Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ տնօրեն. «Մեղադրողները մարդիկ են, ովքեր ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ»»

Դեկտեմբեր 18,2015 23:30

Այսօր, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշեցին մասնագիտական  տոնը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընթերցեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  շնորհավորական ուղերձը: Այնուհետեւ նա հանդիսավոր նիստի մասնակիցներին իր խոսքով դիմեց.

«Մեծարգո պարոն վարչապետ:

Հարգելի հյուրեր, գործընկերներ, սիրելի վետերաններ:

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգու­թյան ծառայության ողջ անձնակազմին, համակարգի վաստակա­շատ վետերաններին` մասնագիտական տոնի կապակցու­թյամբ:

2015 թվականը, ինչպես բոլոր նախորդ տարիները, հագեցած էր զանազան իրադարձություններով, սակայն ազգային անվտան­գության մարմինների համար այն առանձնահատուկ աշխատան­քային տարի էր հետևյալ պատճառներով`

նախ. գարնանը մեր երկիրը և աշխարհասփյուռ հայությունը նշեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի ունեցան հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Հայաս­տանի տարածքում այդ միջոցառումներին մասնակցեց միլիոնից ավելի մարդ: Ի պատիվ Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և հատկապես օպերատիվ ստորաբաժանում­ների, ինչպես նաև հանրապետության այլ իրավապահ մարմին­ների, պետք է նշեմ, որ որևէ լուրջ միջադեպ, հասարակական անվտանգությանը սպառնացող որևէ իրավախախտում միջոցա­ռումների ամբողջ ժամանակահատվածում տեղի չունեցավ, որի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Միաժամանակ հարկ է նշել, որ ապրիլյան օրերին որոշ քաղաքական ուժեր անա­մոթաբար փորձեցին Երևանում մարդ­կանց աննախադեպ զանգ­վածային հոսքերն օգտագործել իրենց նեղ քաղաքական նպա­տակների համար: Ավելորդ է նշել անգամ, թե ինչ ողբերգական հե­տևանքների դա կարող էր բերել: ՈՒ չնայած այդ ուժերի գոր­ծադրած ջանքերին ու ծախսած ֆինանսներին, նրանց գա­ղա­փար­ները հայ հասարակության մոտ որևէ արձագանք չգտան:

Արտասահմանյան մի շարք երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը խոչընդոտելու փորձեր են կատարվել ադրբեջանական և թուր­քական հատուկ ծառայությունների կողմից` տեղա­կան համայն­քային կառույցների ակտիվ ներգրավմամբ: Նրանց սադրիչ գոր­ծողությունների և հակահայկական ակտիվ քարոզչական նա­խա­ձեռնությունների խափանման գործում էական դեր են խաղացել Ազգային անվտանգության ծառայության հե­տա­խուզության գլխավոր վարչության ձեռք բերած կան­խարգելիչ տեղեկություն­ները, որոնց շնորհիվ այդ մտադրությունները ժամա­նակին բացա­հայտվել և կանխվել են.

եվ երկրորդը. անցնող տարվա ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումները մի քանի անգամ փորձեցին սրել իրա­վիճակը շփման գծում` դիմելով դիվերսիոն-հետախուզա­կան ան­ցումների, որոնք բոլորը տապալվեցին: Սահմա­նամերձ բնակա­վայրերի անվտանգության ապահովման, հետա­խուզական ներ­թափանցումների կանխարգելման և խափանման գործում ևս ազ­գային անվտանգության մարմինները, համագոր­ծակցելով բա­նակի և ոստիկանության համապատասխան ստորաբաժանում­ների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառա­վարման մարմինների հետ, կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը` զերծ պահելով մեր բնակչությանը հակառակորդի վնասակար գործունեությունից:

Միաժամանակ չեն դադարում այլ ուղղություններով Հայաս­տանի Հանրապետության դեմ ադրբեջանական հատուկ ծառա­յությունների թշնամական նկրտումները և սադրիչ գործողություն­ների փորձերը: Դրանց խափանման, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև օրենքով դրված այլ խնդիր­ների` պատշաճ որակով կատարման անհրաժեշտությամբ պայ­մանավորված` ընթացիկ տարում իրենց գործունեությունն են կա­ռուցել Ծառայության հետախուզության, հակահետախուզու­թյան, ռազմական հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի, սահմանա­պահ զորքերի և մյուս մարմիններն ու ստորաբաժանում­ները:

Հետախուզության աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել մերձավորարևելյան տարածաշրջանում, հատ­կա­պես Սի­րիայում ստեղծված պատե­րազմական իրավիճակի պայմաննե­րում հայ համայնքի անվտանգու­թյան ապահովմանը հնարավո­րինս օժան­դակելը:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի զարգացում­ներն այսօր անհնար է շրջանցել: Չնայած նրան, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում, անմիջական, ուղիղ կապ չունի Հայաս­տանի Հանրապետության հետ, բայց սիրիահայության արտագաղ­թը, ինչպես նաև փախստականների չդադարող հոսքերը, մասնա­վորապես դեպի Հայաստան, մեզ խորհելու հիմք են տալիս: Պետք է հասկանալ, որ եթե Սիրիայի և Իրաքի համար պատուհաս դար­ձած, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչություններ իրա­կանացրած <<Իսլամական պետություն>> կոչեցյալ չարի­քը շարու­նակի գլուխ բարձրացնել ու ծավալվել, ապա կհասնի նաև Հյու­սիսային Կովկաս, ինչն անմիջականորեն սպառանալիքի տակ կդնի նաև մեր երկրի շահերը: Եվ մենք պետք է պատ­րաստ լինենք, գործընկեր-պետություն­ների անվտանգության մար­միննե­րի հետ համագործակցությունը զարգացնելով, համա­տեղ ջանքե­րով չեզոքացնել բոլոր հնարավոր սպառնալիքները:

Այս և այլ, ոչ պակաս կարևոր ուղղություններով ազգային անվտանգության մարմիններին և, առաջին հերթին, հետախու­զությանն անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել սեփա­կան գործունեության արդյունավետությունը: Իրականացված աշխատանքի հետ մեկտեղ, հետախուզության գործունեության մեջ ար­ձանագրվել են նաև որոշ բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Արցախյան պատերազմից ի վեր ազգային անվտանգության մարմինների հակահետախուզական ստորաբաժանումների գոր­ծունեության առանցքը կազմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց աջակցող Թուրքիայի համանման կառույցների հետախուզական-քայքայիչ գործունեության դեմ պայքարը: 1993 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել և դատապարտվել: Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն զրո: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտում են` փորձելով կապել նրան Հայաս­տանի ազգային անվտանգության մարմինների հետ: Դա մեզ մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում:

Մեկ այլ հանգամանք ևս: Վերջերս Բաքվում տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավար­ների հանդիպում: Բնականաբար, մենք դեմ չենք դրան, և դա մեզ չէր վերաբերի, եթե չլինեին Ադրբեջանի հատուկ ծառայություն­ների ղեկավարների փորձերը` օգտագործել իրենց գործընկեր հատուկ ծառայություններին Հայաստանի Հանրապետության շահերի դեմ: Այդ երևույթը մեզ համար նոր չէ: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ դա անհեռանկար ու անիմաստ զբաղ­մունք է: Ժամանակն ու պատմությունը ցույց կտան, որ այս պայքարն ընթանում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Որևէ օգնություն, որ կցուցա­բերվի Ադրբեջանին, մինչ օրս չի տվել ու երբեք չի տա այն արդյունքը, որին ձգտում է Ադրբեջանը:

Հա­կա­­ռակորդի դեմ տարվող հա­կա­հե­­տախուզական աշխա­տանքի գերակշիռ ծավալն այսօր կազ­մում են կանխարգելիչ միջոցառումները: Վերջին տարիներին պատրաստվել և զանգվա­ծային լրատ­­­­­վամիջոցներով հեռարձակվել են ազգային անվտան­գության մարմինների գործունեությունը լուսա­բա­նող տասնյակից ավելի փաստավա­վերա­գրա­կան ֆիլմեր, հրապա­րակվել են ադր­­­­­­բեջանական հա­տուկ ծառա­յու­թյուն­ների իրական նկրտումները և գործելաոճը բացահայտող բազմաթիվ հա­յ­­­­տա­րա­րու­թյուններ, որոնք էականորեն նպաստել են նաև մեր հասա­րակության տեղեկացվածության աստիճանի և զգոնության բարձ­րացմանը:

Վեր­­ջին տարիներին տպավորիչ ցուցանիշներ են արձա­նա­գր­­­վել նաև տնտեսության, մասնավորապես բանկային, կապի և տրանսպորտի ոլորտներում անվտանգության ապահովման, ինչ­պես նաև անօ­րինական միգրացիայի, կոռուպցիայի, կազմա­կերպ­ված հան­ցավորության ու մաք­սա­­­նենգության դեմ պայքարի ուղղություններում: Ազգային ան­վտան­գու­թյան ծառայության հա­կա­­հետախուզական ստորաբաժանումներն արձագանքում են թվարկված ոլորտներում տեղի ունեցող ցանկացած հանցավոր դրսևորմանը` ան­կախ նրա­նից, դրա կատարողը շարքային քա­ղա­քացի է, բարձրաստիճան պաշտոնատար անձ, թե օտար­­երկրացի: Մասնա­վորա­պես, կաշառակերության և կո­ռուպ­ցի­ոն բնույթի այլ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում վերջին տարիներին պատաս­խա­նա­տվության են ենթարկվել դատական, պետական կառավարման և տեղական ինք­նա­կառավարման մարմինների շուրջ 90 աշխատողներ: Ընդ որում, քրեական հե­տա­պնդումն իրականացվել է առանց խտրականության, այսինքն` տվյալ մար­միններում պաշ­տո­նեական տարբեր դիրքեր զբաղեցնող անձանց նկատմամբ, և պա­տասխանատվությունից չեն խուսա­փել նաև բարձրաստիճան ծառայողները:

Ոչ պակաս կարևոր ուղղություններից է մնում կազմա­կերպված հանցավորության դեմ պայքարը: Ազգային անվտան­գության ծա­ռայության հակահետախուզական մարմնի կազմում ստեղծ­ված են հատուկ ստորաբաժանում­ներ, որոնք զբաղվում են ծանր հանցա­գործությունների, մասնավորապես պատվերով սպանու­թյունների օպերատիվ բացահայտմամբ: Վերջին նմա­նատիպ դեպքը, կապ­ված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա: Մեր ծառայության բարձր որակավորում ունեցող մասնա­գետները, որոնք այս պահին էլ զբաղվում են նման ծանր հանցագործու­թյունների բացահայտման խնդիրներով, ունեն բոլոր պա­հանջվող որակները, նորագույն գիտելիքներն ու փորձը, որը կա աշխարհի ամենաարդյունավետը համարվող հատուկ ծառայություններում:

Ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջո­ցա­ռում­ների արդյունքում կա­սեցվել է նաև օտարերկրյա քաղաքացիներից բաղ­կացած անդր­ազ­գա­յին մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քար­տերով Հայաս­տա­նի Հանրապետության տարած­քում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Բացահայտվել են միջ­ազ­գային մուտքային հեռախոսազան­գերի ապօրինի ուղղորդումների, ինչպես նաև կա­պի օպերա­տոր­ների նախ­­կին ղեկավարների կողմից խոշոր գումարների յու­րաց­ման նպատակով 2,5 միլիոն դոլարից ավելի անապրանք գոր­ծարք­­ների դեպ­քեր, որոնց արդյունքում պատ­­ճառված 830 միլիոն դրամի չափով վնասը նույնպես վերադարձվել է պե­տա­կան բյուջե:

Հայաստանի Հան­րապետություն տարբեր տեսակի ապ­րանքների մաքսանենգ ներ­կրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը:

Հակահետախուզական ստորաբաժանումների ուշա­դրու­թյան կենտրոնում է գտնվում նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Տվյալ ուղղությամբ աշխա­տանքի ար­դյուն­քում բա­ցա­հայտ­վել են նշված գործունեության կազմակերպման նոր ուղի­ներ և խմ­բեր, բաղ­կա­ցած այդ թվում օտարերկրացիներից, որոնք ենթարկվել են քրե­ական պա­տաս­խա­նա­տվու­թյան:

Ակնառու ցուցանիշներ են ար­ձա­­­նագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: Ձեռնարկ­ված միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծա­­­ռայությանը հաջողվել է բացահայտել Հայաստանի Հանրա­պետության տա­րած­քով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. առաջինը` Լատինական Ամե­­­րիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը` Իրանից Հայաս­տանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտվել և խափանվել է նշված ուղի­ներով Հայաստանի Հանրապետության տարածք 1 տոննա <<Հե­րոին>>, շուրջ 23 կգ <<Կոկաին>>, 13 կգ <<Ափիոն>> և 36 կգ <<Մե­տամֆետամին>> տեսակի թմ­րանյութերի մաք­­սանենգ ներկրման փորձ: Տարբեր երկրների <<սև շուկաներում>> այս ամբողջ ծավալի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմաններում:

Հարգելի գործընկերներ:

Դեռ անցյալ տարի մենք հայտարարեցինք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամեն ինչ անում են գոնե չնչին տեղեկություններ կորզելու համար մեր Զինված ուժերի մասին: Այդ նպատակով նրանք սկսեցին ակտիվորեն կիրառել համա­ցանցի հնարավորությունները, և այդ մեխանիզմը շարունակում է գործել մինչ օրս: Երևում է` հատկացված փողերը չեն ծառայել իրենց նպատակին, այլ գնացել են ոմանց գրպանները, դրա համար էլ մինչև վերջ ուզում են ցույց տալ, թե իբր օրնիբուն աշխատում են այս ուղղությամբ: Բայց պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ այն, ինչ ձեռք են բերել, գրեթե ամբողջությամբ մեր մատուցած տեղեկատվությունն է: Եվ եթե իրենք իրենց սպա­ներին պար­գևատրում են դրա համար, ապա դա իրենց գործն է:

Հակահետախուզության և ռազմական հակահետախուզու­թյան մարմինների հա­­­­­­մատեղ միջոցառումների արդյունքում բա­ցահայտել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշ­խա­­­­­­տակիցների կողմից օգ­տա­գործ­վող մի շարք պրոֆիլներ, որոնցով իրա­կա­­­­­­նացվում էր հետախուզական-քայքայիչ գործունեություն Հայաստանի զինված ուժերի նկատ­­­­մամբ: Համացանցում իրա­կանացվող օպերատիվ-հետախուզական աշ­խա­տան­ք­­­­ների ըն­թացքում բացահայտվել և կալանավորվել են Ադրբեջանի հա­­­տուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի երկու քաղաքացիներ: Զարհուրելին այն է, որ նրանք, չունենալով տվյալներ հայթայթելու հնարավորություն, այդ ստորացուցիչ գործին փորձել են ներքաշել սեփական զավակներին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանու­թյան բանակի ծառայող է, իսկ մյուսը պատրաստվում էր անցնել ծառայության: Զինծառայող որդին, ի հեճուկս ծնողի այդ դավադիր քայլի, ցուցաբերելով իսկական սպային վայել զգո­նություն և հասկանալով, որ դա կարող է հակառակորդի լարած ծուղակ լինել, մերժել է ծնողի խնդրանքը:

Ռազմական հակահետախուզության ստորաբաժանումների կողմից զգալի աշխատանք է տար­վել նաև զո­րա­կո­չե­րի ըն­թացքում կոռուպցիոն դրսևո­րում­ների ի հայտ բերման ուղղու­թյամբ: Մասնավորապես, իրականացվող օպե­րա­տիվ-հետախու­զական միջոցառումների ընթացքում բացահայտվել, կան­­խվել ու խափավել են տարբեր բժշկական կենտրոնների աշխատողների կողմից կաշառքի դիմաց առանձին զի­նա­­կոչիկների հիվան­դության կեղծ եզրակացություններ տրամադրելու և ծառայությու­նից ազատելու դեպքեր: Նման երկու հանցավոր խմբերի գոր­ծունեության բա­ցահայտման ընթացքում պարզվել է, որ հիվան­դության  կեղծ ախ­տո­րո­շում­ներ են տրամադրվել 18 զինակոչիկ­ների: 4 այսպես կոչված բժիշկներ և 2 զինակոչիկներ ձերբակալ­վել են, և նրանց համապատասխան մեղադրանքներ են առա­ջադրվել:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գծով ևս արդ­յունքներն ակնառու են: Այս ուղղությամբ իրականացված աշխա­տանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն էր:

Դա տեղի ունեցավ շնորհիվ Ազգային անվտանգու­թյան ծառայության բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լար­ված աշխատանքի, իսկ հիմնական մշակումը վարել են Սահմա­նադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայ­քարի գլխավոր վարչության աշխատակիցները:

Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացա­հայտման և ոստիկանության հետ համագոր­ծակցությամբ բարձր պրոֆե­սիոնալ մակար­դակով իրականաց­ված հատուկ միջոցառ­ման արդյուն­քում կանխվեցին հիրավի հրե­շավոր վտանգներ: Դժվար է նույ­նիսկ պատկե­րացնել, թե հանցա­խմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետևանքներ կարող էին առա­ջանալ: Քաջ գիտակցելով, որ հան­ցախմբի անդամները մինչև ատամները զինված են` միջո­ցառման մասնակից­ները գործեցին սեփական կյան­քը վտանգե­լով, մի պահ անգամ չվարանելով ու չընկրկելով սպառ­նալիքի առաջ, և բարձր պատ­րաստվածության շնորհիվ խուսա­փելով նույնիսկ չնչին մարմ­նական վնասվածք հասցնելուց և ստանա­լուց:

Եվ հիմա այստեղ, իմ ծառայակից ընկերների ներկայու­թյամբ, ես կրկին անգամ ուզում եմ շնորհա­կալություն հայտնել <<Ալֆա>> հատուկ ստորա­բաժանման հրամա­նատարությանն ու մարտիկներին, ովքեր մասնակցություն են ունե­ցել միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը:

Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահ­մա­նադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայ­քարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչև հիմա ահաբեկչական բնույթի որևէ գործողություն, որին մենք ակա­նատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվում` զարգացած անվտանգության և իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել: Բայց դա ամենեևին չի նշանակում, թե այդպիսի փորձեր չեն ձեռնարկվել: Նշեմ միայն, որ մեր կողմից հավաստի տե­ղեկություններ են ստացվել տարբեր ահաբեկչական կազ­մա­կեր­պություն­նե­րի գոր­ծունեությանը մաս­նակցած օտարերկրյա մի շարք քաղաքացի­ների մա­սին, որոնց մուտքը Հայաստան ժամանակին փակվել է:

Ազգային անվտանգության մարմինները շարունակում են այդ բնա­գավառում ակտիվ համագործակցությունը ինչպես Անկախ պե­տու­թյուն­նե­րի համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազ­մակերպության շրջանակնե­րում, այնպես էլ` այլ միջազգային կա­ռույց­ների և գործընկեր հատուկ ծառայությունների հետ:

Հարգելի գործընկերներ և հյուրեր:

Համատարած կոմպյուտերիզացիայի պայմաններում մեր գործունեության առաջնահերթություններից է դարձել պետական ապարատի տեղեկատվական համակարգերի անխափան գործու­նեության ապահովումը չարտոնված ներթափանցումնե­րից, կամ, ինչպես ընդունված է ասել, հաքերային հարձակում­ներից:

Արդեն սովորական է դարձել, որ արձանագրված հարձա­կումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից: Մենք պատրաստ էինք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռահա­ղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառ­նալիքները կտրուկ աճելու են: Բայց, ի պատիվ Կառավարական կապի և տեղեկատվության վարչության, ինչպես նաև Հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է նշել, որ միջազգային պահանջներին համապատասխան կա­տարվող համալիր միջոցառումների արդյունքում համացանցային տիրույթում ոչ մի վնասակար գործողություն իր նպատակին չհասավ, իսկ ընթացիկ տարում խափանվեց ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հաքերային հարձակում, որից շուրջ 500 հազարը` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամա­նակահատվածում, կանխվեց պետական մարմինների համացան­ցային համակարգ վիրուսային, վնասաբեր ծրագրերի ներդրման մոտ 115 փորձ:

Այս տարի ևս պարզաբանվել են ադրբեջանական տարբեր կառույցների պատվերով այլ երկրների տարածքներից կատար­ված հարձակումները: Սակայն, դրանք նույնպես նպատակին չեն հասել, և անվտանգության մարմինների պաշտպանության տի­րույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղե­կատվության արտահոսքի հնարավորությունը:

Մենք հուսով ենք, որ անվտանգության հարցերով միջազ­գային կառույցներում ակտիվ ներգրավվածությունը այսուհետ ևս նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, անդրսահմա­նային և գլոբալ բնույթ կրող այլ հանցատեսակների դեմ արդյու­նավետ պայքարի մեր հնարավորությունների ընդլայնմանը:

Գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակ­ցության օրակարգային ամենաարդիական հարցերից մեկն է մնում ահաբեկչական և ծայրահեղական տարաբնույթ դրսևորում­ների կանխարգելումն ու խափանումը:

Այդ համատեքստում պետք է գոհունակությամբ նշեմ, որ շարունակաբար կատարելագործվում, ամրապնդվում և բարե­կարգվում է սահմանների պահպանության ընդհանուր համակար­գը: Ինչպես և խոստացել էինք, ավարտին են մոտենում Բագ­րատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցման կետերի արդիականացման աշխատանքները: Այսպիսով` հայ-վրացական պետական սահմանին քաղաքացիների սպասարկումը համապա­տասխանեցվում է միջազգային ամենաբարձր պահանջներին:

Հետևողական բնույթ է կրում նաև Ծառայության նյութա­տեխնիկական բազայի զարգացումը և տեխնիկական հնարավո­րությունների ընդլայնումը: Ազգային անվտանգության մարմին­ների մի շարք ստորաբաժանումների կողմից օգտագործվող ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տալիս որա­կապես բարձրացնել օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան արդյունավետությունը:

Ամենայն վճռականությամբ հավաստիացնում եմ մեր հասա­րակությանն ու պետության ղեկավարությանը, որ Ազգային անվտանգության ծառայությունն ունակ և պատրաստ է դիմա­գրավել արտաքին և ներքին մարտահրավերներին: Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու և խափանելու մեր հաստա­տակամությունն անբեկանելի է ու անսասան: Ազգային անվտան­գության ծառայության ղեկավարությունն ու անձնակազմը ցան­կացած պայմաններում շարունակելու են պետական մտածելա­կերպով առաջնորդվելու, բարձր պատասխանատվությամբ գոր­ծելու և սեփական գիտելիքներն ու հմտությունները մշտապես զարգացնելու աշխատաոճը: Դա հիմնական գրավականն է մեր հետագա հաջողությունների` անկախ նրանից, թե սրության ինչ աստիճանի կհասնի հակառակորդ հատուկ ծառայությունների հետ առճակատումը: Մենք շարունակելու ենք կոնկրետ գործերով ապացուցել անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու հակառակորդի ոտնձգությունները կանխելու և խափանելու մեր վճռականությունը:

Հատուկ պետք է ընդգծել նաև, որ վերոնշյալ աշխա­տանքներն արդյունավետ իրականացնելու համար մենք ստանում ենք մեր քաղաքացիների գործուն աջակցությունը, որի համար շնորհակալ ենք:

Ցավոք, պետք է անդրադառնանք նաև մի մտահոգիչ երևույ­թի: Որոշ ընդդիմադիր գործիչներ, մեղադրողի դիրք ընդունելով, շարունակում են մեզ «ՆԿՎԴ» կամ «ԿԳԲ» անվանել, մոռանալով կամ գուցե ընդհանրապես անտեղյակ լինելով, որ Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, իսկ ժամանակակից դասական ընկալմամբ հետախուզական ու հակահետախուզական կառույցները մեր երկրում ձևավորվել են դեռևս Առաջին Հանրապետության օրոք` 1918 թվականի ամռանը: Եվ ընդամենը մի քանի տարի հետո մենք տոնելու ենք Հայաստանի անվտանգության մարմինների ձևա­վորման 100-ամյակը: Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստա­նին, ապա ավելորդ չէ հիշել, թե Երկրորդ Հանրապետությունն ինչ պայմաններում ձևավորվեց, ինչ դաժան ճանապարհ անցավ, բայց ի վերջո նաև` ինչ ձեռքբերումներ ունեցավ: Իհարկե, երբևէ չպետք է մոռացության մատնել այն բռնաճնշումները, անիրավու­թյունները, որ եղել են: Այդ թեմայով Հայաստանի անվտան­գու­թյան մարմինների պատմության թանգարանում կան նյութեր, որոնցից երևում է նաև, թե հենց պետանվտանգության մարմին­ների քանի աշխատակից է զոհ գնացել կամ տուժել այդ կամայա­կանություններից: Բայց չէ՞ որ դա հիմք չի տալիս մոռացության մատնել մեր անցյալը: Իսկ ինչ է, Առաջին Հանրապետության տարիներին չե՞ն եղել պրոբլեմներ: Կամ ներկայիս Երրորդ Հան­րապետությունում ամեն ինչ իդեալակա՞ն է, չ՞կան հիմնախնդիր­ներ, թերություններ, բացթողումներ:

Զավեշտալին այն է, որ այսպես կոչված մեղադրողները մարդիկ են, ովքեր 20 տարի շարունակ ոչ մի տեղ չեն աշխատում և ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ»: Ոմանք էլ նույնիսկ հանգանակություններ են կազմակերպում արտասահմանում` Հայաստանում իրենց ընդդիմադիր գործունեու­թյան ֆինանսավորումն ապահովելու համար:

Այնպես որ, տիկնայք և պա­րոնայք, մեկընդմիշտ հիշեք. առանց իմաստավորելու անց­յալը` ապագան չի կարելի կերտել: Անցյալը մեզ հետ է, և դա մեզանից չես խլի: Մենք չենք կարող հրաժարվել նրանից: Միայն անխելք մարդը կարող է կարծել, որ հնարավոր է հրաժարվել պատմու­թյունից: Բայց մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարժվել, մեր կարծիքով, ամենաճիշտ ճանա­պարհով` բոլոր քննադատող­ներին հանգիստ, համբերատար բա­ցատրելով այս ամենը:

Այսօր մեր երախտագիտության խոսքը, շնորհավորանքն ու բա­րեմաղթանքներն ենք հղում մեր համակարգի վաս­տակաշատ վետերաններին, որոնց անգնահատելի փորձը, գիտելիքները, ան­սահման նվիրվածությունը ազգային անվտանգու­թյան ապահով­ման գործին մշտական ուղենիշ են լինելու աշխա­տակիցների աճող սերունդների համար: Միևնույն ժամանակ, ուշադրության կենտ­րո­նում են մնում երիտասարդ աշխատակից­ների դաստիա­րակու­թյան, նրանց մոտ պետական մտածելակեր­պի խորացման խնդիրները:

Պետության ղեկավարության մշտական հոգածության առարկա են նաև Ծառայության անձնակազմի սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հարցերը: Աստիճանաբար ծավալ­վում է բնակարաններ գնելու նպատակով արտոնյալ պայմաննե­րով վարկերի տրամադրման ծրագիրը:

Հարգելի գործընկերներ, հյուրեր, սիրելի վետերաններ:

Ամփոփելով խոսքս` կրկին ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ քաջա­ռողջություն, ուժերի և կարողությունների բազմապատկում, ան­կոտ­րում կամք ու հաստատակամություն` մեր Հայրենիքի` Հայաստա­նի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգու­թյան ապահովման նվիրական գործում»:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031