրենակցուհի, դաշնակահար Լուսինե Խաչատրյանը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգում հրավիրյալ երաժիշտները, որ առաջին անգամ են համագործակցում միմյանց հետ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կմատուցեն Մոցարտի դաշնամուրի թիվ 27 կոնցերտը:

«Առավոտի» հետ զրույցում Ջեյմս Փ. Լիուն, որն առաջին անգամ է Հայաստանում, նշեց, որ Միչիգանի կոնսերվատորիայում դիրիժորության իր պրոֆեսորների թվում նաեւ Լեւոն Գրիգորյանն էր: Համալսարանում ծանոթացել է թավջութակահար, պրոֆեսոր Սուրեն Բագրատունու հետ, իսկ կարիերայի սկզբից (2004թ.) ճանաչված նվագախմբերի եւ մենակատարների հետ հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

«Նվագախումբը, որ հիմնել եմ 2004թ., Չինաստանի՝ ազգաբնակչության մեծությամբ (10 մլն) երրորդ Ուհան քաղաքում, մասնակիցն է աշխարհում անցկացվող տարբեր փառատոների: Ղեկավարում եմ նաեւ օպերային ներկայացումներ, այդ թվում Իտալիայում անցկացվող Tuscia Opera փառատոնի»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե վերջին շրջանում ձեռնարկել է իր ղեկավարած նվագախմբի եւ այլ կոլեկտիվների միջեւ արտիստների փոխանակման ու համատեղ համերգների ծրագիր, ինչը բարձր է գնահատվել Սինգապուրի եւ Չինաստանի կառավարությունների կողմից: Հարցին՝ չի՞ պատրաստվում նման ծրագիր իրականացնել նաեւ հայաստանցի երաժիշտների հետ, Ջեյմս Փ. Լիուն ընդամենը հավաստիացրեց, թե ունի նման մտադրություն:

Lusine_Xachatryan

Լուսինե Խաչատրյանից, որն աշխարհում առաջինը 2012թ. ստեղծեց իր «Դաշնամուրային մոնոթատրոն» ձեւաչափը, ինչի ունկնդիրը եղանք սեպտեմբերին Համազգայինի թատրոնում եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով բեմադրված «Կարոտ» մոնոներկայացմանը, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առաջիկայում մոնոթատրոնը վերաճի ընտանեկանի՝ ներգրավելով եղբորը՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին եւ հորը՝ դիրիժոր Վլադիմիր Խաչատրյանին, դաշնակահարը կտրուկ պատասխանեց՝ ոչ: Հետո էլ ասաց. «Սերգեյի աշխարհը թատրոնը չէ: Բայց այս հարցում նա ինձ ոգեւորում ու մեծ օգնություն ցուցաբերում: Բեմում էկրանին երեւացող լուսապատկերային անիմացիայի հեղինակը եղբայրս է… ժամանակին «Մարիա Ստյուարտը», «Կլարա Վիկը նվագում է Շուման»-ը տարբեր երկրներում գրավեցին ոչ միայն հանդիսատեսին, այլեւ արձագանք գտան երաժշտական ու թատերական քննադատների շրջանում»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե արտասահմանյան մամուլը, որ իրեն անվանում է «դաշնամուրի պոետ», գուցե մի օր էլ իսկապես պոետ դառնա, դաշնակահարն առանց ավելորդ համեստության ասաց. «Չի բացառվում»:

Ի դեպ, չինացի դիրիժորն ու հայ դաշնակահարը մտադիր են շարունակել Հայաստանում սկսած համագործակցությունը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031