Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տնտեսական վիճակն էր պատճառը, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի օգուտները չզգաց

Դեկտեմբեր 18,2015 14:23

ԵՏՄ-ից օգուտն ավելի մեծ կլիներ, եթե տարածաշրջանը հայտնված չլիներ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ռուսաստանում նավթի գներով պայմանավորված տնտեսության անկումային վիճակը, այլ երկրների կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խոչընդոտեցին, որպեսզի ԵՏՄ-ից ակնկալվող օգուտները մեր երկրի համար ավելի մեծ լինեին: Այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ տվեց Հայաստանին ԵՏՄ-ին անդամակցությունը: Մեկ տարի առաջ մեր երկիրը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, որի նպատակն էր միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ ազատ առեւտուրը, առանց մաքսատուրքերի արտահանումն ու ներմուծումը:

«Մեկ տարվա կտրվածքով դատելը ճիշտ չէ, միջնաժամկետ ժամանակահատված է հարկավոր, որպեսզի մենք կարողանանք հստակ ասել, թե միջազգային այս կամ այն կառույցին անդամակցությունը, այդ ինտեգրացիոն գործընթացները իրականում ինչ շոշափելի արդյունք տվեցին: Մեր անդամակցությունը ԵՏՄ-ին համընկավ Ռուսաստանի տնտեսության անկումային վիճակի հետ: Դա է պատճառը, որ Հայաստանն այս տարի տնտեսական օգուտները չզգաց»,-ասաց Կառլեն Խաչատրյանը:

Նա հույս հայտնեց, որ 4-5 տարուց «ԵՏՄ-ի տնտեսական պտուղները կքաղենք»:

Նրա խոսքերով, այլ երկրներում վիճակը շատ ավելի վատ է` Ուկրաինայում 16 տոկոս անկում է, ՌԴ-ում տարին կփակվի տնտեսական անկմամբ` 4-5 տոկոս: Տնտեսագետի կարծիքով, թեեւ Հայաստանի 2015 թվականին փոքր, բայց դրական աճը լավ ցուցանիշ է: Ըստ նրա, 2015 թվականին մեր տնտեսական աճն առավելապես պայմանավորված էր գյուղատնտեսության եւ հանքահումքային ոլորտներում արձանագրված աճով:

Կառլեն Խաչատրյանի խոսքերով, պետք է չէ «տրագիկ» ընդունել պետական բյուջեի դեֆիցիտի ավելացումը: Ըստ նրա, վարկային ռեսուրսներ ներգրավելը, որպեսզի տնտեսությունն աշխուժանա, վատ բան չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031