Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց դուք կմնաք անտեր»

Դեկտեմբեր 18,2015 14:10

«…-Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը:

– Եթե քաջ եղած լինեի, պետք է, որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին որ գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում որպես մահից խուսափող մարդ…»:

Տասներեք տարի առաջ դեկտեմբերի 18-ին ցուրտ էր, և մեծ փաթիլներով, երկար, անվերջ տեղացող ձյունը Աստծո մաքրության ճերմակով կարծես անդառնալիորեն ծածկել էր հայոց սառը հողը, որի վրա Հրանտ Մաթևոսյան Մեծն այլևս չէր քայլելու:

Hrant Matevosyan

Հրանտ Մաթևոսյանն այդ ճերմակի միջով այդ օրը գնում էր իր երկնային կյանքին՝ անտերության կոկորդ կրծող անելանելիությունը թողնելով մեզ, իրեն՝ իր հարցը տված ու իր հարցը հրանտաբար ձևած. «…-Ձեր հարցը Ձեզ:

– Ա՛յ Հրանտ, բոլոր կոնյակներդ խմել ես, բոլոր վայելքներդ ապրել ես, աշխարհից ի՞նչ ես ուզում»:

Ինքը, որ աշխարհին տվել էր մինչև վերջին նյարդը, մինչև վերջին ջիղը, մեծավարի, մեծավարի գիտեր, որ «…Աշխարհն էն է, ինչ որ կա, իմ կարծիքով չի…»:

Որովհետև ինքը «…Լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների…» երկրին էր հավատում, ու ինքն այդ երկիրը ստեղծել էր, բայց մենք այդ երկրում չկայինք, այդ երկրում չէինք, այդ երկիրը չէինք ըմբռնել, չէինք սիրում, այդ երկրաբար չէինք ապրում, նույնիսկ սպանում, ջլատում, կոտրում էինք այդ երկիրը ստեղծողին:

Ու չենք ապրում: Ու…մնում ենք անտեր: Իսկ անտեր մնացած, հովիվը կորցրած ոչխարի հոտի ապագան գայլերից հոշոտված լեշն է: Ինքը կրկին մարգարեաբար էր ձևել:

Տերերը հեռացվում են, տերերը սպանվում են, տերերին տանում է մահը՝ շատ ժամանակ անտեր մնալուն մեր համառ լծվածության շնորհիվ: Իսկ սուտ մարգարեները պիղծ բանաստեղծների ձոներով ու անգետ բժիշկների ձեռամբ անառողջ երեխաներ են ծնում…:

Իսկ գայլերը հոշոտում են…

«Ահավասիկ Գյումրին: Կայարանը լցված էր աղմկալից ամբոխով: Զինվորներ, ոստիկաններ, տղաներ և աղջիկներ, գյուղացիներ, քաղաքից եկած մարդիկ և կանայք: Վեր վար էին գնում, ինչպես մի զբոսավայրում:

Բուֆետից, ուր Հերյանը նստել էր, ճարպի, կաշվի և խոհանոցի կծու հոտ էր գալիս: Բոլոր սեղանները գրավված էին: Այդ բազմությունը ուտում էր ահավոր ախորժակով: Գինին և կոնյակը խմում էին թեյի բաժակներով: Անդադար խորովածի շշեր էին բերում: Ծամում էին, ծիծաղում, գոռում:

­Ինչ կայտառ թշվառություն,-մտածեց Հերյանը»: Կոստան Զարյան:

Օրվա խորհրդի մեջ այսօրվանն այսպես ստացվեց, որովհետև այսօր Հրանտ Մաթևոսյան Մեծի մահվան տարելիցն է: Անմարսելի մահվան:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031