Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՏ ոլորտի 100 երիտասարդ մասնագետ չի մտածում երկրից հեռանալու մասին»

Դեկտեմբեր 18,2015 14:38

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասում այսօր տրվեց «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի մեկնարկը: Ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթի նպատակն է՝ խրախուսել ծրագրավորողներին եւ գիտնականներին, ժամանակակից լավագույն սարքավորումների օգնությամբ ստեղծել վիրտուալ իրականության ծրագրեր, հավելվածներ ու խաղեր. «Մեր երկրում կան խելացի եւ երիտասարդ մասնագետներ, որոնց բացահայտելուն է ուղղված մրցույթը: Ակնկալում ենք ստանալ հետաքրքիր ծրագրեր եւ նախագծեր»:

Տնօրենը տեղեկացրեց, որ մասնակիցները պետք է պատրաստեն ծրագրեր, հավելվածներ եւ վիրտուալ իրականության (3D) խաղեր՝ կրթական, արտակարգ իրավիճակների, առողջապահական եւ ռազմական ոլորտներում:

«Այս մրցույթին պետք է մասնակցեն ոչ թե ընկերություններ, այլ բիզնես չունեցող անհատներ կամ ուսանողներ, որպեսզի մենք նրանց օգնենք կայանալ եւ աշխատել: Սրանք պարզապես խաղեր չեն, այլ վիրտուալ իրականության խաղեր, որոնց արտադրությունն աշխարհում զարգացում է ապրում: Հայաստանյան զարգացումն այդ մակարդակի վրա չէ, ուստի աշխատում ենք աջակցել ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին, որպեսզի մնան եւ աշխատեն Հայաստանում, զարգացնեն մեր տնտեսությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շաքարյանը:

Նա նշեց, որ հայաստանյան մի շարք ընկերություններ զբաղվում են տեղական արտադրանքով, սակայն դրանց թիվը քիչ է: Վահան Շաքարյանի խոսքով՝ ընկերության արտադրանքը սպառվում է նաեւ միջազգային շուկայում. «Մեր արտադրանքը կապված է բժշկական, գիտահետազոտական ոլորտների հետ: Իսկ տեղի շուկայի համար ստեղծել ենք դյուրակիր համակարգիչներ: Տեղական արտադրության առավելությունն այն է, որ մեր 100 երիտասարդ մասնագետները չեն մտածում երկրից հեռանալու մասին: Դա ամենակարեւոր ձեռքբերումն է»:

Հավելենք, որ մրցույթը կամփոփվի հաջորդ տարվա սեպտեմբերին: Մրցանակային ֆոնդը 8 միլիոն դրամ է: Լավագույն կրթական հավելվածները կընդգրկվեն «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում եւ «ԱրմՖոն» հեռախոսներում, իսկ մրցույթի հաղթողը կմասնակցի 2017թ. կայանալիք միջազգային երկու միջոցառումների՝ «Consumer Electronics Show 2017»-ին եւ «World Mobile Congress 2017»-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031