Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը մտահոգված է Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով զարգացումներից: Նա մտավախություն ունի, որ այս գործում փորձ է արվում կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառել:
«Վերջին ժամանակաշրջանում նկատել ենք մեզ համար մտահոգիչ միտում, մեզ հասած տեղեկություններով, նախաքննական մարմինը փորձում է անօրինական ճանապարհով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ: Ես հիմքեր ունեմ ասելու, որ այս պահին նման տեխնոլոգիա է կիրառվում, մեղադրյալներից մեկին հարկադրում են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Բուդաղյանի դեմ, որի դիմաց խոստացել են ազատ արձակել նրան»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց փաստաբանը:
Պարոն Ալումյանը նորից շեշտեց, որ Արա Բուդաղյանի կալանավորումը եղել է առանց որևէ փաստական հիմքի, որի մասին իրենք անընդհատ բարձրաձայնել են, որ այդտեղ որևէ փաստ, ապացույց գոյություն չունի և այս հիմքով փորձում են գտնել ապացույց. «Ցանկացած քրեական գործ կարելի է սարքել ցանկացած մարդու գլխին, որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք իրենց սեփական ազատության համար պատրաստ կլինեն մրոտել ուրիշներին: Հարց է առաջնում, եթե մեղադրյալի առողջական վիճակն իրոք այդքան վատ էր, ինչո՞ւ վաղուց չէր ազատ արձակվել՝ ելնելով բժշկական ստուգումից, ինչո՞ւ սպասել ցուցմունք տալ և նոր ազատ արձակել; Ամեն ինչ շատ ակնհայտ է, այստեղ գնում է առեւտուր՝ մարդուն ստիպում են, շանտաժ են անում՝ պայման դնելով կամ ցուցմունք կտաս ու դուրս կգաս, կամ եթե ցուցմունք չես տա, կմնաս այնքան ժամանակ, քանի դեռ դիրքորոշումդ չես փոխել: Խոսքը Գարեն Աթաջանյանի մասին է: Եթե Գարեն Աթաջանյանի վիճակը, ինչպես փորձում են ներկայացնել, այդքան վատ է, ինչո՞ւ են ազատ արձակելը կապել Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալու հետ: Ակնհայտ է, որ շուկայական հարաբերություներ են սպասվում»:
Փաստաբանի խոսքով, «առեւտուրը» ամենայն բաների վրա կլինի. « Իրականում, ոչ թե մահափորձ է եղել, այլ մահափորձի նմանակում, այս վարկածը չեն էլ ստուգում, բայց հիմք կա, որ ստուգեն, քննիչները պարտավոր են այդ ուղղությամբ քննություն անել, բայց մեր միջնորդությունները այդ ուղղությամբ մերժեցին անհիմն պատճառով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ