Լրահոս
Օրվա լրահոսը

«AIR»-ը փորձում է գիրքը «լսելու» հնարավորություն ստեղծել

Դեկտեմբեր 19,2015 12:30

17-ամյա Գեւորգ Հայրապետյանը (լուսանկարում) իր հասակակիցների հետ սկսել է մի նախագիծ, որի միջոցով փորձում են ստեղծել աուդիոգրքերի առաջին հայկական մեծ գրադարանը, ինչպես նաեւ՝ «AIR» կոչվող հատուկ սարքը, որը հնարավորություն կտա ամենուր՝ տանը, համալսարանում, փողոցում «լսել» ցանկացած գիրք։

«Այսպիսի նախագիծ սկսելու գաղափարն առաջացել է շատ պատահական. պատմության դասաժամին ականջակալները մոտեցրեցի գրքին ու մտածեցի՝ ինչ հրաշալի կլիներ, եթե լիներ այս գրքի աուդիոտարբերակը։ Հետո գաղափարով կիսվեցի ընկերներիս հետ, եւ արդեն երեք ամիս է՝ սկսել ենք աշխատանքները»,- պատմում է Գեւորգը։
Գեւորգը պատրաստվում է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես ֆակուլտետ եւ արդեն իսկ բիզնես ոլորտում սկսել է իր առաջին քայլերը, ստեղծել է թիմ, ներկայացնում է նախագիծը տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների, թիմի մյուս անդամների հետ ակտիվորեն մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, կոնֆերանսների։

«Մենք՝ որպես «սթարթ-ափ» ընկերություն, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում ենք ներդնողների ուշադրությունը գրավելու համար։ Երեք ամսում արդեն հաջողությունների հասել ենք. «World Vision Armenia» կազմակերպությունը տրամադրել է ֆինանսներ՝ ձայնագրման ստուդիան 2 տարով վարձակալելու համար։ Գործընկեր է արդեն Զեյթունի մշակույթի տունը։ Փորձում ենք հնարավորինս ակտիվ ու պլանավորված գործել՝ հաջողության հասնելու համար»,-նշում է Գեւորգը։

Նախագծի համահիմնադիր՝ 17-ամյա Լեւոն Թադեւոսյանը, ով նաեւ ղեկավարում է ստեղծագործական աշխատանքները, ընդգծում է իրենց աշխատանքի կարեւորությունը. «Սա իմ եւ իմ հասակակիցների համար շատ լավ հնարավորություն է ցույց տալու մեր պոտենցիալը։ Մենք կարող ենք ջանքերի եւ երկարատեւ աշխատանքների արդյունքում ստեղծել մի բան, որն անհրաժեշտ է երիտասարդներին, ինչու չէ՝ նաեւ մեծահասակներին։ Մեզ համար սա հետաքրքիր փորձ է, համարձակ քայլ, բայց մենք էներգիա չենք խնայում ունենալու այն գրադարանն ու սարքը, որի մասին այդքան երազում ենք»։
Թիմը, բացի Գեւորգից եւ Լեւոնից, ներկայացնում են նաեւ այլ երիտասարդներ՝ համահիմնադիր՝ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող Ֆլորա Բաբաջանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես ֆակուլտետի ուսանող Լեւոն Հովհաննիսյանը (կայք, հավելվածներ, սարքի դիզայն), ինչպես նաեւ Արտյոմ Քոսյանը (իրավաբանական հարցեր) եւ Էրիկ Անանյանը (հասարակայնության հետ կապեր)։
«Նախագծի անվանումը ծագել է «Audio Infromation Reader» արտահայտությունից, որը բնութագրում է սարքի ֆունկցիոնալ նշանակությունը։ «AIR» սարքն արդեն նախագծված է։ Այն ժամացույցի տեսք ունի, շատ ճկուն է եւ պարզ բոլորի համար՝ անկախ տարիքից եւ տեխնոլոգիաների հետ վարվելու ունակություններից: Նույնիսկ տեսողական խնդիրները չեն խանգարի վայելել սարքի աշխատանքը»,-ներկայացնում է Գեւորգը՝ պատմելով սարքի մասին։

Նախագիծն իրականացնող թիմն արդեն սկսել է ձայնագրման աշխատանքները, ավելին՝ ստացել են մի քանի աուդիոգրքեր պատրաստելու պատվերներ։ Հաջողության դեպքում աշխատանքներն ավելի կընդլայնվեն, եւ թիմը՝ նույնպես։

«Սա լավ հնարավորություն է ներդնողներին «հուշելու», որ Հայաստանում ինովացիոն զարգացման համար բարենպաստ պայմաններ կան. մենք կփորձենք հնարավորինս արդարացնել բոլոր ներդրումները», -վստահեցնում է Գեւորգը՝ հավելելով, որ այս պահին իրենք ավելի շատ աջակիցների կարիք ունեն՝ ծրագիրն ըստ պատշաճի զարգացնելու համար։

ՇՈՒՇԱՆ ԱՐԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031