Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ, երբ սահմանին զինվոր է զոհվում, պարտվում է այդ երկրի դիվանագիտական, քաղաքական վեկտորը»

Դեկտեմբեր 18,2015 13:22

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը սահմանային լարվածությունը պայմանավորում է վաղը նախատեսված ՀՀ-Ադրբեջանի նախագահների հանդիպմամբ:

«Նախագահների հանդիպումներից առաջ ու հետո նմանատիպ լարվածության դիվերսիաներ, զոհեր , տարբեր տրամաչափերի զենքերի օգտագործման ականատես ենք տեսնում, սա ոչ թե ձեռագիր է, այլ Ադրբեջանի քաղաքականության արդյունք»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, նախագահների հանդիպումների բացակայության այլընտրանքը լայնամասշտաբ պատերազմական գործողություններն են. «Այս հանդիպումները որոշակիորեն փոքրացնում են լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վտանգը, բայց բեկումնային փոփոխությունների սպասելու լավատեսությունը չկա»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համար էլ նշանակություն չունի, թե ինչի հետեւանքով ենք սահմանին շարունակում զոհեր տալ. «Արդյոք դիրքային պատերա՞զմն է, թե՞ հիբրիդային պատերազմը, թե լայնածավալ քաղաքական դավադրություններն ու ինտրիգները: Բայց ուզում եմ զգուշացնել՝ եթե նույնիսկ տվյալ էպիզոդը տեղական կենտրոնացման էպիզոդ է, որը ամեն անգամ հանդիպումից առաջ կրկնվող սցենարի մի մաս է, այնուամենայնիվ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը հորիզոնում է, եւ այդ լարման հետեւանքով կարող ենք ունենալ կտրուկ փոփոխություններ արտաքին քաղաքական ֆրոնտում, որը անմիջապես կխփի հայկական շահերին»:

Անուշ Սեդրակյանի խոսքով, արտաքուստ Թուրքիայի հետ հակամարտող Հայաստանը ռազմական կոնֆլիկտի ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ դիվանագիտական ներուժ չունի. «Պետք է չմոռանանք, որ դա ոչ թե Հայաստան-Թուրքիա առճակատում կլինի, այլ ՀԱՊԿ-ՆԱՏՕ առճակատում, որի մասին վերջերս Էրդողանը հայտարարություն է արել, թե յոթ օրում կարող են պաշարել Ռուսաստանը… Աշխարհում աննախադեպ գործողություններ են կատարվում»:

Նրա համոզմամբ, ամեն անգամ, երբ սահմանին զինվոր է զոհվում, պարտվում է այդ երկրի դիվանագիտական, քաղաքական վեկտորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031