Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոծ գիծ տրորելու համար վարորդին այլեւս չեն տուգանի. Լավ եւ վատ լուրեր՝ վարորդների համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 18:36

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ շատ հաճախ խախտվող ճանապարհային երթեւեկության կանոնների համար կիրառվող տուգանքները փոխարինվել են նախազգուշացմամբ: Դրանցից են, օրինակ, հոծ գծերը հատելը, խաչմերուկում հատման գծերը չպահպանելը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունեց նախագիծը. «Այդ խայտառակ հոծ գծերը հատելու համար, որը, ըստ էության տուգանք չի՝ 5000 դրամ էր: Մեր երթեւեկության պայմաններում պիտի օդով սավառնես՝ որեւէ հոծ գիծ չտրորելու համար»:

Նա խնդրեց վիճակագրություն ներկայացնել, թե ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերն  ավելացե՞լ են, թե՞ ոչ. «Ոչ սթափ վիճակում մեքենա վարելն իրենց թույլ են տալիս պաշտոնյաներն ու նրանց զավակները, որոնք գիտեն, որ իրենց ոչինչ դրա համար չի հասնում»:

Նախարարը պատասխանեց, որ նվազ վտանգավորություն եւ միտում չպարունակելու չափանիշներով են առաջնորդվել, իսկ նվազ վտանգավորություն ասելով՝ հասկանում են, որ եթե դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար ակնհայտ խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի եղել  կամ եթե դա անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի անգործության կամ անզգուշության հետեւանքով: Այս դեպքերում վարորդը միայն կնախազգուշացվի:

Հոծ գծեր տրորելու համար նույնպես խախտումը հանվում է, կլինի նախազգուշացում: Նախազգուշացում կլինի նաեւ կանգառում ոչ թե 1 րոպե կայանելու համար:

Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակում երթեւեկելու դեպքերին, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ եթե անձը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է եւ հետո գտնվել է ոչ սթափ վիճակում, նրան արդեն քրեական պատասխանատվության են ենթարկում: Դրա արդյունքում ինքը նաեւ կզրկվի որոշ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից. «2011-ին 867 ոչ սթափ վիճակում վարելու դեպք է հայտնաբերվել, 2012-ին՝ 827, 2013-ին՝ 2076, 2014-ին՝ 2128 եւ այս տարվա 11 ամիսների տվյալներով՝ 4191: Այսինքն, 4 տարվա ընթացքում 827-ից դարձել է 4191:

Եղել է դրա հետեւանքով նաեւ մահվան ելքով վթարների թվի աճ:

Եթե վարորդի խախտումներն այնքան շատ կազմեն, որ 500 հազար դրամն անցնի, մինչեւ 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Եթե սկսի վճարումները կատարել եւ նվազեցնել տուգանքը, չի զրկվի. «Այսինքն, ինքը անընդհատ ձգտելու է գոնե 5000 դրամով վճարել, կամ ձգտելու է խախտում չկատարել»:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե քանի՞ նախազգուշացումից հետո է տուգանք կիրառվելու հոծ գծերի եւ մյուս խախտումների համար: Նախարարը պատասխանեց, որ իրենց նպատակն է վարորդին զգոն պահել եւ տուգանք չեն կիրառելու, տեսանյութերը պահպանվելու են եւ եթե վարչական իրավախախտում կլինի, դա արդեն հաշվի կառնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031