Ամփոփելով տարին՝ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Հենարան» ակումբում ՀՀ ներքաղաքական իրադարձություններից առանձնացրեց ԲՀԿ-ի շուրջ փետրվարին տեղի ունեցած զարգացումները, երբ կուսակցությունը դուրս մղվեց քաղաքական մրցակցությունից:
Մյուս կարևոր իրադարձությունը ըստ նրա՝ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն էր:
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը ևս շեշտադրում կատարեց ԲՀԿ-ի վրա: Նա նկատեց. «ԲՀԿ-ն ոչ միայն դուրս մղվեց քաղաքական գործընթացից, այլև այն ամբողջովին անցավ ՀՀԿ-ի վերահսկողության ներքո, ինչը ցույց տվեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, երբ ԲՀԿ-ի վստահված անձինք ՀՀԿ-ականներից տարբերվում էին ընդամենը իրենց վկայականներով: Նույնը կարող ենք ասել ՀՅԴ-ի մասին, երբ բազում դիտորդներ նախկին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականներ էին. հիմա արդեն դաշնակցականի անունով էին հանդես գալիս»:
Ըստ Արմեն Բադալյանի՝ ԲՀԿ-ն իր դեմքը կորցրեց նրա համար, քանի որ այն լիդերային կուսակցություն էր, ստեղծվել էր Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ, և նրա ոչնչացումից հետո կուսակցությունը չկարողացավ համարժեք լիդեր գտնել ու պահպանել իր դեմքը:
Կարդացեք նաև
Դառնալով սահմանադրական հանրաքվեին՝ պարոն Բադալյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցը փակված է անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կդիմի ՍԴ, թե ոչ: Ըստ նրա՝ «այդ ամենը կրում է արարողակարգային բնույթ»:
«Նոր Հայաստան» շարժման հետ ևս քաղտեխնոլոգը հույսեր չի կապում: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե այդ շարժման մեջ է նաև «Ժառանգությունը», որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ բավականին մեծ քվեներ էր ստացել ժողովրդի կողմից, պարոն Բադալյանը հակադարձեց. «Ժառանգությունը», որը ԱԺ հինգ հոգանոց խմբակցությունում չի կարողանում հաստատել իշխանություն, ո՞նց է երկու միլիոնանոց երկրում իշխանություն հաստատելու: Այդ շարժումը մոռացեք: Իսկ եթե ՀԱԿ-ը հույս դնի, որ 420 հազար մարդ «ոչ» է ասել հանրաքվեին, և 2017-ին իրեն են այդ ձայները գալու, կպարտվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ