Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բախշյանը քաղաքապետարանի պաշտոնյաներին ջայլամի հետ համեմատեց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 16:22

«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայացրեց «Հանրային օնլայն խորհրդարան» կայքը, որտեղ քննարկվելու են հանրային հետաքրքրություն ներկայացնող օրենքի նախագծերը: Ծրագրի համակարգող Մերի Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հարթակի նպատակն է՝ ամրապնդել ԱԺ-քաղաքացիական հասարակություն կապը եւ խթանել ՀՀ-ում մասնակցային կառավարման մշակույթի զարգացումը. «Ֆեյսբուքյան օգտատերերը կայքում կարող են մասնակցել քննարկումներին, առաջարկություններ անել: Մեր համակարգողները դրանց իրավական ձեւակերպում կտան եւ կներկայացնեն Ազգային ժողովին ու կառավարությանը»:

Ողջունելով նախագիծը՝ ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց. «Որպեսզի քիչ թվով լավ օրենքները գործեն, հասարակությունն էլ պետք է պատասխանատվություն կրի, մասնակցած լինի այդ օրենքների ընդունմանը»: Նա հետաքրքրվեց, թե որքանով է հնարավոր հանրությանը տեղեկացնել կայքի մասին, որպեսզի այս կամ այն օրենքի դեմ բողոքելու նպատակով մարդիկ ոչ թե փողոցներ դուրս գան, այլ մտնեն կայք եւ «ռմբահարեն». «Այնքան բան գրեն, այնքան առաջարկություններ գրեն, որ կայքի անկախ փորձագետն էլ շիվարած մնա: Ենթադրենք, կայքում եղան առաջարկություններ, Դուք էլ ներկայացրեցիք կառավարությանը կամ Ազգային ժողովին, բայց բանի տեղ չդրեցին: Հետո՞…հերթական անգամ կասենք, որ մեր ձայնը տեղ չհասավ: Այսինքն, կա՞ մի մեխանիզմ, որով հնարավոր է «շահագրգռել» կառավարությանը կամ ԱԺ-ին: Հաճախ համապատասխան որոշումը կամ օրենքը կա, իսկ հասարակությանը լսելու ցանկություն՝ ոչ: Ավելին, օրինակ՝ քաղաքապետարանի պաշտոնյաների «ֆեյսբուքյան» էջերը փակ են: Գրում ես, նամակը չի գնում, ասում է՝ փակ է: Այդպես է դրել, որ չլսի, չտեսնի, ջայլամի նման ասի՝ նամակ չկա-բողոք չկա: Ո՞նց դրա դեմն առնենք»:

baxshyan_3 baxshyan_1 baxshyan_4

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ կայքը որպես գործիք կծառայի նրանց համար, ովքեր ցանկություն կունենան այն օգտագործել. «Սա Facebook չէ, որ մեկը մտնի պիտակավորված մեկնաբանություններ գրի կամ ասի՝ «ռադ եղեք»: Սա այն հարթակն է, որտեղ մարդիկ պետք է իսկապես կարծիք գրեն՝ հիմնավորված օրինակներով»:

Ինչ վերաբերում է կառավարության եւ ԱԺ-ի կողմից հարթակում արված քննարկումները լսելուն, Թեւան Պողոսյանն ասաց. «Տիկին Բախշյան, պատկերացրեք, այս կայքը չկա, լսելու էի՞ն…չէ: Այս կայքի միջոցով գոնե 10 տոկոսը կլսի, մի բան կանի, կողքիններն էլ կտեսնեն՝ նախանձախնդիր կլինեն: Ենթադրենք, այս կայքը չկա, բայց Facebook-ում օրական մի տասը հոգի ինձ գրում է այսինչ օրենսդրական նախաձեռնության համար, մի քսան հոգի փող է ուզում անձնական խնդիրների համար: Բոլորին փորձում եմ արձագանքել, բայց ֆինանսականս չի ներում, այդքան փող չունեմ, բոլոր խնդրանքներն ուղղում եմ պետական մարմիններին՝ օգտագործելով այն զենքը, որը կոչվում է պատգամավորի նամակ»:

Թեւան Պողոսյանի կարծիքով՝ կայքում պետք է ստեղծել նաեւ կեղծանունով մեկնաբանություն գրելու հնարավորություն, որովհետեւ, օրինակ, ընտանեկան բռնությանն առնչվող հարցերում ոչ բոլորը կցանկանան բացահայտել ինքնությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031