«Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»,- փաստաբան Երվանդ Վարոսյանը facebook-յան իր էջում հենց այս գրառման համար երեկ խիստ նկատողություն ստացավ:
Այս գրառումը հաջորդել էր մի հրապարակման, որտեղ Երվանդ Վարոսյանը բացասաբար էր ներկայացված: Գրառումից հետո պատվիրված հոդվածի հեղինակը դիմել է փաստաբանների պալատին՝ ինքնախոստովանականով, որ ինքն է նախաձեռնել այդ հոդվածն ու խնդրել կարգապահական վարույթ սկսել՝ պնդելով, որ Երվանդ Վարոսյանի գրառումը հենց իրեն է հասցեագրված:
«Փաստաբանի կողմից ընդհանրապես նման արտահայտությունները, նման պահվածքն անընդունելի է ըստ փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2/3-րդ կետն է: Այս կետով սահմանված է, որ փաստաբանը հասարակական միջավայրում, հրապարակախոսական եւ այլ բնագավառներում իր գործունեությամբ պետք է նպաստի փաստաբանի մասնագիտական բովանդակությանն ու հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձեւավորմանը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը՝ նկատի ունենալով Երվանդ Վարոսյանի թողած գրառումը:
Նա վստահեցրեց, որ խորհրդի անդամները Երվանդ Վարոսյանի նկատմամբ վատ տրամադրվածություն չունեին, փորձել են հնարավորինս օբյեկտիվ գտնվել. «Փաստաբանը չի կարող իրեն ոնց ուզի, այնպես դրսեւորի: Facebook-ը հրապարակային տիրույթ է»:
Կարդացեք նաև
Պալատի խորհուրդը ապացուցված չի համարել այն, որ Վարոսյանի գրառումը ուղղված է եղել այն փաստաբանին, որն իրեն է վերագրել այդ գրառումն ու խնդրել կարգապահական վարույթ հարուցել, բայց, ըստ պարոն Մեժլումյանի. «Այն, որ դա Երվանդ Վարոսյանի կողմից է գրված եւ ինչ-որ տեղ այդ նյութի հետ կապված, մենք դա հաստատեցինք»:
Երվանդ Վարոսյանը համաձայն չէ խորհրդի անդամների որոշման հետ ու այն պատրաստվում է բողոքարկել. «Հենց սկզբից էլ ակնհայտ էր խորհրդի որոշումը, գործում առկա փաստական հանգամանքները բացարձակապես իրենց չէին հետաքրքրում: Եվ նախօրոք պատրաստված որոշմամբ էին իրենք սկսել նիստը: Կայացրած որոշումը ոչ միայն ակնհայտ ապօրինի ու անհիմն է, այլեւ ծիծաղ է առաջացնում: Ստիպված եմ լինելու այն հերթական անգամ բողոքարկելու դատարանում: Այն խախտումները, ինչի փաստով հարուցվել էր կարգապահական վարույթը, ոչ միայն ընդհանրապես նիստի ընթացքում չհիմնավորվեցին, այլեւ՝ հերքվեցին: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցում այս կամ այն տիպի արտահայտություն գրելուն, որը, հատկապես որևէ կոնկրետ անձին ուղղված վիրավորանք չի պարունակում, ապա փաստաբանների պալատը չէ այն մարմինը, որ իր վրա պետք է վերցնի բարոյական ոստիկանի կերպարն ու սովորեցնի՝ փաստաբաններն ինչ իրավունք ունեն գրելու, ինչ իրավունք չունեն գրելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պալատը բացահայտ հետապնդում է Վարոսյանին և արդեն տևական ժամանակ: Պալատում աուդիտ պետք է անցկացնել քանզի պալատի ղեկավարությունը շատ կասկածելի վարքագիծ ունի և բացառված չէ որ որոշ կոռուպցիոն սխեմաներ լինեն ներմուծված. Պետք է ստուգել