Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիայի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենի ուղերձը՝ Միգրանտների միջազգային օրվա առիթով

Դեկտեմբեր 18,2015 10:22

Թո՛ղ քո լույսը շողա

Վիլյամ Լեյսի Սվինգ, ՄՄԿ Գլխավոր տնօրեն

Այս տարվա ընթացքում մենք մութ ու խավար օրերի ականատես եղանք: 2015թ. տեսանք ցնցող բռնության դրսևորումներ, բնության տարերքներ, իսկ ամենացավալին փոքրիկ տղայի՝ Այլան Կուրդիի դին էր` բերանքսիվայր, Միջերկրական ծովի ափին:

Թեպետ աշխարհը լեցուն է խավարով, սակայն զարմանալի չէ, որ շատ ու շատ մշակույթներ ունեն լույսի փառատոններ: Վերջերս հինդուիզմի հետևորդները նշեցին Դիվալին, իսկ անցած ամիս Հարավարևելյան Ասիայում նշվեց Լոյ Կրաթոնգը, փառատոն, որի ընթացքում շուրջբոլորը հեղեղված էր մոմերով՝ ի նշան երախտիքի: Շուտով կսկսվեն Արևմտյան աշխարհի տոները: Լույսերն արդեն ամենուր առկայծում են՝ Սենթրըլ Փարքից մինչև Բոնդի Բիչ:

Իռլանդիայում, որ ժամանակին մաքառում էր աղքատության, պատերազմի ու սովի ճիրաններում, կա մի ավանդույթ. տոնական օրերին պատուհանագոգին մոմ են վառում՝ հիշելու արտագաղթի ճանապարհը բռնածներին, ովքեր հեռու-հեռավոր վայրերում են հանգրվանել:

Ճակատագրի հեգնանքով այսօր էլ այդ ավանդույթն արդիական է, այսօր էլ դեռևս շատ ու շատ ընտանիքներ Միջին Արևելքից ապահով հանգրվան են փնտրում:

2015թ. միգրացիան որպես խնդիր ցցուն դրսևորվեց: Այս տարին առանձնացավ բնակչության զանգվածային ու արագ տեղաշարժի դրսևորումներով: Վանուատուի թայֆունի, Նեպալի երկրաշարժի, Սիրիայի պատերազմի և մի շարք երկրներում տեղ գտած բռնությունների հետևանքով նավակներով դեպի եվրոպական ափեր հասան պատերազմից, աղքատությունից ու հալածանքներից փախչող մոտ 900.000 միգրանտներ. աշխարհը վայրիվերումների մեջ էր՝ լեռներից սկսած մինչև անապատներ ու օվկիանոսներ:

Եղան լրատվամիջոցներ ու հասարակության հատվածներ, որոնք խուճապային անգիտությամբ փորձեցին միգրացիան ներկայացնել որպես սոցիալական չարիք, որ բաժանում է ընտանիքներին, համայնքներին և ծնում է մոլեռանդություն: Տասնյակ տարիներ ես հետևել եմ միգրացիային, մեկնաբանել, առաջնորդել աշխատանքներն այս ոլորտում և այս տարի առաջին անգամ ես սկսել եմ անհանգստություն ապրել:

Ես նկատում եմ, որ սկիզբ են առնում հակամիգրանտային տրամադրություններ: Ես նկատում եմ քաղաքական տկարություն. խիզախության բացակայություն, առաջնորդման սնանկություն և բարոյականության ու նրբանկատության աղքատիկ վիճակ: Ես նկատում եմ միակողմանի բանավեճ, որտեղ շեշտադրվում են վախը, բացասականը և անվտանգությունը: Ո՞ւր մնացին անցյալ ամառվա ողջունող ժպիտները: Որտե՞ղ են այն պաստառները, որոնք ֆուտբոլային խաղերի ժամանակ ազդարարում էին «բարի գալուստ միգրանտներին»: Գիտեմ, որ դրանք կան, գիտեմ, որ դրանք կրկին կհայտնվեն, երբ մենք հավաքվենք աշխարհի տարբեր քաղաքներում համերաշխության մոմավառության համար: Ինձ ուժ ու կորով է հաղորդում առողջ դատողությունն ու մեծահոգությունը, որ հանդես են բերում սովորական մարդիկ ու հասարակությունները, որտեղ կան միգրանտներ ու ոչ-միգրանտներ, մաշկի տարբեր գույնի, տարբեր քաղաքական հայացքների ու դավանանքի տեր մարդիկ:

Ես իրապես հավատացած եմ, որ հասարակությունը կշարունակի գրկաբաց ու սրտաբաց ընդունել հալածվածներին ու տառապյալներին: Որոշ երկրների ղեկավարներ կարող են բծախնդրություն հանդես բերել, սակայն Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հաշվի առնելով հասարակական բանավեճերում հնչած նկատառումները, մարդկային զարգացման իր ուղենիշներում՝ Կայուն զարգացման նպատակներում հստակորեն ընդգծում է միգրացիայի կարևորությունը:

Միգրացիան միանշանակ ներառված է գլոբալ հարցերի օրակարգում: ՄԱԿ-ի շրջանակում այս տարի տեղի ունեցավ միգրացիայի հարցերով վեհաժողով Մալթայում, որին մասնակցեցին Աֆրիկայի ու Եվրոպայի առաջնորդները: Ասիայում Ադամանյան ծովի շրջանում ձևավորված միգրացիոն ճգնաժամից դուրս գալու տարածաշրջանային լուծում են փնտրում: Կանադայի նոր կառավարությունը հնչեղ կոչով հանդես եկավ՝ իր հարկի տակ արագ, կարգավորված ու բարեհաճ կերպով ընդունելով 25.000 փախստականների:

Հաճախ ես մեր ժամանակները նկարագրել եմ որպես մարդասիրական բնույթի արտակարգ իրավիճակների կատարյալ փոթորիկ, որը ներկայումս հանգեցրել է մարդկանց շարժունակության աննախադեպ մեծացման: Մեր մոլորակում ամեն յոթ հոգուց մեկը կամ ավելի քան մեկ միլիարդ մարդիկ այս կամ այն կերպ միգրանտ են: Նրանց շարքում գրեթե 60 միլիոնը հուսահատ միգրանտներ են, որոնք բռնությամբ տեղահանվել են իրենց տներից ու այն վայրերից, որտեղ նրանք հասակ են առել: Միլիոնավոր այլ միգրանտներ իրենց բախտն են փնտրում այլ երկրներում կամ իրենց երկրի այլ վայրերում, ինչպես կաներ ցանկացած մարդ:

Սա իրապես կատարյալ փոթորիկ է, քանի որ շատ ու շատ տեղերում աննախադեպ թշնամանք ու վախ է ծնունդ առնում: Կա արդյո՞ք մի քաղաք, որ միգրանտների նախաձեռնություններից վերելք չի ապրել: Իսկ երբ կարդում եմ պատերազմի ու բռնության զոհերի հասցեին հնչող պարսավանքի խոսքերը ու տեսնում, թե ինչպես են դրանք հեշտությամբ տարածվում աշխարհով մեկ, ինձ սկսում է անհանգստություն պատճառել այն ուղին, որով առաջ է շարժվում մարդկությունը:

Հիմա ապահով, անվտանգ ու օրինական միգրացիայի ժամանակն է ամբողջ աշխարհում:

Երկար ժամանակ շատերը վիճարկում էին այն հարցը, որ մարդկանց շարժունության հետ կապված խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է կառավարել միգրացիան ապահովելու բոլորի անվտանգությունը: Մենք պետք է ընդունենք, որ միգրացիան մեր ժամանակների խիստ կարևոր միտումներից մեկն է և մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրան, զերծ մնանք պախարակելուց, եթե ուզում ենք իրապես ինչ-որ բանի հասնել:

Միգրանտները տեղաշարժվում են. մենք նրանց կարիքն ունենք ճիշտ այնպես, ինչպես նրանք ունեն մեր կարիքը: Աշխարհում սակայն պետք է լինեն առաջնորդող ջանքեր, որ միգրացիան կառավարվի ապահով, անվտանգ ու օրինական ձևով: Վաղուց ժամանակն է, որ հասուն հասարակությունները ցույց տան, որ պատրաստ են անել այն, ինչ անհրաժեշտ է այս միախառնման հաջողության համար:

Այո, կա խավար: Բայց ամեն մեկս մի քիչ լույս ունենք: Թո՛ղ լույսը շողա:

International Organization for Migration,

Mission in Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031