Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Իշխան Զաքարյանին. «Գործարարի ուղարկած գումարներով դուք տուն եք կառուցել ձեր համար»

Դեկտեմբեր 17,2015 19:15

«Ձեր գերատեսչությունը ՀՀ-ում կոռուպցիայի, չարաշահումների դեմ պայքարին միտված կարեւորագույն օղակներից մեկն է, եւ դուք էլ ձեր զեկույցներում բազմիցս նշում եք միջոցների վատնման, ոչ նպատակային օգտագործման մասին: Ես մի քանի տարի է՝ այս դահլիճում փորձում եմ հասկանալ ձեր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ծագումնաբանությունը: Դա կարեւոր է՝ ձեր գործունեության վստահելիության աստիճանը գնահատելու համար»,- այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին այսպիսի հարց ուղղեց՝ ՎՊ 2014-ի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2013-ին ԱԺ-ում այդպես էլ Իշխան Զաքարյանը չի տվել իր այդ հարցի պատասխանը՝ կապված իր առանձնատան ծագումնաբանության հետ, բայց մամուլում բացատրել է, որ առանձնատան գումարը տվել է իր ընկերը՝ հայտնի գործարար Ալբերտ Բոյաջյանը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Ալբերտ Բոյաջյանը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ ինքը այդ գումարները լիազորագրով տվել է Իշխան Զաքարյանին, որ նա տուն կառուցի հենց իր համար. «Ինքն է ասել, որ տվել եմ, որ Իշխան Զաքարյանն իմ համար պիտի անկյուն կառուցի: Արդյունքում ստացվում է, որ այդ մարդու ուղարկած գումարներով դուք տուն եք կառուցել ձեր համար: Սա ի՞նչ է նշանակում՝ մարդը ուրիշ նպատակներով ձեզ գումար է ուղարկել, դուք ուրի՞շ նպատակներով եք այն օգտագործել: Ալբերտ Բոյաջյանը ձեր գործունեության ընթացքում, որպես Սպորտի պետական կոմիտեի նախագահ, եղե՞լ է, որ ՀՀ-ում սպորտային ինչ-որ օբյեկտներ սեփականատեր դառնա»: Նա խնդրեց այս խճճված պատմությունը պարզաբանել՝ չկա՞ն այստեղ կոռուպցիոն ռիսկեր:

Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ Ալբերտ Բոյաջյանը մինչեւ իր հարցազրույցն է մամուլին հարցազրույց տվել եւ բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ տվել է. «Եթե անհրաժեշտություն կա, ես այդ ամբողջ հարցազրույցը կարող եմ տամ՝ նայեք: Ինչ ասել եմ ես 168 ժամին տված իմ հարցազրույցում, միանշանակ ճիշտ է ասված, որեւէ խնդիր դրանց հետ չկա կապված եւ որեւէ պրոբլեմ չկա: Ինքը հաճախակի լինում է Հայաստանում, եթե ցանկություն կա, ես կարող եմ կազմակերպել, ինքը այդ բոլորի մասին շատ ուղիղ խոսի, ասի»:

Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ Իշխան Զաքարյանը շարունակաբար խուսափում է իր հարցերին պատասխանել. «Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չի իմ հարցերին պատասխանել, դուք պարտավոր եք: Հիմա, եթե այն, ինչ գրված է այստեղ ճիշտ է, նշանակում է, որ մարդը ձեզ գումար է ուղարկել, որ իր համար տուն կառուցեք, դուք այդ գումարները նպատակային չեք ծախսել: Ուրիշ հարց կա, թե ինչու այդ մարդը չի բողոքում, որ դուք տուն եք կառուցեր ձեզ համար, արդյո՞ք այն պատճառով, որ Հայաստանում ինքը ձեր օգնությամբ որոշակի օբյեկտներ է սեփականաշնորհել»:

Իշխան Զաքարյանը հայտարարեց. «Ինքը, այո, Ծաղկաձորի Մարզահամալիրի մի մասը սեփականաշնորհել է: Մի մասը պետական է, մի մասը երիտասարդական հիմնադրամինն  է, մի մասը ինքն է սեփականաշնորհել: Իմիջիայլոց, սեփականաշնորհել է այն ժամանակ, երբ բավականին լուրջ գումարներ է դրել, ամբողջ ավիրված տնտեսությունը վերականգնել է, նոր դրանից հետո սեփականաշնորհել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031