ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ակնհայտ է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի վրա ազդեցությունը, լծակները, որովհետեւ այդ մասին է խոսում նրա ներկայացրած հաշվետվությունը:
Նախորդ տարիներին հաշվետվությունները բավականին փաստեր էին պարունակում, քննարկվում էին, աղմուկ էին բարձրացնում, իսկ այս հաշվետվությունը ոչ միայն չի քննարկվել, այլեւ պատգամավորներն իրենք են ՎՊ կայքից հանել հաշվետվությունը, որ ուսումնասիրեն:
Ըստ տիկին Բիշարյանի, այս անկախ մարմնի վրա պետական մարմինները կարողացել են ազդեցություն ունենալ. «Ցավ եմ ապրում, որ այս տարի Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ավելի շատ դեկորացիայի է նման»:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյաննն էլ ասաց, որ սոցիալական ոլորտում նորից կոռուպցիոն գործարքներ են հայտնաբերել, այսինքն, այդ համակարգային խնդիրը չի լուծվել դեռ, փոխվում են անձերը, բայց խնդիրը մնում է նույնը:
Նա երեկ հայտարարել էր, որ շատ հարգում է Իշխան Զաքարյանի մասնագիտական բարձր որակները, այսօր վերահաստատեց դա՝ քննադատելով պատգամավորներին, որ ՎՊ նախագահի հաշվետվության ներկայացման ժամանակ բացակայում են, ակտիվ չեն, ընդամենը մեկ հարց հնչեց:
Իշխան Զաքարյանն իր ամփոփիչ ելույթում ասաց, որ իրենք բազմաթիվ առաջարկություններ են անում՝ խնդիրները վեր բարձրացնելուց հետո եւ որեւէ բան անհետեւանք չի լինում: Պատասխանելով Հեղինե Բիշարյանին՝ Իշխան Զաքարյանն ասաց, որ այս տարվա հաշվետվությունը ավելի մասնագիտական է, ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունը: Այն միջազգային ստանդարտներով է. «Գուցե առաջին տարիներին մի քիչ այլ կերպ էր մեր հաշվետվությունը, բայց մենք էլ ենք նայելով սովորում»:
Նա ասաց, որ չեն կարող ամբողջ բյուջեի կատարողական մասը վերահսկել, անում են այն, ինչ իրենց հնարավորությունների շրջանակում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ