Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է 500 հազար դրամով տուգանել ռուսերեն գրող բժիշկներին, «Գրում են՝ кишечник, չգիտեմ ինչ, էս ի՞նչ ա»

Դեկտեմբեր 18,2015 15:06

ԱԺ արտահերթ նստաշրջանում կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նախագծի հռչակված նպատակն է դեղերի մատչելիությունը, բայց մի կողմից հենակետային գին են սահմանում՝ վերին գին, մյուս կողմից՝ դեղերի վաճառքով զբաղվողների համար նոր ծախսեր են լրացնում. «Մտավախություն չունե՞ք, որ սրա արդյունքը լինելու է մոնոպոլացումը: Ծախսերը երբ մեծանում են, բայց եկամուտները սահմանափակվում են, դա նշանակում է, որ ուրիշ զարտուղի ճանապարհներ կգտնեն: Ես մտածում եմ, որ կարելի է այս անիմաստ ծախսերից զերծ պահել: Օրինակ, դուք դեղը գրանցում եք, անընդհատ այդ դեղը մշտադիտարկման մեջ է բոլոր փուլերում, բայց մարդուն ասում եք՝ 5 տարին մեկ դեղը բեր վերագրանցի: Ինչի՞ համար, եթե ամեն օր այդ դեղը վերահսկողության տակ է, ցանկացած պահի կարող եք կասեցնել, իսկ գրանցումը թանկ է հայաստանյան պայմաններում: Հետո հայերեն բացատրական թերթիկի հետ կապված, ունե՞ք այսօր ինֆորմացիա, թե հայաստանյան բժիշկների քանի՞ տոկոսն է ախտորոշումը գրում ռուսերեն: Հսկայական թիվ է: Ինչո՞ւ օրենք չեք գրում, որ բժիշկները, առողջապահության ոլորտի պաշտոնյաները իրենց բոլոր գրագրությունները պետք է անեն հայերեն եւ եթե չեն անում, օրինակ, 500 հազար դրամ պետք է տուգանվեն: Թե չէ՝ ՀՀ քաղաքացին գնում է սոնոգրաֆիա է անում, գրում են՝ кишечник, չգիտեմ ինչ, էս ի՞նչ ա»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Դեղերի մասին նոր օրենքով մի հատ ասպիրին վաճառելու համար դեղավաճառը հսկայական թղթաբանություն պետք է անի. «Չե՞ք կարծում, որ խնդիր կա, անհամաչափ ու անտրամաբանական է»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համաձայնեց, որ շատ բժիշկներ իսկապես ռուսերեն են գրագրություն վարում, որն իրենց համար այնքան էլ ընդունելի չէ: Ըստ նրա, քիչ-քիչ տարածվում է հայերեն գրագրությունն այս ոլորտում: Ինչ վերաբերում է 5 տարին մեկ վերագրանցմանը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ դրանք միջազգային կանոնակարգեր են, իրենք չեն իրենցից հնարել ու շարժվում են միջազգային կանոնակարգերով. «Չեմ կարծում, որ այս օրենքը բերելու է մենաշնորհների: Բացարձակ ազատականացված է: Դեղերի ոլորտում մենաշնորհ ասվածը դժվար է պատկերացնել: Հազարավոր ակտիվ նյութեր կան, ու դեղ ներմուծողները նույն ակտիվ նյութով կարող են տասնյակ անունով դեղեր բերել»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե դեղատուփի վրա պետք է պարտադիր հայերեն լինի, ինչո՞ւ չպետք է ՀՀ-ում աշխատող բժիշկը հարգի հայերեն լեզուն: Նա պնդեց, որ տուգանեն ռուսերեն գրագրություն վարող բժիշկներին:

Սերգեյ Խաչատրյանն էլ պատասխանեց, որ դեղերի մեջ հայերեն լեզվով ներդիրով ընդամենը տեղեկատվության մատչելիությունն են ապահովում, ուրիշ խնդիր չեն լուծում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031