Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օգտվել Ալիեւի թուլությունից

Դեկտեմբեր 19,2015 12:00

Վաղ թե ուշ Ալիեւը կանգնելու է ընտրության առջեւ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնում է Շվեյցարիա, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կհանդիպի Իլհամ Ալիեւի հետ:

Տեւական ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում էր կազմակերպել այս հանդիպումը՝ ապահովելու համար ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականությունը: Այս օրերին Ադրբեջանի իշխանությունները լարվածությունը շփման գծում կրկին հասցրել են բարձր մակարդակի:

Օրերս ԼՂ պաշտպանության բանակը կասեցրել է 3 ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն փորձերը: ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Օրեր առաջ ադրբեջանական կողմն առաջին անգամ արկակոծեց տանկերից, ինչի արդյունքում մարտական հենակետում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող զոհվեց:

Հայաստանն այսօր բանակցությունների է գնում մի պետության հետ, որը ահաբեկչական գործողություններ է իրականացնում եւ կես քայլ է մնում իրավիճակը պատերազմական որակելուց:

Դեկտեմբերի 19-ին Բեռնի հանդիպումը, բոլորի համար էլ պարզ է, ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղաշարժի հնարավորություն չէ: Այն ընդամենը փորձ է՝ մեղմացնելու լարվածությունը շփման գծում եւ բանակցությունների շարունակականությունը ապահովելու ջանք է:

Սակայն 2015-ի տարեվերջյան հանդիպումն անցկացվում է աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում լիովին ստեղծված այլ մթնոլորտում: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները խիստ սրված են, ավելին՝ չեն նշմարվում հաշտության հասնելու եզրեր: Ռուսաստանը որեւէ առիթ բաց չի թողնում հակադրվելու Թուրքիային, իսկ շփման գծում վերջին օրերի լարվածության աճը կապվում է հենց Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության հետ:

Օրերս պաշտոնական Մոսկվան հակադարձեց Թուրքիայի իշխանություններին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Անկարայի արտահայտած դիրքորոշմանն ի պատասխան: Հատկանշականն այն է, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում նույնն է արդեն երկու տասնյակ տարիներ, բայց Ռուսաստանն արձագանքեց դրան միայն Թուրքիայի հետ հարաբերություններում առճակատումից հետո:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերը ապակառուցողական են եւ չեն կարող շարունակություն ունենալ»,- նշեց ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտության մեջ մեկ կողմին աջակցելու Թուրքիայի դիրքորոշումը հավանություն չի ստանում ԵԱՀԿ-ի կողմից: «Այդպիսի դիրքորոշումը ԵԱՀԿ-ում հավանություն չի ստանում: Կա հստակ ընկալում, որ երեք համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, պատասխանատվություն են կրում, նույն չափով պատասխանատվություն են կրում նաեւ Մինսկի խմբի անդամները, որոնց մեջ է, իմիջիայլոց, նաեւ Թուրքիան: Սակայն առաջատար դերը ամրագրված է, եւ այն ընդունելի է երեք համանախագահների կողմից»,- նկատել էր Լուկաշեւիչը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան դեկտեմբերի սկզբին Երեւանին կոչ էր արել «վերադարձնել ադրբեջանական հողերը եւ միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին»։ Բաքու կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, նշել էր հետեւյալը. «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին այնքան ժամանակ՝ մինչեւ չազատագրվեն ադրբեջանական հողերը։ Ուզում եմ դիմել Հայաստանին՝ եթե խաղաղ ճանապարհով վերադարձնեք ձեզ չպատկանող տարածքները, ապա կկարողանաք միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին։ Մենք ոչ մեկի նկատմամբ ոխ չենք պահում, բայց Ադրբեջանի ամեն մի թիզ հողը մեզ համար թանկ է, եւ այդ հողերն անպայման պետք է ազատագրվեն»։ Ղավութօղլուն դարձյալ վերահաստատել էր Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին եւ խոսելով «եղբայրական Ադրբեջանի տառապանքներից եւ դժվարություններից», որոնք, ըստ Դավութօղլուի, հետեւանք են սեփական տարածքների կորստի, Թուրքիայի վարչապետը ընդգծել էր, որ աշխարհում բազմաթիվ խնդիրների լուծման հիմնական սկզբունքը տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է։
Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում սուր առճակատումը, Աստված մի արասցե, եթե անդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Հարավային Կովկասում նոր թեժ կետի առկայությունը հարկավոր չէ նախեւառաջ հակամարտության կողմերին: Ալիեւն այսօր, կարելի է ասել, ոչ նախանձելի իրավիճակում է ռուս-թուրքական հարաբերությունների լարման արդյունքում: Ռուսաստանի նախագահի հետ ունենալով ջերմ հարաբերություններ եւ տպավորիչ համագործակցություն՝ միեւնույն ժամանակ Թուրքիայի դաշնակից երկիրը լինելով, Ադրբեջանը ստիպված է լինելու կանգնել ընտրության առջեւ:

Այսօր դեռ չեն նկատվում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հարթելու ուղիները, իսկ սա նշանակում է, որ Ալիեւը մոտ ապագայում կանգնելու է ընտրություն կատարելու հրամայականի առջեւ: Կհաջողվի՞ նրան Ռուսաստանին համոզել չկատարել ընդգծված ընտրություն, այլ ընդամենը մանեւրել ու բավարարվել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին հայտարարություններով՝ ցույց կտա ժամանակը:

Չնայած տարածաշրջանում ստեղծված բավական բարդ մթնոլորտին, այնուամենայնիվ, Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը տեղի է ունենում հայկական կողմի համար նպաստավոր պայմաններում. Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից Ալիեւի իշխանությունը, կարելի է ասել, աննախադեպ ճնշումների տակ է գտնվում: Մյուս կողմից՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները բավական ընկճել են Ալիեւին, այսօրվա Ադրբեջանն անկանխատեսելի, բայց թույլ Ադրբեջանն է, եւ թերեւս սա է նաեւ Ալիեւի կողմից շփման գծում նոր լարվածություն ստեղծելու հիմնական պատճառը:

Պաշտոնական Երեւանի դիրքերն ավելի ամուր են բանակցային գործընթացում այն առումով, որ սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմ ստեղծելու միջնորդների առաջարկը Բաքուն մերժում է, իսկ սա անհերքելի ապացույցն է այն բանի, թե ինչու Բաքվին ձեռնտու չէ նման մեխանիզմների ստեղծումը: Այս համատեքստում պաշտոնական Երեւանը բանակցությունները շարունակելու եւ հնարավոր համաձայնությունների գալու հարցում գտնվում է ավելի շահեկան վիճակում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031