Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է վաղը կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումով:
«Հենարան» մամուլի ակումբում դառնալով հայկական կողմի զոհերին՝ պարոն Մինասյանն ասաց. «Այս պահին խոսքը գնում է երկու զինվորի մասին, որոնք զոհվել են, երրորդի դեպքում ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել»:
Պարոն Մինասյանը փաստեց, որ այս միտումը գրանցվում է յուրաքանչյուր նման հանդիպումից կամ կարևոր իրադարձությունից առաջ. «Ադրբեջանը մի բան պիտի անի, թե ինչ գնով, դա այլ հարց է, բայց պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը դժգոհ է այս ամենից և սպառնում է»:
Պարոն Մինասյանի կարծիքով՝ որևէ հուսադրող սպասելիքներ չկան նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից. «Չեմ կարծում, որ լուրջ զարգացումներ տեղի կունենան երկու նախագահների հանդիպման արդյունքում: Այդ հանդիպման իմաստն է պարզապես ցույց տալ, որ չափազանց ձևական, բայց այսպես կոչված բանակցային գործընթացը շարունակվում է»:
Կարդացեք նաև
Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ այս իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսման և անպայման չէ, որ հենց Ադրբեջանը դա սկսի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ