Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հայցով նախնական նիստը:
«Պատվի և արժանապատվության մասին» հայցադիմումը այս տարվա հունվար ամսին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ նշված պաշտոնյաների կողմից Արգիշտի Կիվիրյանի դեմ հնչեցրած արտահայտություններին է վերաբերում:
Արգիշտի Կիվիրյանը վիրավորանք ու զրպարտություն է համարում իր հասցեին ուղղված սադրիչ, խառնակիչ արտահայտությունները, պահանջում հրապարակային ներողություն: Առայժմ բարոյական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:
Այսօր դատական կարճատեւ նիստի ժամանակ դատարանը բաշխեց ապացուցման բեռը: Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ բարձրաստիճան պաշտոնյաների այդ արտահայտությունները վիրավորանք ու զրպարտություն չեն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց եկող տարվա ապրիլին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ