ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2 քրեական գործ՝ հարուցված ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Քրեական գործերի հարուցման առիթ են հանդիսացել «galatv.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Բացակա անձինք շարունակում են ակտիվորեն մասնակցել քվեարկությանը» և «civilnet.am» տեղեկատվական հարթակում հրապարակված «Գյումրի. Բացակա հարազատներդ արդեն «քվեարկել են» վերտառությամբ նյութերը։
ԶԼՄ-ների ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանության բաժնում քրեական գործեր են հարուցվել թիվ 34/01 և թիվ 34/19 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործերը դեկտեմբերի 18-ին մուտք են եղել Շիրակի մարզային քննչական վարչություն և քննիչների կողմից ընդունվել վարույթ։
Կարդացեք նաև
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 18-ի դրությամբ քննվում է 26 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին