Ասում է ավիատոմսերի վաճառքի գործով կալանավորված տիկինը
Անցյալ տարվա օգոստոսի 14-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր գտնվում Վիկտորյա Մալոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նախորդ օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանի (լուսանկարում) նախագահությամբ ընթացած դատական վիճաբանությունների փուլում նախ լսվեց պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանի պաշտպանական ճառը, ապա հանդես եկավ Վ. Մալոյանը, լսվեց նրա վերջին խոսքը:
Վիկտորյա Մալոյանի համար դատախազը միջնորդել էր 5 տարի ժամկետով ազատազրկում, դատարանը մեկ տարով նրա պատժաչափն իջեցրեց:
Անհատ ձեռներեց Վ. Մալոյանը մեղադրվել էր «Արմավիա» ավիաընկերությունից տարբեր չվերթների «արտոնյալ» ավիատոմսեր ստանալու, իրացնելու, տարբեր գովազդային ծառայություններ մատուցելու համար, որոնք ձեւակերպված չեն եղել:
Ըստ մեղադրանքի կողմի, նրա գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել էր 21 641 537 ՀՀ դրամի վնաս:
Վիկտորյա Մալոյանի գործով ամենամեծ սկանդալը եղել է այս գործով տուժող ճանաչված «Բրենդ Մեդիա Տրանսի» համար Բրազիլիա մեկնող ուղեւորների տոմսերի անհետացումը, ինչպես նաեւ՝ տուժող ճանաչված «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի» չվերթի ձախողումը: Ֆեդերացիան նախապես վճարել էր գումարներ, կնքել պայմանագիր, սակայն հայրենի «Զվարթնոց» օդանավակայան հասնելով՝ պարզել են, որ տոմսերը չկան:
Կարդացեք նաև
Իր վերջին խոսքում Վիկտորյա Մալոյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչել, չի ճանաչում: Նա ասաց, թե ունեցել է որոշակի կարծիք Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործերի վերաբերյալ: Սակայն իր կարծիքը փոխվել է իր գործի նախաքննության ժամանակ:
Նա ասաց, որ մինչեւ վերջ պայքարելու է. «Ես որեւէ բարոյական սահման չխախտեցի: Երկու տարի է, ինչ գտնվում եմ մարմնավաճառների, թմրամոլների կողքին: Մինչեւ վերջ գնալու եմ: Եվ օգտվելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իմ իրավունքներից»:
Նա ասաց, որ դատարան չներկայացավ Միկա Բաղդասարովը, որ դատարանն անհարկի մերժեց իր պաշտպանի միջնորդությունը նրան որպես վկա դատակոչելու մասին: Պաշտպանական կողմի ակնարկը թափանցիկ էր. նա առանց Բաղդասարովի համաձայնության չէր կարող նման լայնամասշտաբ գործունեություն ծավալել:
Վիկտորյան ասաց, որ իրեն բռնությամբ են տարել ոստիկանության Կենտրոնի բաժին, եւ իմանալով, որ ինքն ունի ռուսական կրթություն, ստիպել են, որպեսզի ստորագրի ցուցմունքի տակ, սպառնալով երկու անչափահաս երեխաներին վնասել:
Ի դեպ, բացի անչափահաս երեխաներից, նրա խնամքին էին տարեց ծնողները:
Իրեն բաժին հարկադրաբար տանողների մեջ է եղել գլխավոր դատախազության աշխատակիցներից մեկի եղբայրը, որի անունը նա չտվեց:
Մեղադրողն իր ռեպլիկով առարկեց ասվածին, նշելով, որ պաշտպանական կողմի փաստարկներն անհիմն են ու կողմնակալ:
Նա հայտնեց, որ ԱԱԾ-ում Մալոյանը գրագետ հայերենով ցուցմունք է տվել, որեւէ հայտարարություն այդ կապակցությամբ չի արվել: Այս կապակցությամբ ռեպլիկի իրավունքից օգտված պաշտպանն ասաց, թե նրա կողքին գտնվել է պաշտպանը, սակայն դրանով հանդերձ, ցուցմունքում սխալները շատ են:
Պաշտպան Գայանե Գրիգորյանն իր ճառում ասաց, թե պետական եկամուտների կոմիտեն իրավունք չուներ ֆիզիկական անձ հանդիսացող Վիկտորյա Մալոյանի գործունեության նկատմամբ ստուգումներ կատարել, իսկ ստուգումների ակտն էլ տրամադրեր փորձագետներին՝ եզրակացություն տալու համար: Դատախազն առարկեց, նշելով, որ մեղադրանքի հիմքում նման ակտ չկա:
Գայանե Գրիգորյանը միջնորդեց, որպեսզի սույն քրեական գործը կարճվի եւ արդարացվի Վիկտորյա Մալոյանը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Նա ասաց, որ վկա Լուսինե Գալյանի խնդրանքով է Վիկտորյան ավիատոմսերի պատվեր ստացել: Չի իմացել, թե ով է պատվիրատուն:
Լուսինե Գալյանը խնդրել է Վիկտորյային, որպեսզի գործնական հարցերի շուրջ իրենցից բացի, որեւէ մեկը չիմանա: Պաշտպանն ուշադրություն հրավիրեց դատարանում Լուսինեի եղբոր՝ Սմբատի ցուցմունքի վրա, որը հայտնել էր, թե իր ներկայությամբ է քույրը գումար տվել Վիկտորյային:
Ըստ պաշտպանի՝ «անհայտ անձանց» գումարների անհետացումը փորձել են գցել իր պաշտպանյալի վրա:
Ի դեպ, նա հղում կատարեց Կենտրոնի դատարանում ավարտված մի քաղգործի վրա, համաձայն «չմատակարարված ապրանքի վերադարձի գործով» վճռի, 16 720 000 դրամ պետք է բռնագանձվի հօգուտ դպրոցականների նշյալ ֆեդերացիայի, քանի որ չի իրականացվել Երեւան-Դուբայ-Բրազիլիա չվերթը:
Ի դեպ, առկա է ԿԳ նախարարության գրությունը գումարների վերականգնման մասին:
«Բրենդ Մեդիա Տրանսը» մինչ «Զվարթնոց» հասնելը, որեւէ մեկին չի հայտնել առաջացած խնդիրների մասին: Պաշտպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վիկտորյա Մալոյանը նշյալ ֆեդերացիայի նկատմամբ որեւէ պարտավորություն չի ունեցել: Նա տուժողներին չի համոզել, նրան չի հանձնվել որեւէ գույք, գումար, նրան չեն ճանաչել: Ընդհակառակը, իմանալով ծագած խնդրի մասին, իր անձնական կապերի շնորհիվ ձեռք է մեկնել, փորձել է այլ ավիատոմսեր ձեռք բերել:
Վկաներից Անուշ Գրիգորյանը ցուցմունք էր տվել, թե զանգել են չվերթի համար:
18 ուղեւորի համար ամրագրել են տեղերը:
Ըստ պաշտպանական կողմի, «Բրենդի» եւ ֆեդերացիայի միջեւ կնքված պայմանագրի 2-րդ կետի համաձայն, չվերթի իրականացումը պետք է կազմակերպվեր 30 օրվա ընթացքում: Եթե, ըստ նրանց, անգամ Վիկտորյան առնչություն ունենար, միեւնույն է, պայմանագրի ժամկետը չէր լրացել: Նրան փաստորեն ձերբակալել են:
Պաշտպանական ճառերի ժամանակ խոսք գնաց Գալյանի համակարգչի անհետանալու, եւ առհասարակ, էլեկտրոնային գրագրության ուղղությամբ նախաքննության մարմնի անգործության մասին: Ըստ հայտնվածի, «շինծու էլեկտրոնային ավիատոմսերը» չեն կարող համարվել վաճառված, դա ընդամենը ամրագրում է: Խոսք գնաց նաեւ «Արմավիայից» 503 ավիատոմսեր ձեռք բերելու, 15 միլիոն դրամից ավելի գովազդային ծառայություններ մատուցելու, միայն Մոսկվայում 13 500 000 դրամի գովազդային հոլովակներ տեղադրելու մասին, Վիկտոյայի գործունեության մասին:
Պաշտպանն «Առավոտին» ասաց, որ կդիմի վերաքննիչ դատարան, կբողոքարկի դատավճիռը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12..2015