Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի Կամպ դե Միլ հուշահամալիրում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր «Կամպ դե Միլ – հիշողություն և կրթում» հիմնադրամը` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ հյուպատոսության աջակցությամբ:
Առանձին սրահով բացված այս ցուցահանդեսում ներկայացված էին ֆրանսահայ գրող Էրիկ Սեմերդջյանի, ֆրանսիացի լուսանկարիչ Ստեֆան Դյումոն դը Սորեյի, իտալացի պատմաբան Ժան-Կառլոս Կասայի և Ժամկոչյանների ընտանիքի կողմից տրամադրված բազմաթիվ փաստագրական վավերագրություններ, լուսանկարներ, հիշողություններ և այլ նյութեր:
Ցուցահանդեսին ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ, Բյուշ դը Ռոնի պատգամավոր Ֆրանսուա-Միշել Լամբերը, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Կամպ դե Միլ – հիշողություն և կրթում» հիմնադրամի նախագահ Ալեն Չուրակին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք:
Միջոցառման ընթացքում նշվեց, որ անհրաժեշտ է իրազեկել հանրությանը մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին և պայքարել, որպեսզի նման ողբերգություններ երբեք չկրկնվեն: Ելույթներում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, իսկ ժխտողակությունը՝ դատապարտելի. դա առաջինը պետք է հասկանա և ընդունի Թուրքիան:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը կտևի մինչև 2016թ. ապրիլի 30-ը:
ՀՀ ԱԳՆ