Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերակենդանացման բաժանմունքից տուն են ուղարկել

Դեկտեմբեր 18,2015 13:30

Պետությունից պետպատվերի համար միլիոններ են ստանում,
բայց պետպատվերով բուժվող հիվանդներին «քաղցր աչքով չեն նայում»

Ստամոքսի ու որովայնի շրջանում սուր ցավերով, սրտխառնոցով, գլխացավով շտապօգնության մեքենայով Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Գագիկ Հովհաննիսյանին մեկ օր հետո բժիշկները տուն են ճանապարհել: «Պալատներում տեղ չկա»,- այսպես են պատճառաբանել հիվանդանոցի բժիշկները: Մեկ օրվա ընթացքում Գագիկ Հովհաննիսյանին հետազոտել են, ստուգել սիրտը, որովայնը, գաստրոսկոպիա արել ու պարզել, որ նրա մոտ ստամոքսի սուր գաստրիտ է, սակայն քաղաքացի Հովհաննիսյանի վիճակն այնքան վատ չէ, որ հիվանդանոցում պառկեցնեն:

«Վճարունակ չէինք, դրա համար էլ արագ մեզնից ազատվեցին, որ գումար ունենայինք, աջ ու ձախ բաժանեինք, տես ոնց կպահեին: Այդ մեծ հիվանդանոցում տեղ չկա՞ր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գագիկ Հովհաննիսյանի կինը՝ տիկին Հասմիկը, որը հույս է ունեցել, որ ամուսինը գոնե մի քանի օր հիվանդանոցային բուժում կանցնի ու փոքր-ինչ կկազդուրվի: Նրա խոսքերով՝ ամուսնու դեմքին նայելուց էլ պարզ է, թե «որքան լուրջ է վիճակը»:

«Գույնը դեղնած է, ամբողջ օրգանիզմը ուռում է, հաստաղիքը, լյարդը, լեղապարկը վատ վիճակում են»,- ամուսնու առողջական վիճակը նկարագրում է տիկին Հասմիկը:
Նրա խոսքերով՝ ամիսներ առաջ էլ նույն պատմությունն է եղել. ամուսնուն սուր ցավերով տարել են նույն հիվանդանոցը, երկու օր պահել են եւ դուրս գրել:
Գագիկ Հովհաննիսյանը չնայած ոտքի վրա է, սակայն գտնում է, որ իրեն հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ, քանի որ շատ թույլ է, եւ ինքնազգացողությունն էլ գնալով վատանում է, շունչը կտրվում է, սակայն ինչ է թե՝ պետպատվերով պետք է բուժվի, բժիշկները «ցրում» են:

«Երբ ասեցի, որ կբողոքեմ առողջապահության նախարարություն, կզանգեմ թեժ գիծ, առաջարկեցին մի քանի օր էլ պառկեմ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինչո՞ւ պետք է այնտեղ պառկեմ, եթե ինձ պես հիվանդի համար պալատ է նախատեսված: Ես էլ մերժեցի, քանի որ պալատներում տեղ չգտնվեց»,- ասում է Գագիկ Հովհաննիսյանը: Նա 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, հետեւաբար իրավունք ունի օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից ու սպասարկումից: Այդ իրավունքն ամրագրված է ՀՀ կառավարության 318-Ն որոշումով:

Գագիկ Հովհաննիսյանի հիվանդության հարցն այս ընտանիքի միակ խնդիրը չէ, ընտանիքը սոցիալապես անապահով է, 4 երեխաներից երկուսն էլ աուտիզմով հիվանդ են: Ամուսինները չեն աշխատում, եւ ընտանիքն ապրում է հաշմանդամության թոշակով ու նպաստով: Իսկ այդ գումարն այնքան քիչ է, որ ընտանիքի անդամների սննդի ու կոմունալ ծախսերը չի ծածկում:

«Ինձ ասացին, որ հիվանդանոցի հիվանդ չեմ, գնամ տուն, որ դեղերը տանն էլ կարող եմ խմել, ու դուրս գրեցին: Էնքան ցավեր կան, որ ես էլ արդեն չեմ զգում, սաղ խառնված է իրար: Ստամոքսիս նոպաները որ բռնում են՝ շունչս կտրվում է, ցավը խփում է գլխիս»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Հովհաննիսյանը:

Նկատենք, որ այս հիվանդանոցը բացառություն չէ, եւ պետպատվերով բուժօգնության դիմած հիվանդները՝ լինի այս, թե մեկ այլ բուժհիմնարկում, հիմնականում խնդիրներ են ունենում իրենց՝ օրենքով հասանելիք իրավունքից օգտվելիս: Նրանք, կարելի է ասել, բուժհիմնարկների համար անցանկալի հաճախորդներ են: Եվ այս հարցը երկար տարիներ է՝ ոչ մի կերպ չի լուծվում: Մինչդեռ այնպիսի խոշոր հիվանդանոցներում, ինչպիսին օրինակ՝ «Գրիգոր Լուսավորիչն» է, պետությունը միլիոնների պետպատվեր է տրամադրում, եւ այդ գումարներից էլ գոյանում են նույն բուժհիմնարկների բժիշկների աշխատավարձերը: Թե ինչու այդ մեծ հիվանդանոցում 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդու համար մեկ մահճակալ չէր գտնվել, որպեսզի մարդը մի քանի օր հիվանդանոցային բուժում ստանար, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ «ոչ մի պալատ ազատ չէր»: Բացի այդ, բժիշկ Կարապետյանը պնդեց, որ Գագիկ Հովհաննիսյանը ամբուլատոր բուժման կարիք ունի, այսինքն՝ ոտքի վրա է, եւ որ դեղորայքը կարող է ստանալ նաեւ տան պայմաններում: Ըստ բաժանմունքի վարիչի՝ հիվանդի վիճակն այդքան վատ չէր, որ պահեին հիվանդանոցում:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են առաջին օրը հիվանդին ուղիղ վերակենդանացման բաժանմունք տարել, եթե սուր վիճակ չի եղել, Սամվել Կարապետյանն ասաց, որ Գագիկ Հովհաննիսյանին շտապօգնությունով են տեղափոխել, եւ վերակենդանացման բաժանմունք ասվածն իրենց հիվանդանոցում ավելի լայն ուղղվածությամբ է: Ըստ բաժանմունքի վարիչի՝ հիվանդներին նախ այդտեղ են տանում, ապա բուժզննություններից, հետազոտություններից հետո, եթե ծանր հիվանդ է, մնում է վերակենդանացման բաժանմունքում, եթե հիվանդի վիճակն այդքան ծանր չէ՝ տեղափոխում են պալատ. «Գագիկ Հովհաննիսյանը նեւրոզ ունի, եւ հաշմանդամության կարգն այդ հիվանդության համար է: Գաստրոսկոպիկ քննություն ենք անցկացրել եւ նրա մոտ հայտնաբերել գաստրիտ, որը կարող է սննդի չարաշահման, սխալ սնվելու հետեւանքով առաջացած լինել, սակայն նրա վիճակը ծանր չէ, որպեսզի հիվանդանոցային պայմաններում բուժվի, այդ իսկ պատճառով առաջարկել ենք գնալ տուն: Երբ նա ասաց, որ ուզում է հիվանդանոցում բուժվել, առաջարկեցի մի քանի օր պառկել վերակենդանացման բաժանմունքում, մինչեւ որ պալատում տեղ կազատվեր, սակայն հրաժարվեց»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031