Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորական փոշի

Դեկտեմբեր 18,2015 10:04

Առեւտրային գովազդի կանոններով` եթե դուք գովազդում եք ձեր ապրանքը, ապա այդ գովազդային հոլովակում չպիտի լինի որեւէ այլ ապրանքի հակագովազդ: Նկատած կլինեք, որ, ասենք, եթե գովազդվում է լվացքի X փոշին, ապա դրան, որպես անարդյունավետության օրինակ, հակադրվում է ոչ թե Y-ի անունը (ինչը կլիներ հակագովազդ), այլ սպիտակ ֆոնի վրա գրվում է «սովորական փոշի»: Օրենքն այդ առումով պարզ ասում է՝ պատմիր, որքան լավն ես դու, ոչ թե՝ որքան վատն է դիմացինդ:

Լրատվական դաշտում նման կանոններ չեն գործում: Սովորաբար, լրագրողները չեն սահմանափակվում միայն հետաքրքիր պատմություններ փնտրելով եւ դրանք ընթերցողներին ներկայացնելով՝ նրանք նաեւ ձգտում են ցույց տալ, թե որքան խիզախ են, անկախ եւ ինչպիսի անխոնջ գաղափարական մարտիկներ են՝ ի տարբերություն ճիշտ հակառակ մարդկային եւ քաղաքացիական հատկանիշներն ունեցող գործընկերների:
Բայց դա մանրուք է եւ մանկապարտեզ՝ համեմատած քաղաքական դաշտում մրցակցության հետ: Այստեղ ակնհայտ է, որ դու պետք է ցույց տաս քո անվերապահ արժանիքները՝ միայն մնացածների ճչացող թերությունների ֆոնի վրա: Հետեւաբար դու պարտավոր ես խոսել ոչ թե այն մասին, թե, օրինակ, ինչպես պետք է կազմակերպել կայանատեղիներ քաղաքում (եթե, իհարկե, համաձայն ես, որ ինչ-որ կերպ պետք է կազմակերպել, ոչ թե ամեն մեկը կանգնի՝ որտեղ ուզում է), այլ հնարավորինս էմոցիոնալ եղանակով բացականչես՝ «վայ, թալանչիներ, կերաք էս ժողովրդին ձեր կարմիր գծերով»: Նախ՝ այդպես ավելի հեշտ է ձեռք բերել «ժողովրդի մասին մտածողի» համբավ, երկրորդ՝ կազմակերպման մասին մտածելու համար պետք են որոշակի մտավոր ճիգեր, որոնք գործադրելու ցանկություն կամ հնարավորություն չկա:

Սակայն դա էլ ամենավատ տարբերակը չէ, որովհետեւ այստեղ, այնուամենայնիվ, խոսք է գնում իշխանություն-ընդդիմություն հակադրության մասին՝ ճիշտ է, առանց որեւէ դրական ելքի: Ավելի զավեշտական է, երբ ընդդիմադիր գործիչներն ուզում են ապացուցել իրենց «ճշմարիտ» ընդդիմադիր լինելը՝ հակադրվելով «կեղծ» ընդդիմադիրներին: Ես ամենեւին ԲՀԿ-ի կամ Դաշնակցության երկրպագուն չեմ, ոչ էլ նրանց, ովքեր Հայաստանի հրապարակներում 20 հոգանոց «ազգահավաքներ» են անցկացնում: Բայց ամեն մեկն անում է այն, ինչ կարող է անել, եւ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Ավելի ճիշտ չէ՞ հռետորական բոլոր նետերն ուղղել իշխանության, ոչ թե իրար դեմ:
Հետո զարմանում են, որ քաղաքացիները՝ իշխանությանը «ոչ» ասելով քվեարկությամբ, իրենց «ոչ»-ն են ասում՝ «ազգահավաքների» չգալով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ավելի ողորմելի տեսարան է, երբ համեմատում ենք “դրսի” հետ: Մոսկվայի համալսարանի ռեկտոր`Սադովնիչիյ, ԵՊՀ-Արամիկ Սիմոնյան, ինդդիմադիր Իրինա Հակամադա ՌԴ-ում, Զարուհի Փոստանջյան-ՀՀ, օլիգարխ Խոդորկովսկիյ, Լֆիկ Սամո-ՀՀ, լրագրողների մասին էլ չասեմ: Իսկ “ազգահավաք”-ը 20 հոգանոց է, թե չէ-կարծում եք սա՞ է հիմնական հարցը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031