«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ փաստացի 1-1.5 տարվա ընթացքում մենք ունենք սիստեմատիկ մշտական լարվածության ավելացում շփման գծում, եւ քանակական առումով դա աննախադեպ է»,- դեկտեմբերի 18-ին «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագետների ակումբի առաջին նիստի ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ դա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը ոչ միան փորձում է պահպանել լարվածությունը շփման գծում, այլ նաեւ, փորձում է այն որակապես փոխել՝ ինչ-որ մի ձեւով վերջնականապես ազդելու համար հայկական կողմերի դիրքորոշման վրա. «Կարծում եմ, որ այն, ինչ-որ ի սկզբանե՝ 10-12 տարի առաջ, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պարզ էր բոլորին, պարզ չէ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ այդ իրադարձությունները, այդ լարվածությունը ոչ մի որակական քաղաքական փոփոխության չի բերի ո՛չ հայկական կողմերի դիրքորոշմանը, ո՛չ միջազգային հանրության մոտեցումներին, եւ տեսականորեն կարող է բերել մի բանի՝ ռազմական գործողությունների վտանգը կարող է բերել լայնամասշտաբ գործողության վերսկսման: Փաստ չէ, որ դա կլինի հենց Ադրբեջանը. ուշ, թե շուտ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կարելի է ասել՝ ձեւավորվում է հասարակական պահանջ ավելի հստակ եւ ավելի կոշտ ռազմական գործողությունների՝ որպես պատասխան Ադրբեջանի այս կեցվածքին: Եվ չի բացառվում նաեւ ուշ, թե շուտ խոսք գնա նախահարձակ գործողությունների մասին, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը մտածում է, որ ոչ ցանկալի ռազմական գործողությունների ընթացքը, ինչ որ մշտական բան է, որը կարող է ինչ-որ ձեւով բավարարել Հայաստանի հասարակությանը, ապա կարծում եմ՝ լիովին այդ առումով սխալվում են»:
Սերգեյ Մինասյանը նշեց, որ նաեւ պետք է հասկանալ, որ կան օբյեկտիվ նոր գործոններ, որոնք անդրադառնում են Ադրբեջանի կեցվածքի վրա, եւ այդ գործողություններն ունեն ներքին բնույթ. «Ադրբեջանը հանդիսանում է այն երկրներից, որ նույնիսկ եթե համեմատենք Ռուսաստանի կամ արաբական երկրների հետ, ավելի մեծ կախվածություն ունի նավթագազային եկամուտներից: Եվ այս իրավիճակում, երբ վերջին 2 տարիների ընթացքում աննախադեպ գների անկում է տեղի ունենում աշխարհում, բացի դրանից՝ 2011 թվականից մենք ունենք նաեւ կայուն ծավալների արտադրության նվազում Ադրբեջանում, դա ուղղակի անդրադառնում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, անդրադառնում է նաեւ հասարակական-քաղաքական իրավիճակի վրա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ