Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան վերադարձող միգրանտներից շատերը նոր գիտելիքներ են բերում». ամփոփվեց միգրացիոն ծրագիրը

Դեկտեմբեր 18,2015 17:03

Եվրամիության կողմից ֆինանսավորված «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացրել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը «Հայ օգնության միության» հետ, այս տարի ավարտվում է:

Այս առիթով կազմակերպությունն այսօր ամփոփեց ծրագիրն ու ներկայացրեց իր կատարած աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է 4 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր եւ Սյունիք: Այս մարզերում ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական ռեսուրս կենտրոններ, որոնք խորհրդատվական աջակցություն են տրամադրել ինչպես հնարավոր միգրանտներին, այնպես էլ վերադարձած միգրանտներին՝ օգնելով նրանց վերաինտեգրվել հայրենիքում:

Migrant_1

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում աջակցել են 284 վերադարձած միգրանտներին՝ նոր աշխատանք գտնելու նպատակով այս վերադարձածները մասնակցել են վերամասնագիտացման դասընթացների. Նրանց կեսից ավելին ապահովվել են աշխատանքով: Բացի այս, կազմակերպությունը նշված 4 մարզերի վերադարձած միգրանտներին նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, ավելի կոնկրետ՝ ֆինանսավորել են 17 լավագույն բիզնես ծրագրեր: Վերադարձած միգրանտները, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել, աշխատում են անասնապահության, հողագործության, ջերմոցային տնտեսության մեղվապահության, կահույքագործության, թեթեւ արդյունաբերության, սպասարկման ոլորտում, հացաբուլկեղենի արտադրությունում: Ծրագրի հովանավորողները վստահեցրին, որ այս ֆինանսավորմամբ շուրջ 55 նոր աշխատատեղ է բացվել:

Migrant_3

«Պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե այդ վերադարձողներն աջակցություն չստանային: Ծրագիրը հաջողված է, այն իր առաքելությունը կատարել է. ծրագիրն օգնել է վերադարձածներին աշխատանք ունենալ, չմտածել օտար երկրներ մեկնելու մասին»,-ասաց միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանն էլ նկատեց, որ մեր միգրանտների մեծ մասը գնում է Ռուսաստան, իսկ վերադարձողներից շատերն էլ նոր գիտելիքներով են գալիս. «Բացի դրանից, այսօր ՀՆԱ-ի 20%-ը գալիս է դրսում աշխատող միգրանտներից: Այս ծրագրի, ինչպես նաեւ մեր ծրագրի հիմնական նպատակն այն է, որ գումարները ներդրվեն կայուն աճում, այսինքն՝ ապահովվի կայուն աճ մարզերում: Ծրագիրն ավարտվում է, բայց մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ»:

Այսօր միգրանտի միջազգային օրվա կապակցությամբ կայացավ նաեւ «Ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:

Մրցույթին ներկայացվել էին 67 լրագրողական նյութեր՝ տպագիր, հեռուստատեսային ռադիո ռեպորտաժներ:

Այս մրցույթին «Առավոտ» օրաթերթը «Մամ, որ դպրոցում 10 ստանամ՝ կգա՞ք». միգրացիայից ավելի շատ տուժում են երեխաները»  հոդվածի համար ստացավ հատուկ մրցանակ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից՝ միգրացիոն խնդիրը նոր տեսանկյունից ներկայացնելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031