Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը հունից հանում է ալիեւյան ռեժիմին

Դեկտեմբեր 18,2015 14:00

ԱՄՆ-ը քաղաքական, դիվանագիտական
«ապտակներ» է հասցնում Ադրբեջանի իշխանություններին

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաեւ նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է պետդեպի ուղարկած պատասխան նամակը, որում ասվում է. «Միացյալ Նահանգները ողջունում է ներկայացված առաջարկները… Առանց հրադադարի ռեժիմի խախտումները հստակեցնող մեխանիզմների կամ հարձակումների աղբյուրը ճշտելու համար նախատեսված սարքավորումների տեղադրման՝ համանախագահների համար դժվար կլինի ուժի կիրառման հարցով հստակ մեղադրանքներ ուղղել մի կողմին»:
Ռոյս-Էնգել նախագծում առաջարկվող կետերն ընդունվել են Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը եւ ԵԱՀԿ-ն եւս հայտնել են, որ աջակցում են ներկայացված նախագծին: Միայն Ադրբեջանն է, որ դեմ է դրանց կիրառմանը:

Օրեր առաջ Էդ Ռոյսը կոչ արեց խոսքից գործի անցնել՝ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության գոտում բռնություններին վերջ տալու ուղղությամբ, քանի որ կարծում է՝ սա նաեւ միջազգային հանրության անելիքն է: «Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կոչ եմ անում հատուկ ճեպազրույցի ընթացքում պատասխանել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող որոշ հարցերի։ Ինչո՞ւ դիպուկահարներին սահմանից հետ չեն քաշում, ինչո՞ւ չեն ստեղծում այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,- Վաշինգտոնում Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած՝ «Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով կազմակերպված միջոցառմանն ասել էր կոնգրեսականը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զինուժի աննախադեպ գործողություններին՝ մասնավորապես, տանկերից կրակելու փաստին։ «1500 փամփուշտ է արձակվել տանկերից եւ ականանետերից, իսկ Լեռնային Ղարաբաղում այդ պայմաններում ապրում է 140 հազար մարդ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ»,- ասել էր կոնգրեսականը՝ ընդգծելով, որ հաճախ են կոչեր հնչում բռնություններին վերջ տալու մասին, սակայն պատասխանատվություն ոչ ոք այդպես էլ չի կրում տեղի ունեցածի համար։

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը կանխելու նպատակով Էդ Ռոյսն ու մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Էլիոթ Ինգըլը, ամիսներ առաջ էին երեք կետից բաղկացած ծրագիր կազմել, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել պատերազմի վերսկսումը։ Դրանք վերաբերում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերին, այդ թվում՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը, ԵԱՀԿ դիտորդական գործողություններն ակտիվացնելը, սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ ստեղծելը:

ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատմանը: Ռոյսի եւ մյուս կոնգրեսականների ներկայացրած նամակում, որի տակ ստորագրել են 80 կոնգրեսականներ, կոչ է արվում շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը, շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Բացի կոնգրեսականների բավական կարեւոր աշխատանքից, պաշտոնական Վաշինգտոնը հստակ քաղաքականություն է վարում ԼՂ հարցում` բացահայտ պաշտոնական Բաքվի կեցվածքին ընդդիմանալով:

Օրեր առաջ Վաշինգտոնը հայտարարեց, որ անհանգստացած է վերջերս հաճախակի դարձած ղարաբաղյան հակամարտության շրջանում հրադադարի խախտումների դեպքերով: Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի վերջին էսկալացիան եւ ծանր սպառազինության կիրառությունը անընդունելի են՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության պետ Ջոն Քիրբին։ «Մենք կոչ ենք անում կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա։ Քիրբին անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ապագա հանդիպմանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կանցկացնեն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ։ Մենք կոչ ենք անում կողմերին ընդունել բոլոր միջոցառումները՝ բռնությունից խուսափելու եւ բանակցությունների համար մթնոլորտի բարելավման համար»,- ասել է նա:

Բացի կոչերն ու հայտարարությունները, Միացյալ Նահանգները ընդգծված քաղաքականություն է վարում ԼՂՀ իշխանությունների հետ շփումները հրապարակայնացնելու հարցում, ինչը կարելի է պատկերացնել, թե ինչպես է զայրացնում ու հունից հանում ալիեւյան ռեժիմին:

Մի քանի օր առաջ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ։ Այս այցն իսկապես տպավորիչ էր, եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, եւ ընդունելով ԼՂՀ իշխանության ներկայացուցչին՝ անկախ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից ԼՂ կարգավորման վերաբերյալ, սա հստակ ազդակ է Ալիեւին:

Այսպես, դեկտեմբերի 9-ին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ռոբերտ Դոլդի, ինչպես նաեւ կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի եւ հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ Կարեն Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ սենատոր, հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ եւ քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաեւ ԱՄՆ կողմից ԼՂՀ-ին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերող մի շարք հարցեր: Նույն օրը ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել էր ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հովանու ներքո Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով: Միջոցառմանը ներկա էին գտնվել եւ ելույթներով հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Ռոբերտ Դոլդը, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ ուրիշներ: Կոնգրեսականներն իրենց աջակցություն էին հայտնել ԼՂՀ անկախությանն ու ժողովրդավարական զարգացմանը եւ ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ուշադրության կենտրոնում պահել Արցախին առնչվող հարցերը:

Այնուհետեւ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին, որի հետ քննարկել էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում ձեռնարկվող սադրանքների, ինչպես նաեւ Արցախին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության հետ կապված հարցեր: Կարեն Միրզոյանը հանդիպել էր մի խումբ տարածաշրջանային փորձագետների հետ։

Զարմանալի չէ, որ ԼՂՀ ԱԳ նախարարի այցն ԱՄՆ հիստերիայի է հասցրել Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը ԱԳՆ է կանչել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային եւ նրան բողոքի նոտա է հանձնել։ Բողոքի նոտան կապված է նրա հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 9-ին մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը, որի շրջանակներում հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։

Այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան ինտենսիվորեն տեղեկություններ է տարածում այն մասին, թե Ուորլիքը կարող է լքել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը: «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կարող է փոխարինել մեկ այլ միջնորդ. «Ներկա դրությամբ դիտարկվում է ԱՄՆ համանախագահին փոխարինելու հարցը: Ադրբեջանը քանիցս դժգոհություն է հայտնել Ուորլիքի գործունեության ու նրա արած հայտարարությունների կապակցությամբ»։ Աղբյուրը հիշատակել էր Վաշինգտոնում Ուորլիքի ու ԼՂՀ արտգործնախարարի հանդիպումները ու ԼՂՀ-ի իշխանությունների միջոցառումներին Ուորլիքի մասնակցությունը, որոնք, նրա պնդմամբ, կարող են վերջ դնել Ուորլիքի միջնորդական կարիերային։

Սակայն ադրբեջանական քարոզչական «աճպարարությունները» մի քանի ժամվա կյանք ունեցան. օրերս ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնեց, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, թե Վաշինգտոնը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին մեկ այլ դիվանագետով փոխարինելու հարցը։ ԱՄՆ դեսպանատանը գործակալության աղբյուրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջովին հավատում է դեսպան Ուորլիքին եւ վստահում է նրան, եւ Ուորլիքը շարունակելու է իր աշխատանքը։

Պաշտոնական Վաշինգտոնի կողմից քաղաքականությունն առավել քան հստակ է Լեռնային Ղարաբաղի հարցում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմնակից լինելով բանակցությունների սեղանին գոյություն ունեցող մադրիդյան սկզբունքներին, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները իրականացնում է քայլեր, որոնք հստակ կարելի է քաղաքական, դիվանագիտական որակել՝ որպես հերթական «ապտակներ» Ալիեւի իշխանությանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031