Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն 27 պատգամավորներով չէ, որ կարելի է ՍԴ-ում վիճարկել հանրաքվեի արդյունքները»

Դեկտեմբեր 18,2015 14:30

Արտակ Զեյնալյանը կարծում է,
որ ՍԴ կարող են դիմել ՀԱԿ-ը եւ բոլոր կուսակցությունները

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցություն պարտավոր է մասնակցել ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վիճարկելու ստորագրահավաքին. այդպես կքննարկվեին բոլոր այն իրավախախտումները, որոնց մասին բարձրաձայնվում է, եւ կփարատվեին եղած կասկածները:

Նշենք, որ դեռ ստորագրահավաքին միացել է 17 պատգամավոր, այնինչ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, վերջնաժամկետն էլ դեկտեմբերի 18-ն է:

«Իհարկե, չեմ կարծում, որ հնարավոր կլինի հավաքել ստորագրությունները, որովհետեւ այդ կուսակցությունների մի մասն ամեն գնով ցանկանում էր, որ այդ Սահմանադրությունն ընդունվի, եւ ոչ թե ընդունվի ժողովրդի կողմից, այլ անկասկա՛ծ ընդունվի»,- ասում է պարոն Զեյնալյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ այս գործընթացը շարունակելու այլ տարբերակ կա, ասում է, որ հանրաքվեի արդյունքները վիճարկելու իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր սուբյեկտ, որը գրանցված է եղել եւ ունեցել է քարոզչություն իրականացնելու լիազորություն: «Կարծում եմ՝ նաեւ ՀԱԿ-ը պետք է այդ իրավունքը ունենար, եւ բոլոր կուսակցությունները պետք է ունենան. դա եվրոպական կառույցների մշակած սկզբունքներից է: Այն իրավակարգավորումները, որ հիմա կան, որոնք կարելի է վիճարկել, դրանց մեկ հինգերորդը հակասում է իրավունքի էությանը»:

Երեկ ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը լրագրողներին էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած պաշտոնական տվյալների կեղծիքները եւ հայտարարել, որ դրանց մասին հաղորդում է ներկայացնելու գլխավոր դատախազին, լրագրողների ներկայությամբ էլ ստորագրել էր հաղորդման տակ. պահանջում է քննություն կատարել ու քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով ընդդիմադիր ուժի այս քայլին, ասում է. «Անպայման պետք է վիճարկել, փորձել իրավական հարթության բոլոր մեխանիզմները, եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք իրականացրել են այդ իրավախախտումները: Պատասխանատվության ենթարկելը նաեւ կանխարգելիչ նշանակություն կունենա»:

Իրավապաշտպանը հանրաքվեի վիճարկման գործընթացների վերջնարդյունքի մասին դեռ չի ցանկանում խոսել: «Պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասում է նա՝ չբացառելով, որ ինքն էլ ներգրավվածություն կունենա այդ գործընթացներում:
«Միշտ ներգրավված եմ լինում այսպիսի գործընթացներում, ձեռնպահ չեմ մնացել, անտարբեր չեմ եղել, եւ չի բացառվում, որ ապագայում եւս մասնակցեմ»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031