Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկայացվեց կոմպոզիտոր, երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանի «Ակնա ժողովրդական երգաշար» գիրքը: Այն ներառում է 19-րդ դարի ակնեցի գիտնական Հովսեփ Ճանիկյանի գրառած երգերը, Կոմիտասի գրի առած «Ակնա ժողովրդական երգաշար»-ը: «Գրքի առաջին հավելվածը Կոմիտասյան երգաշարն է, որը նա գրառել է 1895թ.-ին՝ հայերեն նիշերով, իսկ երկրորդ հավելվածը փոխադրված է եվրոպական նոտագրության՝ 1931թ.՝ Սպրիդոն Մելիքյանի կողմից: Նա Կոմիտասի սաներից է եղել:
Կոնսերվատորիայում սովորելու առաջին տարիներին կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի հետ շփումների ընթացքում նա ինձ հանձնարարեց երգել Ակնա երգերը, որոնք սկսեցինք նաեւ խմբագրել եւ վերականգնել: Իր մահից հետո Կոնսերվատորիայում ունեցա հայ երգեցողության դասարան, եւ այդպես իմ սաների միջոցով սկսեցի երգել ու վերականգնել: Ակնան Եփրատի ափին գտնվող հայկական քաղաք է եղել, որը մի քանի անգամ հայաթափվել է»,-Aravot.am-ին պատմեց Արզաս Ոսկանյանը:
Ակնա երգաշարը 25 երգ է ներառում, որոնք ամբողջացվել եւ դարձել են 18-ը. «Կոմիտասը դրանք գրի է առել ակնեցի գիտնական Հովսեփ Ճանիկյանից: Նա իր գրքում շարադրել է նաեւ այդ երգերին առնչվող ծիսակարգերը»,-ասաց Արզաս Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ նշյալ երգերը կարելի է գտնել գրքին կից սկավառակում՝ Լուսինե Միրզախանյանի, Մարգարիտ Շահինյանի եւ իր իսկ կատարմամբ:
Հավելենք, որ Ոսկանյանը հավաքագրել ու մշակել է մոտ 2000 հայկական երգեր եւ մեղեդիներ, գրել է կոնցերտ՝ թառի եւ ժողովրդական նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր, քառաձայն Պատարագ…Կատարում է ժողովրդական եւ հոգեւոր երգեր:
Մանրամասներն` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ