Կառավարությունն ընդլայնել է ընտանեկան
դրամագլխի օգտագործման հնարավորությունները
«Շատ ճիշտ լուծում է տրվել: Գյուղերում այսօր կան շատ ազատված տներ, որոնք բավական մատչելի կարելի է ձեռք բերել: Իսկ հիփոթեքը գյուղում «աշխատացնելը» բավական բարդ ու թանկ է: Գյուղերում տները ջրի գին են, մարդիկ թողել-գնացել են, գոնե մնացածներն այդ տները կառնեն` իրենք տանիք կունենան, տներն էլ չեն քանդվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը` անդրադառնալով ընտանեկան դրամագլխի օգտագործման հնարավորություններն ընդլայնելու կառավարության օրերս կայացրած որոշմանը: 2014 թվականի հունվարից գործում է մի կարգ, համաձայն որի՝ 1-3 եւ ավելի երեխայի ծննդյան համար նախատեսված համապատասխանաբար 1 եւ 1,5 մլն դրամից ծնողներին կանխիկ տրվում էր միայն 500 հազար դրամը: Մնացած գումարը դառնում էր ընտանեկան դրամագլուխ, որը ծնողը կարող էր ծախսել երեք նպատակով՝ երեխաների ուսման վարձավճարի, հիպոթեքային վարկի մարման եւ առողջության ապահովագրության համար:
Ծնողն ընտանեկան դրամագլխի գումարը կարող է վերցնել մինչեւ երեխայի 18 տարին լրանալը՝ այդ ընթացքում դա ծախսելով ոչ միայն կոնկրետ այդ երեխայի, այլեւ ընտանիքի մյուս անդամների համար էլ։ Այս կարգը, սակայն, գյուղական բնակավայրերում, ինչպես ցույց տվեց կյանքը, իրեն այդքան էլ չէր արդարացնում: Ավելին, գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու եւ տոկոսագումարը վճարելու համար, քանի որ բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրում գտնվող անշարժ գույքի հիպոթեք չի ձեւակերպվում: Գյուղաբնակներին տրամադրվում են հիմնականում գյուղատնտեսական վարկեր: Հաշվի առնելով այս իրողությունները՝ կառավարությունն օրերս փոփոխություններ կատարեց նախկին կարգում: Ըստ այդմ, ընտանեկան դրամագլուխն այլեւս հնարավոր է ուղղել նաեւ այլ վարկային պարտավորությունների իրացմանը։ Խոսքն այն վարկերի մասին է, որից գյուղերում ավելի հաճախ են օգտվում։
Ընդդիմադիր պատգամավոր Լյովա Խաչատրյանը սա կարեւոր, բայց ոչ բավարար է համարում գյուղում բնակվելը խրախուսելու, կառավարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու հարցում. «Կառավարության հանդեպ վստահությունը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ բոլորը աշխատանք ունենան, հարկեր վճարեն, բյուջե ձեւավորվի, բյուջեն էլ անդրադառնա ժողովրդի կենսամակարդակի վրա: Կառավարությունը միայն այդ դեպքում կարող է լիարժեք արդյունավետությամբ աշխատել: Այսօր բյուջեն ձեւավորում ենք տույժ ու տուգանքներ հավաքելով: Նախորդ կառավարությունը հարկային դաշտն այքան է ականապատել, որ նույնիսկ հաշվապահները չեն կարողանում հասկանալ՝ ինչն ինչոց է»:
Կարդացեք նաև
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի կարծիքով՝ այս ամենն արվում է ինչ-որ ձեւեր գտնելու` գյուղացիներին խրախուսելով, արտոնություններ տալով այդ մարդկանց գյուղում պահելու համար, որպեսզի գյուղերը չդատարկվեն. «Գիտեք, այսօր մենք ունենք այդ խնդիրը: Գյուղն է քաղաքին կերակրողը, եթե չխրախուսենք գյուղացիներին, լուրջ փաստի առջեւ կկանգնենք»: Նկատեցինք, որ վերջին տարիներին տարբեր ծրագրեր հաստատվեցին սահմանամերձ բնակավայրերի, գյուղերի զարգացումն ապահովելու համար. կա՞ որոշակի մոնիտորինգ, ի՞նչ արդյունքներ են դրանք գրանցել: «Նման տվյալների չեմ տիրապետում, բայց մարդկանց հետ շփվելուց, գյուղական բնակավայրեր այցելելուց հետո, կարելի է գնահատել, որ որոշակի առավելություններ կան: Մարդն իր ամեն օրը համեմատում է նախորդ օրվա հետ, եւ ինչ-որ մի քայլ առաջ եթե տեսնում է, ուրեմն արդյունք է»: Հարցին` դուք տեսնո՞ւմ եք այդ քայլ առաջը, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք նաեւ մեր հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք: Բյուջեի հնարավորությունները սահմանափակ են, եւ եղած հնարավորություններով փորձեր արվում են մարդկանց հնարավորինս օգտակար լինելու: Եթե ասենք, որ ամեն ինչ իդեալական է, գյուղացին գոհ է, այդպես չէ: Բազմաթիվ խնդիրներ կան, առաջնայիններից է նաեւ գյուղատնտեսության ապահովագրման խնդիրը: Խորհրդարանում քննարկվում է գյուղացիական կոոպերացիաների մասին նախագիծը, որը եւս գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորություն է տալու, հատկապես անմշակ հողերը կոոպերացիաներում ներգրավելու եւ օգտագործելու: Պետք է դոտացիաները եւ սուբսիդավորումը փորձենք էլի ավելացնել, հատկապես էժան վարկեր տրամադրելու հարցում եւ այլն: Հիմա, տեղյակ եք, կառավարությունը մինչեւ վեց տոկոս սուբսիդավորում է գյուղացիական վարկերը: Քայլ առ քայլ պետք է գնանք նրան, որ գյուղատնտեսությունը ոտքի կանգնի, այդ թվում նաեւ ընտանեկան դրամագլխի օգտագործման հնարավորություններն ընդլայնելով»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12..2015