Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը չպետք է մնա պարզ բնազդների մակարդակում»

Դեկտեմբեր 18,2015 12:00

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենը՝ բարձր արվեստի, «գլամուրի» ու գրականության «ծյունինգավորման» մասին

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենը «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ թարգմանել է Դեն Բրաունի՝ 50 եւ ավելի լեզուներով թարգմանված, 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնոն»:
«Առավոտի» հետ զրույցում Վահե Արսենը նշեց, որ դանդաղ է թարգմանել՝ կորուստները նվազագույնի հասցնելու նկատառումներով: Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, իր համար առաջնայինը ոչ թե տեքստը, այլ գործը թարգմանելն ու հայ ընթերցողին փոխանցելն էր: «Նույնիսկ Դեն Բրաունի նման լեզվական առումով շատ ստանդարտ անգլերենով գրված ստեղծագործությունը դանդաղ եմ թարգմանել, որովհետեւ անկախ նրանից, թե հեղինակն ինչ անգլերենով է գրում, ժամանակ է պետք, որ դու կարողանաս ոչ թե տեքստը, այլ ստեղծագործությունը թարգմանել: Ինձ թվում էր, թե հեշտ կլինի Դեն Բրաունին թարգմանելը, որովհետեւ ծանոթ էի նախորդ վեպերին, լեզուն էլ դժվարություն չի ներկայացնում, բայց պարզվեց, որ շատ ավելի բարդ է այն առումով, որ այդ վեպում մանրամասնորեն ներկայացվում են Իտալիայի քաղաքները, Ստամբուլը, փիլիսոփայական մի շարք ուղղություններ, մանրամասնորեն ներկայացված է Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Պատկերավոր ասած՝ թարգմանելը դժոխքի վերածվեց ինձ համար, քանի որ հեղինակը չափազանց մանրակրկիտ է ներկայացնում ճարտարապետական կոթողները, անգամ տանիքի կառուցվածը՝ դետալ առ դետալ, ներկայացվում են նկարներ, քանդակներ… Պետք է կարողանաս այնպես անել, որ հայերենով այդ ամենը խրթին չլինի, եւ ընթերցողը կարդալիս հաճույք ստանա»,-հայտնեց թարգմանիչը:

Իր պարագայում ավելի հեշտ չէ՞ր թարգմանելը, երբ լինելով թարգմանիչ, նաեւ գրչի մարդ է, բանաստեղծ՝ մեր այս հարցին ի պատասխան՝ Վահե Արսենն ասաց. «Անշուշտ, դա օգնում էր… Ցավոք, Հայաստանում այսօր տեքստային թարգմանությունն է առաջին պլանում, եւ մի շարք հրատարակչություններ մշակույթի, արվեստի շահը մի կողմ թողնելով՝ միայն բիզնես շահ են հետապնդում եւ նպատակ ունեն հնարավորինս արագ ստեղծագործությունը տպագրել՝ անկախ նրանից՝ այդ ստեղծագործությունը բնագրի՞ց է թարգմանված, թե՞ ռուսերենից: Երբեմն էլ գրում են, որ իբր բնագրից է թարգմանված, մինչդեռ թարգմանիչը չգիտի էլ այդ լեզուն: Միջնորդ լեզվից թարգմանելու դեպքում կորուստը շա՜տ մեծ է, բացի այդ, թարգմանիչը պետք է կարողանա նաեւ իր եսը մի կողմ դնել»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր խմբագրությամբ լույս տեսնող «Արտասահմանյան գրականություն» ամսագրի 3-րդ համարում իր նախասիրությամբ թարգմանել եւ զետեղել է Դիլըն Թոմաս, ասում է՝ շատ դժվար էր թարգմանելը, չնայած սիրում է հեղինակին: Վահե Արսենի ձեւակերպմամբ. «Տվյալ դեպքում սերը ոչ թե թարգմանելու ժամանակ է աշխատում, այլ դրանից առաջ, իսկ թարգմանելու ժամանակ ավելի շատ «ատելություն» է առաջանում, մեծ ջանք է պահանջում թարգմանելու պրոցեսը: Իմիջիայլոց, թարգմանությունը պետք է լինի Աստվածաշնչի նման: Նզովյալ լինի նա, ով մեկ բառ կավելացնի կամ կպակասեցնի՝ այս սկզբունքով պետք է աշխատի թարգմանիչը»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ տարբեր երկրներում Վահե Արսենի մասնակցությանը՝ միջազգային գրական փառատոներին:

Վերջին փառատոնը, որին մասնակցել է, Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում էր, փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Առաջին միջոցառումը բացվել է Վահե Արսենի ընթերցմամբ՝ Կարլսռուհեի մայր թատրոնում: «Արկածներով գնացի, գնացքից ուշացա, բայց երբ տեսան, որ հրավիրված եմ, գրող եմ, հրավերն էլ մայր թատրոնից է, խնդիր չեղավ: Գերմանացի աշխատակիցն ասաց, որ հարգում է գրողներին: Այլ երկրներում Հայաստանի պես չէ, որ արվեստը 10-րդ պլանում լինի, եւ նույնիսկ ամոթ լինի ներկայանալը որպես արվեստի ներկայացուցիչ, մտավորական, որովհետեւ ոչ բոլոր երկրների խորհրդարաններում կան անգրագետ մարդիկ: «Դրսում» գրող լինելը մեծ պատիվ է»,-փաստեց բանաստեղծը: Նա առանձնացրեց հատկապես Րաֆֆի Կանթյանի թարգմանությամբ իր ստեղծագործությունները եւ անձամբ Կանթյանին, որը Գերմանիայում ճանաչված ու հարգված մարդ է, հայ մշակույթի նվիրյալ: Ըստ Վահե Արսենի, նույնքան լավ է ընդունվել նաեւ Ֆինլանդիայի գրական փառատոնին: Վստահեցնում է՝ քանիցս խնդրել են հայերեն ընթերցել: «Ինձ շատ դուր է գալիս «դրսում» ընթերցումների ոչ պաշտոնական վիճակը, իսկ մեզ մոտ սովետականությունն այնքան խորն է նստած, որ պետք է դեռ հաղթահարենք: Մենք չունենք արվեստը լավ առումով վայելելու ավանդույթը, մեզ մոտ արվեստը սովետական ավանդույթով էժանացվել է մինչեւ սենտիմենտալի ամենապարզունակ ձեւը, երբ կանայք պետք է լսեն ու հուզվեն, լաց լինեն…»,-ափսոսում է նա:

Վահե Արսենը չի ընդունում այն լալկանությունը, թե ոմանք քիչ են թարգմանվում, որովհետեւ կապեր չունեն, ասում է՝ որոշ ստեղծագործողների մոտ դա վերածվել է չարության. «Դրսում անձնական կապեր գոյություն չունեն: Ինչքան ուզում ես կապեր ունեցիր, չեն հրավիրի քեզ, եթե գրածդ արվեստի հետ չի առնչվում»: Ի դեպ, Վահե Արսենի բանաստեղծությամբ դրոշակը դեռեւս ծածանվում է Ռոտերդամի ծովածոցում, որտեղ մասնակցել է աշխարհի ամենահին ու ամենամեծ գրական փառատոնին, ավելին՝ գիրքն էլ ճանաչվել է տարվա լավագույն բանաստեղծական ժողովածու: Իսկ Չինաստանում մեր զրուցակիցը մասնակցել է եւ փառատոնի, եւ գրական ծրագրի, ներկայացրել ոչ միայն հայ մշակույթը, այլեւ խոսել ազգային խնդիրներից ու Հայոց ցեղասպանությունից: Նաեւ զեկուցում է կարդացել՝ «Բռնության թեման՝ համաշխարհային գրականության մեջ» վերնագրով, որտեղ առանձնացրել է Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության թեման: Զարմացած է, որ Չինաստանի նման երկրում տեղյակ չէին, որ Եվրոպայի «քթի տակ» 1,5 մլն մարդ է զոհվել:

Մեր դիտարկմանը, որ այսօր կինոյում արվեստը տեղի է տվել համակարգչային էֆեկտների առաջ, թատրոնը՝ շոուի, կա նաեւ «ծյունինգավորման» պրոցես գրականության մեջ, Վահե Արսենը պատասխանեց. «Շատ ենք տեսնում «ծյունինգի» դեպքեր, երբ արվեստը փորձում է հարմարվել ժամանակին, բայց եթե շատ է հարմարվում, դադարում է արվեստ լինել: Մյուս կողմից էլ՝ այն չի կարող մնալ հին կաղապարների մեջ: Չնայած արվեստի ձեւը կարող է փոխվել, բայց միեւնույն է՝ ներքին լարը չի կարող փոխվել: Այն պետք է մարդու հոգեւոր աշխարհի հետ աշխատի, ոչ թե մնա պարզ բնազդների մակարդակում»:
Իսկ արվեստագետը կարո՞ղ է լինել, այսպես կոչված՝ «գլամուր», սնդուսափայլ միջավայրի մեջ, հնարավո՞ր է արվեստի արտադրանքի սպառողին, ընթերցողին գայթակղել, երբ արվեստագետին, գրողին տեսնի, ասենք՝ սիգարով, վիսկիով, ինչ-ինչ միջավայրերում: «Արվեստն ընդհանրապես մարդուն մեկուսացնում է, որպեսզի կյանքը տեսնես, հաճախ հեռանում ես: Սկզբում հնարավոր է, որ «գլամուրը» արվեստագետին ձգի, բայց եթե նա զարգանում է, դանդաղ մոտենում է ինքն իրեն՝ մարդը մոտենում է մարդուն, հետեւաբար չի ձգտում ինչ-որ բան ցույց տալ, այնպիսին է ներկայանում, ինչպիսին ինքն է: Այսօրվա «գլամուր» կոչվածը զուտ արտաքին փայլ է, էժանագին հնարք …Ցավոք, հիմա ընդունված է՝ երգիչները թենիս են խաղում, թենիս խաղացողները երգում են, պարողները սահում են… Ես չեմ հասկանում այդ ամենի իմաստը: Ամեն մարդ իր գործը պետք է լավ անի, թե չէ այդ տրամաբանությամբ՝ քիչ է մնում գրողները կույրաղիք վիրահատեն, վիրաբույժները կրկեսում աճպարարություն անեն, կրկեսի դերասանները սկսեն քաղաքականությամբ զբաղվել: Սա է «գլամուրային» դաշտը, իսկ լուրջ արվեստագետն այդ մակերեսում չի ցանկանա երեւալ»,-համոզված է Վահե Արսենը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031