Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ խուսափելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից»

Դեկտեմբեր 18,2015 12:18

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությամբ՝ Ալիևի գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ խուսափելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից և տապալելու բանակցային գործընթացը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առիթով մանրամասնեց. «Երևի Ալիևը հասկացել է, որ ոչ բանակցությունների միջոցով և ոչ էլ ռազմական ուժի ճանապարհով չի կարող արդարացնել բոլոր այն սպասելիքները, որոնք ձևավորել է իր հասարակությունում»:

Արևելագետ Վարդան Ոսկանյանը Ադրբեջանի վարած քաղաքականությունը պայմանավորում է այդ երկրի ներսում էթնիկական խնդրահարույց հարցերով, որոնց արդյունքում էլ էթնիկական տարրերի խմբերի շրջանում ակտիվություն է նկատվում:

Նա այս առիթով հայտարարեց. «Ադրբեջանը չի մասնակցում որևէ գործընթացի, ստանձնել է Թուրքիայի արբանյակի դերը: Նավթի համաշխարհային գները նվազել են, և խավիարով կաշառելով ադրբեջանահաճո որոշումներ գնելու գումարները զգալիորեն նվազել են»:

Ըստ արևելագետի՝ Ադրբեջանն առաջիկայում միջազգային հարթությունում կունենա լուրջ խնդիրներ, մասնավորապես զանազան հարվածների է արժանանալու և կորցնելու է իր դերակատարությունն աշխարհում:

Հայաստանի համար պարոն Ոսկանյանը կանխատեսում է տարածաշրջանային նոր հնարավորություններ, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը կայունացնող գործոն է:

Դառնալով սահմանին Ադրբեջանի՝ շարունակաբար լարվածության պահպանմանը՝ պարոն Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ադրբեջանը, սահմանին լարվածություն առաջացնելով, փորձում է փոխել օրակարգը: Սահմանի իրավիճակի հանդարտեցումը կլինի նախագահների ամենամեծ ձեռքբերումը»:

Թեև քաղաքագետը կարծում է, որ համանախագահների երկարատև ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել երկու նախագահների հանդիպում, բայց միևնույն ժամանակ փաստում է, որ համանախագահների գործիքակազմը այնքան էլ մեծ չէ, և չեն կարող լուրջ ճնշումներ, պահանջներ ներկայացնել հակամարտող երկրներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031