Այսօր Գյումրու ավագանին միաձայն հաստատեց քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագիծը: Այն, ինչպես ներկայացրեց քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը, 3 միլիարդ 95 միլիոն 854 հազար դրամ է: Ըստ Լենա Ջիլավյանի, բյուջեի եկամուտներն ու ծախսերը համահավասար են: Նրա զեկուցմամբ, կառավարության կողմից նախատեսված դոտացիան՝ 1 մլրդ. 966մլ. 865 հազար դրամ է, սեփական եկամուտների գումարը համապատասխանաբար կկազմի 1 միլիարդ 129 միլիոն 94 հազար դրամ:
Նշենք, որ այս տարի Գյումրիին հատկացվող դոտացիան պակասել է 76 միլիոն դրամով, թեեւ քաղաքապետարանում հույս հայտնեցին, որ կառավարությունում կքննարկեն ու այլ դոտացիաներով կհատկացնեն այս գումարը, քանի որ գազի, էներգիայի, աշխատավարձերի ավելացումը կատարվում է դոտացիայի հաշվին, ոչ թե սեփական եկամուտների: Քաղաքի գլխավոր ֆինանսիստը հայտարարեց, որ ամանորյա ծախսերը կրճատել են. պլանավորած 11 միլիոն դրամ ծախսի փոխարեն կտեղավորվեն 6,5 միլիոն դրամի մեջ, իսկ 5 միլիոն դրամ կփոխանցեն «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին:
«Ռեստորանային միջոցառումներ չենք անելու»,- ասաց Լենա Ջիլավյանը, որպեսզի Գյումրու տնակներում բնակվող որեւէ անապահով ընտանիքի համար բնակարան գնեն: «Բարի գործ ենք անում, տաշի-տուշին հանում ենք, փոխում ենք ֆուրշետով, էլի կանենք Նոր Տարի, կշնորհավորենք մեկս մյուսիս, բայց ճոխ սեղանները փոխարինենք եւս մեկ բազմազավակ ընտանիքի համար բնակարան ձեռք բերելուն», -ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ