Այսօր Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց մրցաշրջան 2015-ը:
Մարզիչը միանգամայն գոհ է իր սաների բոլոր մրցելույթներից եւ ցույց տված արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները: Մեր առաջատար մարմնամարզիկները ընթացիկ տարում մեդալներ են նվաճել բոլոր խոշորագույն մեկնարկներում, որոնց մասնակցել են: «Նման բան պատմության մեջ դեռ չէր եղել: Տղաները, ինքներդ գիտեք, թե ինչպիսի պայմաններում եւ ինչ մարզագույքով են մարզվում: Գոհ եմ նրանցից, հպարտ եմ, հալալա իրենց», – ասաց գլխավոր մարզիչը: Խոսելով Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասին՝ Հ. Սերոբյանը համոզմունք հայտնեց, որ եթե մեր մարմնամարզիկները մասնակցեին, միանշանակ ոսկե մեդալներ կնվաճեին: «Թող տանեին՝ կտեսնեինք», – ասաց նա:
2016 թվականը նույնպես շատ հագեցած ու պատասխանատու է լինելու: Մեր տղաները մասնակցելու են Հայաստանի առաջնությանը, աշխարհի գավաթի խաղարկությանը, Ռիոյում կայանալիք թեստ իվենթին, Եվրոպայի առաջնությանը, Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությանը: Նախատեսվել են նաեւ մի ամբողջ շարք ուսումնամարզական հավաքներ, սակայն դրանք ամբողջությամբ կատարելը կախված է լինելու համապատասխան ֆինանսների առկայությունից: Մասնագետը տեղեկացրեց, որ իրենք պլանավորում են մինչեւ օլիմպիական խաղերը բարդացնել վարժությունները: Նա վստահ է, որ Հարություն Մերդինյանից բացի տղաների օլիմպիական երկրորդ եւ աղջիկների մեկ ուղեգիր կունենանք: Իսկ որ ամենակարեւորն է, մեր մարմնամարզիկներն այսօր արդեն դասվում են աշխարհում ուժեղագույնների շարքում եւ Ռիո դե Ժանեյրո մեկնելու են ոչ թե ընդամենը մասնակցելու, այլ մեդալներ նվաճելու վճռականությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ