Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը Վալերի Պերմյակովի դատական նիստի հետաձգումից լրագրողների հետ զրույցում ասաց, որ անընդունելի են այն պայմանները, որոնք իբրև թե ստեղծվել են Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից:
«Ըստ էության, արդեն դատարանի պարտականությունն է ապահովել նորմալ պայմաններ և ընդ որում՝ հայտարարվել էր, թե պետք է լինեին նորմալ պայմաններ: Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այն դահլիճում, որը տրամադրվել էր նախկինում, ուղղակի պայմաններն այնպիսին էին, որ հնարավոր չէ աշխատելը, և մենք պահանջելու ենք, որպեսզի նորմալ պայմաններ ստեղծեն: Տեսաք, որ այդ պայմանները ստեղծված չեն, անհնար է այդ դահլիճում աշխատելը և այստեղ աշխատելը մի շարք իրավունքներ է ոտնահարում»:
Փաստաբանն ասաց, որ եթե ապահովված լինեին նորմալ պայմաններ , ապա իրենք ինչ-որ չափով կընդունեին արտագնա նիստը, սակայն ակնհայտ է, որ ռուսական կողմն է եղել պայման ստեղծողն ու հրահանգավորողը, որն անընդունելի է:
«Երևի մեր դատարանը չի կարող ռուսական կողմին պարտադրել, որ նորմալ դահլիճ ապահովեն, ուրեմն հայկական կողմը էապես կաշկանդված է այս գործում, և այս գործը ելքը տալուց ունի կաշկանդվածություն և չի կարող նորմալ դատական ակտ կայացնել: Մենք տեսանք, որ այդ կաշկանդվածությունը դրսևորեց նրանով, որ դատարանը իր մեջ նույնիսկ ուժ չգտավ երկու զինվորի խնդրել գոնե, որպեսզի նրանք այն տարածքում չգտնվեն, որտեղ դատավարության մասնակիցներն են: Այսինքն՝ մենք այս պայմաններում պետք է ակնկալենք, որ դատարանը կկարողանա՞ անկաշկանդ դատական ակտ կայացնել: Իհարկե՝ ոչ» :
Կարդացեք նաև
Փաստաբանը, անդրադառնալով Վալերի Պերմյակովի սատանիստ լինելուն ու «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում սատանիստական խումբ ստեղծելուն, ասաց, որ Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը և պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ, իր գրառումն է: « Նա նշել է, որ դա ուղղակի գրառում է, և մեր միջնորդությունը նախաքննության ընթացքում մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրա հարազատները նշում են, որ նա քրիստոնյա է… Շատ զարմանալի կլիներ, որ սատանիստական գաղափարներ ունեցող անձն իր քրիստոնյա ծնողներին ասեր, թե ինքը սատանիստ է, իսկ մենք գիտենք, որ նրա հայրը… Մեր համար ակնհայտ է նրա սատանիստ լինելը, դա ապացուցված է քրեական գործով, ապացուցված է իր գործողություններով: Մասնավորապես ես նշեցի, անձը, ունենալով հրազենի մեջ փամփուշտներ կրակելու, եթե նույնիսկ ինքը տեսներ վտանգ գոնե մեծ երեխայից, առնվազն 6 ամսական երեխայից վտանգ չէր ակնկալի, սվին-դանակով նրան սպանելը խոսում է այն մասին, որ, այո, այդ խմբավորման անդամն է, այդ գաղափարախոսության կրողն է և նաև առողջական խնդիրներով պայմանավորված՝ այս անձը կատարել է նման հանցագործություն»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Եթե նախաքննական մարմինը այս հարցը քննարկի, ի՞նչ կփոխվի քրեական գործում, հարցին Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Մենք չմոռանանք, որ խոսում ենք զինվորականի մասին, զինվոր, որի ձեռքը զենք է տրվել, զինվոր, որը հիվանդությամբ է տառապում և չպիտի զենք կրեր և զինվոր, որը սատանիստ է, և նրան զենք ուղղակի չպիտի տրամադրեին: Այսինքն՝ սա շատ լուրջ խնդիր է, որը մտորումների տեղիք է տալիս. ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ գործ ունեն անելու: Միայն այս գործով չէ, որ հետևողական ենք լինելու, ամեն ինչ պետք է արվի, որ առնվազն չշարունակվի այն, ինչ-որ եղավ: Իսկ մենք գիտենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ռուս զինվորը մարդ է սպանում: Եվ սա գալիս է նրանից, որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունը ռուս զինվորների համար աքսորավայր է դիտարկվում: Պետք է փոխվի իրավիճակը և այստեղ պետք է գան իրենց լավագույն զինվորները»,- ասաց փաստաբանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ