Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դահուկային սպորտը միջազգային ճանաչում է ձեռք բերում

Դեկտեմբեր 19,2015 13:00

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում խոսել է դահուկավազքում կատարվող աշխատանքների մասին:

Նրա խոսքերով, ֆեդերացիան 2015 թվականին մի նորամուծություն է արել, որը բավականին դրական արդյունք է տալիս դահուկավազորդներին շուրջտարյա մարզվելու եւ տարվա ընթացքում պատշաճ մարզավիճակում գտնվելու հարցում: Խոսքը անվադահուկային տուրի մասին է: «Մեկնարկներն անցկացրել ենք Գյումրիում, Վանաձորում, Երեւանում: Մրցատարածությունները եւ ոճերը տարբեր են եղել: Օրինակ, Վանաձորում մենք մրցումը հետաքրքիր ձեւաչափով անցկացրինք: Մարզիկները սկզբում մրցեցին 400 մետր դասական ոճով վերելքում, որից հետո, ըստ իրենց ցույց տված արդյունքների, շարունակեցին եւս 500 մետր դեպի սար: Նախաձեռնությունն այնքան հետաքրքիր էր, որ մասնակցելու ցանկություն էին հայտնել նաեւ Աշոցքում հավաքներ անցկացնող ռուս դահուկավազորդները: Դրան հաջորդեց Գյումրին, հետո՝ Երեւանը (սպրինտ մրցաձեւից), որից առաջ Ծաղկաձորում անցկացրել էինք նաեւ անվադահուկների Հայաստանի առաջնությունը», – ասաց Գագիկ Սարգսյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ծրագրերն ու կատարած աշխատանքները մեծ հավանության եւ աջակցության են արժանանում միջազգային ֆեդերացիայում: «Դրա շնորհիվ է, որ միջազգային ֆեդերացիան տեսավ դահուկային սպորտի զարգացման ու տարածման ուղղությամբ գործադրվող մեր ջանքերը եւ մեզ 2016 թվականին Հայաստանում միջազգային վարկանիշային մրցաշարեր կազմակերպելու իրավունք տվեց: Մի նորություն էլ եմ ուզում ասել: Ես միջազգային ֆեդերացիայի անվադահուկային կոմիտեի անդամ եմ եւ մենք այնտեղ հասել ենք այն բանին, որ անվադահուկային մրցաշարերը եւս տալիս են վարկանիշային միավորներ: Ճիշտ է, ձմեռայինի հետ համեմատած կա տարբերություն: Բայց դա մարզիկին շուրջտարի վարկանիշային միավորներ հավաքելու լավ շանս է տալիս, որն առանձնապես կարեւոր է հայաստանցիների համար, որոնք տաք եղանակներին այստեղ մասնակցելով անվադահուկային մրցումների, կարող են վարկանիշային միավորների պաշար կուտակել», – շարունակեց Գ. Սարգսյանը եւ ավելացրեց, որ հիմա էլ աշխատում են ամառային դահուկային տուրերի արդեն հաջողված փորձը նաեւ ձմեռայինի ոլորտ տեղափոխելու ուղղությամբ:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան նաեւ յուրացնում է միջազգային առաջավոր նախաձեռնությունները: Մասնավորապես, պլանավորված է Աշոցքում կազմակերպել մրցումային մի նոր ձեւ՝ դահուկային կրոսը (այն ստեղծել են նորվեգացիները եւ առաջին անգամ որպես դիսցիպլին անցկացվել է Լիլլեհամերում), որն իր մեջ ներառում է թե դահուկավազքի, թե լեռնադահուկի տարրեր: «Մի խոսքով, եւ դահուկավազք, եւ ոլորավայրէջքներ, որը մեզ համար նաեւ ունիվերսալ մարզիկներին հայտնաբերելու լավ հնարավորություն է: Այս նորարարությունը Հայաստան ներմուծելու նպատակով դիմել ենք միջազգային ֆեդերացիա, որն էլ օժանդակել է անհրաժեշտ ամեն գույքով եւ պարագաներով: Այս տուրի մեկնարկները կտանք Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Աշոցքում, առաջին անգամ նաեւ՝ Ջերմուկում, որտեղ մասնակցելու հրավիրելու ենք նաեւ ազգաբնակչությանը»:

Խոսելով մեծ սպորտում տարվող աշխատանքների մասին, Գ. Սարգսյանը նշեց, որ դահուկավազքի հավաքական թիմն ուսումնամարզական հավաքներ է անցկացնում արտասահմանի տարբեր երկրներում եւ դահուկորդները մասնակցելու են տարբեր մրցումների: «Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանը գլխավոր մարզչի հետ միասին Ֆինլանդիայում են: Սերգեյը ամռանը վիրահատվել էր եւ այնտեղ անցել է բուժման ու վերականգնողական կարճ փուլ, որը կշարունակի վերադառնալուց հետո էլ: Մեր դահուկորդներն արդեն առաջին մեկնարկներին են ելել եւ ցույց տվել միջին արդյունքներ: Նրանց առջեւ այս փուլում առանձնապես լուրջ խնդիրներ դրված չեն: Մարզիկներից յուրաքանչյուրը մասնակցելու է իր համար նախատեսված պաշտոնական խոշոր մրցումների եւ մարզվում է համապատասխան ծրագրով:

Հունվարին ունենալու ենք դահուկավազքի մարզիչների վերապատրաստման սեմինար: Հուրախություն մեզ, կարողացել ենք հասնել այն բանին, որ դահուկային սպորտում համաշխարհային առաջատար Նորվեգիայի ֆեդերացիան է Հայաստան գործուղելու իր լավագույն մասնագետներից մեկին: Սրան էլ հասել ենք մարզաձեւում առաջատար տարբեր երկրների հետ գործնական սերտ համագործակցություն հաստատելու շնորհիվ: Ասեմ նաեւ, որ սա հատկապես Նորվեգիայի հետ համագործակցության սկիզբն է: Եկող տարի մեր եւ նրանց ֆեդերացիաների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվելու, որի շրջանակներում լինելու են փոխադարձ այցելություններով համատեղ մարզումներ ու փորձի փոխանակում, իսկ Նորվեգիան Հայաստանին կաջակցի հնարավոր ամեն ինչով, այդ թվում նաեւ՝ գույքով, մարզիկների ու մարզիչների ավելի բարձր մակարդակի վերապատրաստումներով ու կազմակերպական բազմաբնույթ աշխատանքներով: Նշածս սեմինարից հետո Հայաստանում անցկացվելու է զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի առաջնություն՝ 10 երկրների մասնակցությամբ, որն անցկացվում է առաջին անգամ եւ միջազգային ֆեդերացիան վստահել է Հայաստանին», – եզրափակեց գլխավոր քարտուղարը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031