Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ արտահերթ նստաշրջանը չի ավարտվելու:
Հիշեցնենք, որ այսօր օրակարգի վերջին հարցն էր քննարկվում, բայց կառավարությունը որոշել է լրացնել օրակարգը: Այնպես որ, արտահերթ նստաշրջանը շարունակվելու է դեկտեմբերի 21-ին՝ երկուշաբթի օրվանից:
Խորհրդարանում այսօր ընդունեցին երեկ քննարկված օրենքների նախագծերը:
Երկաթուղային տրանսպորտի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 73 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ընդ որում, միակ դեմ քվեարկողը Նիկոլ Փաշինյանն էր:
Կարդացեք նաև
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որով արգելվելու է 40 տոննայից ավելի բեռներ տեղափոխել ու վնասել ճանապարհները, դեմ քվեարկեց 9 պատգամավոր, ձեռնպահ 16, կողմ՝ 58 պատգամավոր: Այս նախագծին դեմ էր ՕԵԿ-ը, ՀՅԴ-ին, Ժառանգությունը եւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից 300 մլրդ դոլարի վարկ ստանալու համաձայնագրին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 2: ԲՀԿ խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ իրենք դեմ են վարկերին, քանի դեռ չկա պատշաճ վերահսկողություն այդ միջոցների արդյունավետ ծախսի հետ կապված:
Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 60 կողմ, դեմ 9, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Բայց քվեարկելուց հետո Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկել է, որ այս նախագիծն ընդունեն 24 ժամվա ընթացքում, այսինքն, երրորդ ընթերցումը կազմակերպեն այսօր: Սա վրդովվեցրեց պատգամավորներին, որոնք առանց այն էլ կշտամբում էին կառավարությանը, թե գյուղացիների բախտը որոշող այս կարեւոր նախագիծը ինչո՞ւ է արտահերթ նստաշրջանում բերել, նորմալ քննարկելու կարիք կա:
Ուստի ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց Գալուստ Սահակյանին, որ բացատրի՝ ինչո՞վ է պայմանավորված այդ հրատապությունը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, որ իրենք էլ են հորդորել հետ տանել նախագիծը եւ նման փնթի կերպով չներկայացնել. «Մենք դեմ ենք նման հրատապության կարգով այս օրենքը անցկացնելուն: Բնականաբար քվեարկելու ենք հատուկ կարգով անցկացնելուն դեմ»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ բարկացած հայտարարեց, որ օրենքը երբ ընդունում են, այն պետք է կենսունակ լինի, ոչ թե գյուղացիները հետո կրակն ընկնեն այս օրենքի ձեռքը:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ միացավ դժգոհողներին:
Բայց իրավիճակը չփոխվեց, ՀՀԿ-ականները 58 կողմով ընդունեցին կառավարության այդ առաջարկը, եւ նախագիծը կքննարկվի հրատապ կարգով այսօր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ