Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես ասաց. «Ավարտվում է 2015 թվականը և կարելի է ասել, որ այս գիտաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գուցե վերջին ձեռնարկներից մեկն է, որը մենք այսօր իրականացնում ենք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: Անցնող տարվա ընթացքում մենք հազարավոր ձեռնարկներ ունեցանք, որոնց մեջ առանձնանում են գիտական, գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքները, որոնք մնայուն են և մեծ նշանակություն ունեն թե՛ ցեղասպանագիտության հետագա զարգացման ու խորացման առումով, թե՛ գիտության առումով, ինչպես նաև մեր հետագա քայլերը կանխորոշելու իմաստով: Այսօր այս համաժողովի կազմակերպմամբ, փորձում ենք լրացնել այն հարցերի ցանկը, որոնք մենք քննարկեցինք իրավաբանների, լոբբիստների, միջազգայնագետների, իսլամացված հայերի, լրագրողների համաժողովների ընթացքում: 2014-ի վերջերին, երբ ծրագրում էինք այս գիտաժողովը, աշխարհի և հատկապես տարածաշրջանային այս շեշտակի փոփոխությունները բնավ չէինք էլ կանխատեսում: Եվ ակնհայտ է, որ պատերազմները, տարերային աղետները, աղքատությունը, ահաբեկչությունները, բնակչության տեղաշարժերը, թրաֆիքինգը, մարդկանց առևանգումները համաշխարհային լուրջ վտանգներ են ներկայացնում, բնականաբար, առաջ բերելով տարածաշրջանային թե՛ ներքին, և թե՛ արտաքին լուրջ մարտահրավերներ:
Անշուշտ, այդ համատեքստում ինչպես տարածաշրջանային երկրների (Սիրիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան), այնպես էլ Հայաստանի խնդիրների ուսումնասիրությունը և վերլուծությունը գիտնականների հետ՝ մեզ համար շատ կարևոր է, առավել ևս, երբ մենք մեր որոշ հարևանների հետ շատ լուրջ խնդիրներ ունենք: Վերջին շրջանում Թուրքիայում բացահայտ կամ ոչ բացահայտ շատ է խոսվում նոր օսմանականության մասին: Մանավանդ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Թուրքիան փորձ արեց թուրքալեզու երկրների վրա իր իշխանությունը տարածել և այսօր Դավիթօղլուն հաճախ է շեշտում, որ իրենք ձգտում են փափուկ ուժի միջոցով պոկել Արևմուտքից այն, ինչը որ մուսուլմանական է, և տարածաշրջանում առաջնորդի դերակատարություն ստանձնելով՝ ռազմավարական լուրջ գործոն հանդիսանալ:
Այսօր, առավել քան երբևէ, մենք ականատեսն ենք Հայոց ցեղասպանության ուրացման, ժխտման, պատմության կեղծարարության, իսկ սա իրոք ցեղասպանություն է, սա առավել ևս իրենց խոսքի և գործի տարբերությունն է, մանավանդ, որ 23 տարի շարունակ փակ է պահվում մեր սահմանները, իսկ սահմանների փակ լինելը ևս խոսում է նրանց հայտարարած քաղաքականության և գործունեության հակասականության մասին:
Կարդացեք նաև
Ես կուզենայի, որպեսզի այսօր մեր գիտնականների հետ շատ լուրջ, հիմնավոր քննարկումներ ծավալվեն, կարևոր գիտական վերլուծություններ, հարցադրումներ կատարվեն և անհրաժեշտ եզրահանգումներ արվեն: Այդ եզրահանգումները կարող են ծառայել նաև մեր նախարարության հետագա աշխատանքին, քանզի Թուրքիայի տարածքում ապրող և՛ բնիկ հայերը, և՛ այնտեղ տեղափոխվածները մեծ թիվ են կազմում և մեզ համար շատ կարևոր է, թե այդ «փափուկ ուժի քաղաքականությունը» ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ հայ համայնքի վրա»:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը ողջունեց գիտաժողովի աշխատանքները և անդրադարձավ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտական ուսումնասիրությունների և քննարկումների կարևորությանը:
Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Առաջին թեմատիկ նիստը վարեց ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
«Թուրքիան Էրդողանի նեոօսմանականության շրջանում. արկածախնդիր արտաքին քաղաքականությունը և լկտի ժխտողականությունը» թեմայով զեկուցեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ «Նեոօսմանիզմը և Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պետական թեզերը» զեկուցումով:
Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը ներկայացրեց «Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի հրեական փորձը և մեր խնդիրները» զեկուցումը:
«Հայոց ցեղասպանության ժխտողականության թուրքական հայեցակարգի հիմնական բաղադրիչները» թեմայով զեկուցեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը:
Առաջին նիստի վերջում տեղի ունեցան քննարկումներ և մտքերի փոխանակում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ