Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ համակարգային փոփոխություններ են ուզում իրականացնել. «Հնարավորություն ստեղծել ամենաշատ, ամենամեծ տարածում ունեցող իրավախախտումների համար, օրինակ՝ գծանշումների պահանջները, խաչմերուկների հատման կանոնները խախտելը, կանգառ կատարելու կանոնները խախտելու եւ այլն, դրանց համար կիրառել ոչ թե տուգանք, այլ՝ նախազգուշացում, եթե դրանք ունեն նվազ նշանակություն»:
Կառավարությունը մտադիր է նաեւ ուրիշի համարներով մեքենա վարելու համար պատիժը խստացնել, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում: Իսկ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատասխանատվությունը խստացվում է մինչեւ նույնիսկ դրա քրեականացումը, քրեաիրավական հետեւանքները:
«Մենք նախատեսել էինք համաներում կիրառելու հնարավորությունը: Որոշ տուգանքների համար մեր քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռվել, որ վճարեն միայն մայր գումարը, ազատվելով մասերից: Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերում իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում նախկին տարբերակում բալային համակարգ էինք ներառել: Մենք առաջարկում ենք մի փոքր փոխված տարբերակով բալային համակարգը»,- ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ սույն թվականի սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցություն է անցկացրել եւ հայտարարել, որ երթեւեկության կանոնների խախտումները 70 տոկոսով նվազել են, դուք տեղյա՞կ եք ինչ տվյալների վրա է հիմնվել պարոն Սարգսյանը, որովհետեւ իմ ձեռքի տակ եղած տվյալներով, որը ինձ տվել է արդարադատության նախարարությունը, խախտումների աճը 2014-ին 2013-ի համեմատությամբ կազմել է 30 տոկոս, իսկ 2011-ի հետ համեմատությամբ աճը կազմել է 142 տոկոս»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի ունեցած տվյալների, արագաչափերի գործարկման պահից ի վեր վթարներն աճել են 36 տոկոսով, տուժածները՝ 61 տոկոսով, խախտումները աճել են 142 տոկոսով, իսկ վճարված տուգանքների աճը կազմել է 351.7 տոկոս:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի վիճարկում այդ տվյալները, բայց նվազման միտում կա մի շարք խախտումների գծով: Նա խոստացավ ավելի ուշ ամբողջական վիճակագրությունը դուրս բերել ու միասին հաշվել՝ պարզելու՝ 70 տոկոս նվազե՞լ են խախտումները, թե՞ ոչ:
Նախարարն ասաց, որ երբ տվյալները նայում ես, թվում է, թե վթարները, մահվան ելքով վթարներն ավելացել են, բայց այդ տվյալները պետք է անպայման համադրել ավտոմեքենաների թվի ավելացման տվյալների հետ: Այս տարիներին մեքենաների թիվն ավելացել է. «Երբ որ այդ թվերի համադրմամբ ես նայում, տեսնում ես, որ իրականում կա նվազում: Սա պայմանավորված է ավտոմեքենաների քանակով»:
Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Ես ոնց որ ասեմ՝ սպանությունների թիվը աճել է, դուք ասեք՝ հա, բայց մարդկանց գլուխը կտրելով սպանությունների թիվը նվազել է: Ընդհանուր վիճակագրություններով բոլոր թվերն աճել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ